Եղիշա կույսի անապատը
Տեղադրությունը
Եղիշա կույսի անապատը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին։ Վերջինս էլ Գյունե (արևելահայաց) և Ղուզե Ճարտար գյուղերի արանքում է «արձանացած» (ԴՀՎ 5, 161): Վանքի միակ՝ պահպանված եկեղեցու շուրջը սփռված է միջնադարյան գերեզմանոցը: Ժամանակին վանքի տարածքը պարսպապատված է եղել, որից որոշ տեղերում մնացել են շինարարական ավերակներ միայն (նկ․ 1)։ Գյուղը և համապատասխանաբար նրա տարածքում գտնվող բոլոր հուշարձաններն այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Պատմական ակնարկ
Մատենագրական տեղեկությունները վանքի մասին սուղ են, բայց տեղում պահպանված շինարարական ավերակներն ու ճարտարապետական մանրամասները (բազիլիկ կառույցի հիմնապատեր, IV-V դարերին բնորոշ խոյակներ, սյուների խարիսխներ, զարդաքանդակ բեկորներ) վկայում են վաղ միջնադարում այստեղ գործած մշակութային և պաշտամունքային կենտրոնի մասին։ Վանքը XII դարից եղել է նաև նշանավոր ուխտատեղի։ Հետագայում այն ավերվել է և XVII դարում վերակառուցվել (Բարխուտարեանց 1895, 116-117)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Վանքի միակ՝ պահպանված կառույցը եկեղեցին է, որ արձանագրություններում կոչվում է Եղիշա կույսի անապատ։ Շինարարական արձանագրության մեջ (արված եկեղեցու արևմտայն մուտքի բարավորի վրա) խոսվում է 1675 թ․ իրականացված վերակառուցման մասին․ «Կարօղութե[ամ]բն ամենազօ/րին Աստուծօյ ես նուաստ տ[է]ր Յոհան/՝ անձամբ տկար աբեղայս և որդէգ[ի]ր Փոքր տ[է]ր Յոհանս շինեցաք ս[ուր]բ եկ[ե]ղ[ե]ցիս ըստ անու/ան սրբուհոյ Կուսին Եղիշէի ի կաթուղիկոսութ[եա]ն տ[եառ]ն Եր/եմիայի և տանս Աղուանից, որ ի մայր աթոռոյն Գանձասարայ/. վ[ա]ս[ն] որոյ յիշել աղաչեմք հանդերձ ծնողովք մերովք :ՌՃԻԴ: (1675)» (ԴՀՎ 5, 162, նկ․ 2)։ Նույն ճակատի լուսամուտի վերնամասի արձանագրության մեջ էլ նշվում է « Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա մէկ բերան ողորմի ասէ․ խաչս յիշատակ է Գաբրելիս և ծնողաց իմոյ և դստերաց և որդոց իմոց » (Բարխուտարեանց 1895, 116, 117, նկ․ 3):
Եկեղեցին եռանավ բազիլիկի հորինվածք ունի, որտեղ կողային նավերը բավական նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը՝ լայն։ Խորանի արևելյան և արևմտյան պատերի մեջ կան մեկական պատրհաններ։ Կողային նավերն ավարտվում են ուղղանկյուն հատակագծով ավանդատներով։ Հատակագծային չափերն են՝ 15,95 x 9,70 մ։ Եկեղեցու միակ մուտքը բացված է արևմտյան պատի մեջ և զարդարված որմնասյուների վրա հանգչող կամարով (նկ․ 4)։ Բեմը լուսավորվում է արևելյան ճակատի մեջ բացված լուսամուտից։ Այս կողմից մեկական՝ սիմետրիկ լուսամուտներ ունեն նաև ավանդատները։ Աղոթասրահը լուսավորվում է երկայնական երկու՝ հարավային և հյուսիսային պատերի մեջ բացված լուսամուտների հաշվին (նկ․ 5)։
Եկեղեցին ունի ընդարձակ ինտերիեր և բավական բարձր (աղոթասրահի հատակից չորս աստիճան բարձրացված է) բեմ (նկ․ 6), որի տակ գտնվում է Եղիշա կույսի դամբարանը։ Աղոթասրահը թաղածածկ է, թաղակիր կամարները մի կողմից հենված են աղոթասրահի ներսում գտնվող մեկ զուգ սյուների և արևելյան ու արևմտյան պատերի պարզունակ տրամատով իմպոստների վրա (նկ․ 7)։ Ներսից եկեղեցին եղել է սվաղապատ, որը մասամբ պահպանվել է խորանում և ավանդատների պատերին։ Կտուրի վրա իբրև զանգակատուն ունեցել է փոքրիկ կաթողիկե, որն ավերվել է:
Եկեղեցին կառուցված է հիմնականում անտաշ որձաքարերով ամրացված կրաշաղախով։ Միայն կամարները, մույթերը, լուսամուտների և դռան եզրերը շարված են մաքուր տաշած քարերով (նկ․ 8)։ Պատերի մեջ օգտագործված են հին շինության բազմաթիվ քարեր, խաչքարեր, զարդաքանդակներ, արձանագրության մնացորրդներ, տապանաքարեր (նկ․ 9), որոնց վրա քանդակված են տնտեսական և կենցաղային ուշագրավ տեսարաններ (Մկրտչյան 1985, 154):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Խորհրդային շրջանում Եղիշա կույսի անապատը լքված և բարձիթող վիճակում էր։ Եկեղեցու ներքին տարածքը օգտագործվում էր տնտեսական նպատակներով։ Արցախի առաջին պատերազմից հետո եկեղեցու տանիքը վերանորոգվել է, մաքրվել է ներսը, բարեկարգվել շրջակայքը։ Ադրբեջանական օկուպացիայից հետո հուշարձանի հետ կապված տեղեկություններ հայտնի չեն։
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, «Արօր», Բագու:
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982։
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ., Երևան:
Մարտունու շրջան
Արցախ