Լալազարի կամուրջը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (նկ. 1, 2): Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 111-112, նկ. 152-154:

նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 111-112, նկ. 152-154:

Պատմական ակնարկ

Համաձայն արձանագրության` այն կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900-1902 թվականներին նորոգել է որդին` Սիմեօնը։

Արձանագրության մեջ ասվում է. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը, Սիմէօն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա» («Մշակ», 1902, № 161, էջ 2, տես`Կարապետյան 2009, 110)։

Կամրջի կառուցման և վերանորոգման տարեթվերը, որոնք նշմարվում են շինարարական արձանագրության մեջ, դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից միտումնավոր կերպով քերվել են ( նկ. 3)։

նկ. 3 Կամրջի վնասված արձանագրությունը, լուս.՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 113, նկ. 157:

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Կամուրջը երկթռիչք է. թռիչքներն ունեն համապատասխանաբար 13,84 և 12,66 մետր երկարություն, անցուղու լայնությունը 4,31 մետր է (նկ. 4)։ Կառուցված է կոպտատաշ կրաքարից, սակայն եզրաքարերը սրբատաշ են։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը կանգուն էր, ամբողջական և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:

նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 135, նկ. 38:

Գրականություն

Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:

Լալազարի կամուրջը
Լալազարի կամուրջը
Քաշաթաղի շրջան
Արցախ