Եղեգնուտի մատուռը

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի (Քարվաճառի շրջան) Եղեգնուտ գյուղից 0,6 կմ արևելք, մի գեղատեսիլ բլրի վրա (Կարապետյան 1999, 46): Այժմ օկուպացված է Արդրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

Եղեգնուտի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ Լև գետի հովտում, նրա աջ ափին գտնվող այս գյուղատեղին 19-20-րդ դարերում հայտնի էր Ղամշլի անունով: Գյուղի տարածքում գտնվող մի քանի տների պատերի մեջ ագուցված են եղել խաչքարերի բազմաթիվ բեկորներ, արձանագիր քարեր: Անանուն մատուռը գտնվում է հենց այս գյուղատեղիից ոչ հեռու (Կարապետյան, 1999, 46):

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Մատուռը միանավ սրահ է՝ ներքուստ կիսագլան թաղով և արտաքուստ՝ երկթեք ծածկով (նկ. 1): Թաղն ու ծածկը քանդված են: Արևելյան խորանն ուղղանկյուն է,  կառուցված է կոպտատաշ մեծ ու փոքր քարերից՝ կրաշաղախով (նկ. 2): Չափերն են 5,6X4,22 մետր:

նկ. 1 Մատուռի հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, 1999, էջ 46:

Մատուռը ներսից եղել է սվաղված: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Մատուռի պատերի մեջ ներառված են հին խաչքարեր, շատ քարերի վրա քանդակված են խաչեր (նկ. 3, 4, 5, 6): Ներսում է գտնվում երկխաչ հորինվածքով 10-11-րդ դարերի մի խաչքար, որը ժամանակին բերվել է մատուռի շրջակայքից (նկ. 7): Մատուռի արևմտյան պատի քարերից մեկի վրա պատկերված է խաչ և կա փոքրիկ արձանագրություն. «Ա(ստուա)ծ ող/որմի Գագ[իկին]» (նկ. 8), մեկ այլ փոքրիկ արձանագրություն էլ փաստված է հարավային ճակատի մի աալի վրա. «Գր(ի)գորի…/ի…ոյա ողո/րմի Ա(ստուա)ծ» (Կարապետյան 1999, 46-47): Հիմք ընդունելով մատուռի հորինվածքային և գեղարվեստական առանձնահատկությունները՝ Սամվել Կարապետյանն այն թվագրում է 13-14-րդ դարերով:

նկ. 4 Մատուռի խաչերից, լուս. Ռ. Հովսեփյանի։

նկ. 6 Մատուռի խաչերից, լուս. Ռ. Հովսեփյանի։

նկ. 8 Արձանագիր խաչը, լուս. Ռ. Հովսեփյանի։

նկ. 2 Մատուռի արևմտյան ճակատը, լուս. Ռ. Հովսեփյանի։

նկ. 3 Մատուռի խաչերից, լուս. Ռ. Հովսեփյանի։

նկ. 5 Մատուռի խաչերից, լուս. Ռ. Հովսեփյանի։

նկ. 7 Երկխաչ խաչքարը, լուս. Ռ. Հովսեփյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մատուռը և նրա շրջակայքը չեն տուժել արցախյան պատերազմների ժամանակ:

2020 թվականի նոյեմբերի վերջին՝ Շահումյանի շրջանն ադրբեջանական վերահսկողությանն անցնելուց հետո, հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ չեն վավերացվել:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
Եղեգնուտի մատուռը
Եղեգնուտի մատուռը
Եղեգնուտի մատուռը
Արցախ