Գյուրջուլուի իսլամական դամբարանը
Տեղադրությունը
Դամբարանը (նկ. 1, 2) գտնվում է օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գյուրջուլու գյուղի հարավային եզրին՝ երբեմնի Նովլու բնակավայրից եկող ճանապարհի աջ կողմում ծովի մակերևույթից 958 մետր բարձրության վրա (Կարապետյան 1999, 189), նախալեռնային գոտում:
Պատմական ակնարկ
Դամբարանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Դամբարանի վրա չկա և ոչ մի արձանագրություն՝ թեև մուտքի բարավորը կարծես նախատեսված լիներ արձանագրության համար: Առհասարակ, իսլամական դամբարաններից շատերն արձանագրություններ,չունեն ուստի տեղեկությունները թերի են ոչ միայն կառուցող ճարտարապետների, այլև պատվիրատուների մասին (Հովսեփյան 2025, 24-30): Հիմք ընդունելով դամբարանի ճարտարապետական, կառուցողական առանձնահատկությունները (ութանիստ ծավալ, վրանաձև ծածկ, ստորգետնյա թաղման խցի բացակայություն, պարզ տապանաքարեր, մուտքի սլաքաձև ձևավրում) այն բնորոշ է 15-17-րդ դարերի դամբարաններին, թեև ճարտարապետության տեսաբան Ա. Սալամզադեն այն թվագրում է 17-18-րդ դարերով (Саламзаде 1964, 37, 52-53):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Գյուրջուլուի դամբարանը կառուցված է սրբատաշ դեղնավուն քարով, կրաշաղախով: Դամբարանն՝ ի տարբերություն 13-14-րդ դարերի իսլամական դամբաարնների, չունի առանձին ստորգետնյա թաղման խուց, թաղումն արված է աղոթասրահում: Դամբարանն ունի ութանիստ ծավալ (նկ. 3, 4): Նիստերն ավարտվում են շթաքարային առանձին գոտիով, որն ապահովում է անցումը տասնվեցակող վեղարին (նկ. 5, Саламзаде 1964, 52-53): Խորաքանդակ շրջանակի մեջ վերցված ուղղանկյուն մուտքը բացվում է հյուսիսային նիստում (նկ. 6): Ներքուստ դամբարանն ունի կիսագնդաձև գմբեթ, որի կողպեքի քարը խաչաձև է: Դամբարանի ներսում՝ հարավային կողմում գտնվում է մեհրաբը: Դամբարանի շուրջը գտնվում են գերեզմանաքարեր, որոնք, չունեն արձանագրություններ, սակայն իրենց ընդհանուր տեսքը և ձևը նման է հայկական միջնադարյան տապանաքարերին (Կարապետյան 1999, 189): Դամբարանի ծածկի լիցքի մեջ տեղադրված են կճուճներ, կարասների բեկորներ (նկ. 7): Դամբարանն ունի մեկ լուսամուտ (նկ. 8):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Դամբարանն ունի գերազանդ պահպանություն և կարիք ունի միայն թեթև նորոգման՝ պայմանավորված երեսպատման որոշ քարերի բացակայությամբ (նկ. 9): Խորհրդային տարիներին շրջակա ադրբեջանական գյուղերի բնակիչները շինության վրա թողել են տասնյակ ադրբեջաներեն գրություններ, որոնք արված են ներկով և փորագրությամբ: Դամբարանն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:
Գրականություն
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
- Հովսեփյան 2025 - Հովսեփյան Ռ., Արցախի իսլամական հուշարձանները պատմաժամանակային համատեքստում, Հուշարձան, Երևան, հմր. 2, էջ 22-39:
- Саламзаде 1964 - Саламзаде А., Архитектура Азербайджана XVI-XIX веков, Баку.
Գյուրջուլուի իսլամական դամբարանը
Արցախ