Թաքյաղայա գյուղի եկեղեցին

Տեղադրությունը

Գտնվում է Արցախի Մռավի լեռների հարավային լանջերին, Տրտու գետի Լև վտակի հովտում։ 19-րդ դարում այստեղ հաստատված թաթարական այրումների ցեղի կողմից Թաքյաղայա (այծի ժայռ) անվանված գյուղատեղում: Հուշարձանի վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ մեզ չեն հասել։ Հայտնի է, որ այս գյուղը, ինչպես և հարևան գյուղերը Դադիվանքին հարկատու էր մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Գյուղատեղիի տարածքում` գետի ձախ ափին, բլրի վրա, առանձնացած մի ժայռի մոտ կանգուն  է մի փոքրիկ եկեղեցի (նկ․ 1) և շուրջը խաչքարերով գերեզմանոց։ Եկեղեցին գտնվում է ծովի մակերևույթից 1601 մետր բարձրության վրա:

 

Նկ․ 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից, լուս․ Ս․Դանիելյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Թաքյաղայայի եկեղեցին  միանավ թաղակապ շինություն է (թաղը չի պահպանվել), 7,46x5,58 մետր արտաքին չափերով։ Հատակագիծն ուղղանկյունաձև է (նկ․ 2),  սակայն  ասիմետրիկ սեղանաձև կառուցվածք ունի։ 

 

Նկ․ 2 Եկեղեցու հատակագիծը՝ Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 33։

Եկեղեցին կառուցված է անմշակ և կիսամշակ քարերով, կրաշաղախով: Կառուցման համար որպես շինաքարի հանքահումք է հանդիսացել հենց եկեղեցուն կից ժայռը։ Արտաքին չափերն են՝ 7,46x5,58 մետր: Պատերը սովորականից ավելի հաստ են (արևմտյան ճակատում՝ 117 սմ): Կարևոր առանձնահատկությունն է ուղղանկյունաձև խորանը: Լուսավորության նպատակով արևելյան ճակատից բացված են դեպի ներս լայնացող զույգ լուսամուտներ։ Ուշագրավ է հատկապես բարավորին քանդակված խաչային հորինվածքը (նկ․ 3), որը հայ միջնադարյան քանդակային արվեստի կատարյալ նմուշ է:

Նկ․ 3․ Մուտքի բարավորը, լուս․ Ս․Դանիելյանի։

Թեև եկեղեցու որմերի պահպանված հատվածներին որևէ արձանագրություն չկա, այնուամենայնիվ խաչաքանդակների ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունները բնորոշ են 13-14-րդ դարերին: Կառույցի հյուսիսային կողմում պահպանված մի գեղաքանդակ ու արձանագիր խաչքարի բեկոր (նկ․ 4), որի հիմնախաչը ճշտորեն կրկնում է եկեղեցու բարավորին քանդակված խաչի մոտիվները և առիթ տալիս կարծելու, որ այդ խաչքարը նույն վարպետի աշխատանքն է: Խաչքարերի են վերածված նաև եկեղեցու արևմտյան պատի մեջ  (նկ․ 5) արտաքուստ ներդրված խոշոր բլոկները: Եկեղեցու շուրջը, ժայռերի վրա ևս կան խաչաքանդակներ։

 

Նկ 4 Արձանագիր խաչքար, լուս․ Ս․Դանիելյանի։

Նկ․ 5 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս․ Ս․Դանիելյանի։

Գերեզմանոցը ժամանակի ընթացքում ավերել ու քարերը որպես շինաքար հափշտակել են տեղում հաստատված մահմեդական վերաբնակիչները (այրումներ), սակայն  շրջանի 1993 թվականի ազատագրումից հետո դեռևս տեղում  էին 5-6 խաչքարեր, որից մեկը (նկ․ 4) կրում էր արձանագրություն`  «Կանկնե[ա]լ կառո[ւ]ցաւ ս[ուր]բ նշ/ան ի բար/էխաւսութ/ի[ւն]/ Անայ/ին, որք եր/[կիրպագանէք յաղաւթ]/|ս յիշե/ցէք, ի թուին : Չ․․» : (1251-1350), Կարապետյան 2019, 279)։

Նկ․ 6 Եկեղեցու ներսույթը, տեսքը դեպի արևմուտք, լուս․ Ս․Դանիելյանի։

Նկ․ 7 Եկեղեցու ներսույթը, տեսքը դեպի արևելք, լուս․ Ս․Դանիելյանի։։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ, ռազմական գործողություններից եկեղեցին չի տուժել։ Տարածքը մաքրվել է, դրվել է ծածկ: 

Գրականություն

1 Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999:

2 Կարապետյան 2019 - Կարապետյան Ս., Մռավականք, Երևան:   

Թաքյաղայա գյուղի եկեղեցին
Թաքյաղայա գյուղի եկեղեցի
Թաքյաղայա գյուղի եկեղեցի
Արցախ