Խնապատի Երեշենի մատուռը
Տեղադրությունը
Երեշենի մատուռը (նկ. 1) գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Խնապատ գյուղի վարչական տարածքում՝ բուն գյուղից 2 կմ հարավ-արևմուտք (Սարգսյան 2006, 21):
Պատմական ակնարկ
Շինարարական արձանագրության համաձայն՝ մատուռը կառուցվել է 1224 թվականին Դավիթ երեցի և նրա որդու՝ Գրիգորի կողմից: Եկեղեցու կառուցման արձանագրությունը տալիս է Ս. Սարգսյանը. «Ես Տավիթ երաց եւ մին որտի ի/մ Գրիգոր երաց շինեցաք զեկեղեցին բարեխաւս հոգոյ իմոյ /յորք կարդայք ի յաղաւթս յ(ի)շեցեք- ՔՍ զհիշե(ս)ջ(ի)ք իւր արքայութիւն /ՈՀԳ/ (1224)» (Սարգսյան 2006, 22): Մատուռի ավերակները 19-րդ դարում նկարագրում է նաև Մակար Բարխուդարյանցը. «Գիւղիս հանգստարանում կայ մի հին քարուկիր մատուռ» (Բարխուտարեանց 1895, 166):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մատուռը կառուցված է եղել կոպտատաշ մանր ու միջին քարերով և կրաշաղախով: Այն ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահ է՝ արևելյան ուղղանկյուն աբսիդով և միակ արևմտյան մուտքով: Արևմտյան ճակատի տարբեր հատվածներում ագուցված են խաչքարեր և խաչային հորինվածքներով սալեր (նկ. 2):
Մուտքի երկու կողմերում դրված են 13-րդ դարին բնորոշ խաչքարեր, որոնք գտնվել են եկեղեցու պեղման-մաքրման աշխատանքների ժամանակ (նկ. 3, 4), որ իրականացրել է Սլավա Սարգսյանը: Խաչքարերից մեկից պահպանվել է միայն ներքնամասը՝ պատկերաքանդակով և արձնագրությամբ: Վերջինս հայտնում է. «… թվ ՈՂԴ (1245) ես Գրիգոր երեց որդի Դաւիթ իրիցո կանգնեցի զխաչս բարեխաւս հոգոյի իմոյ» (Սարգսյան 2006, 22): Պատկերաքանդակը (նկ. 5) ներկայացնում է գինու ծիսական ըմպման տեսարան. գահավորակին բազմած Գրիգորին մատռվակը կարասից գավաթով գինի է մատուցում:
Մի այլ խաչքարի հորինվածքը ներկայացնում է «խաչի սպասման» թեման (նկ. 6). կենտրոնական խաչից աջ և ձախ պատկերված ֆիգուրները մի ձեռքով բռնել են խաչը, իսկ մյուս ձեռքը պարզել դեպի վեր: Նման թեմատիկ պատկերագրությունը լայնորեն տարածված էր Արցախի 12-13-րդ դարի խաչքարային մշակույթում (Պետրոսյան, Երանյան 2022, 39-41): Եկեղեցու արևմտյան և հարավային կողմում գտնվում է տապանաբակը (նկ. 7, 8): Տապանաքարերի մի մասը արձանագիր են (Սարգսյան 2006, 23): Ընդ որում երկուսի վրա առկա է թվականը՝ 1339: Արձանագրությունների վերծանությունը և համառոտ քննությունը տալիս է Ս. Սարգսյանը (Սարգսյան 2006, 23):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Երեշենի մատուռը վերականգնվել է 2002-2003 թվականներին՝ ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի նախագծով (նկ. 9, 10): Ցավոք, մատուռի վերականգնման ժամանակ օգտագործվել է ցեմենտ և ժամանակակից այլ շինանյութեր:
Կառույցը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չի տուժել: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տարածքն օկուպացված է, իսկ մատուռի ճակատագիրն անհայտ:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- Սարգսյան 2006 - Սարգսյան Ս., Խնապատ, Երևան:
- Պետրոսյան, Երանյան 2022 - Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան:
Ասկերանի շրջան
Արցախ