Թալիշի հուշահամալիրը
Պատմական ակնարկ
Հուշահամալիրը կառուցվել է դեռևս 1968 թվականին կառուցված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքում (Բալայան 2020, 291), որպես գոյություն ունեցող համալիրի շարունակություն։ Հայրենական պատերազմին նվիրված հուշահամալիրը բաղկացած է եղել զինվորի քանդակից և հուշապատից։ 1992 թվականին Ադրբեջանական տիրապետության ժամանակ զինվորի արձանը տանկով տապալվել է, մնացել է միայն հուշապատը (նկ. 3)։ Թալիշի ազատագրումից հետո հուշապատի ձախ կողմում հուղարկավորվել են չորս ազատամարտիկներ։ Հետագայում բարերար, ծնունդով թալիշեցի Բորիս Սաղաթելյանի առաջարկով և ֆինանսավորմամբ հուշահամալիրին կցվել է նաև Ազատագրական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանախումբը՝ արծիվների քանդակը, Ազատագրական պատերազմի զոհերի նկարներով հուշապատը և խաչքարերը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2007 թվականին, իսկ հուշահամալիրի պաշտոնական բացումը իրականացվել է 2009 թվականի սեպտեմբերի 5-ին (նկ. 4)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Հուշահամալիրը կազմված է 3 մասից՝ կենտրոնում հակադեմ դիրքով և միմյանցից վահանով բաժանվող արծիվների քանդակներից, հուշապատերից և խաչքարերից (հուշահամալիրի երկարություն 48 մետր է, լայնություն՝ 38 մետր, տեղեկությունը ըստ ԼՂՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի, նկ. 5)։ Արծվաքանդակներից ձախ կառուցված պատի վրա (հուշապատը գոյություն է ունեցել մինչև հուշահամալիրի կառուցումը) փորագրված են Հայրենական պատերազմում զոհված թալիշեցիների անունները, իսկ աջ կողմում Ազատագրական պատերազմում զոհված թալիշեցիների նկարները և անունները։ Ավելի ձախ տեղադրված է 1992 թվականին Թալիշի բնակիչների բռնատեղահանման ընթացքում սպանված 24 զոհերի անունները կրող խաչքարախումբը (նկ. 6)։ Ամբողջ հուշահամալիրը երեսպատված է տուֆի սալիկներով։
Քառօրյա պատերազմից հետո Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2017 թվականին հուշահամալիրի մուտքի երկու կողմերում տեղադրվում է երկու հուշարձան-խաչքար՝ մեկը նվիրված Քառօրյա պատերազմի զոհերին, մյուսը Թալիշի «վերածննդին» (աշխատանքների հեղինակը խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն է, նկ. 7, 8)։ «Վերածնունդ» հուշարձանի տեղադրությունից հետո հուշահամալիրը ստացել է «Վրածնված Թալիշ» անվանումը։
Վիճակը պատերազմի ընթացքում և հետո
Հուշահամալիրը 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայից հետո՝ ավերվել է, իսկ հետագայում հիմնահատակ ոչնչացվել (մանրամասն տես՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի ավերումը)։
Գրականություն
- Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
Մարտակերտի շրջան
Արցախ