Կաչաղակաբերդ ամրոցը
Տեղադրությունը
Ամրոցը գտնվում է Պտրեցիք և Քոլատակ գյուղերի միջև: Գտնվելով լեռան ժայռե գագաթին՝ ամրոցակիր ժայռը նկատելի է Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհից: Ամրոցը գտնվում է 1500 մետր բարձրության վրա (նկ. 1):
Պատմական ակնարկ
Բերդը հետազոտված չէ, տեղեկություններ չկան բերդի հիմնադրման, կառուցման մասին: Տարբեր կարծիքներ կան նաև բերդի անվան մասին: Այսպես, Բ. Ուլուբաբյանը Կաչաղակաբերդը նույնացրել է պատմիչների կողմից հիշատակվող Հավքախաղաց բերդի հետ (Ուլուբաբյան 1975, 136-137): Բերդի ներկայիս՝ Կաչաղակաբերդ անվանումը կապվում է ժողովրդական ավանդազրույցի հետ: Մ. Բարխուդարյանց բերդը հիշատակում է Կաչաղակաբերդ անվամբ՝ չտալով որևիցե այլ անվանում (Բարխուտարեանց 1895, 1999): Ս. Սարգսյանը, ով առանձին հոդված ունի Կաչաղակաբերդի մասին, կարծում է, որ վերջինս պատմիչների կողմից 9-րդ դարում հիշատակված Խաչենի ամրոցն է (Սարգսյան 1990, 41-44): Կարծում ենք ավելի հիմնավոր է Ա. Հակոբյանի կարծիքը, ով Կաչաղակաբերդը նույնացնում է աղբյուրներում հիշատակվող Հավքախաղաց և ժողովրդական Սաղսաղան անվանումների հետ (Հակոբյան 2020, 301-302):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Բերդը գտնվում է լեռան ժայռե գագաթին (նկ. 2): Լեռնագագաթը բոլոր կողմերից շրջապատված է բարձր, մինչև 150 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, միայն հարավ-արևմտյան կողմից է հնարավոր մոտենալ բերդին, այն էլ՝ վերջին հատվածը մեծ ջանքեր է պահանջում, քանզի այդտեղ հասնելու համար պետք է մագլցել ժայռը: Բերդի մուտքը չի պահպանվել: Քանի որ հարավային կողմում ժայռերը բարձր չեն և ոչ այդքան ուղղաձիգ, ապա այդտեղ լրացուցիչ ամրացումներ են կատարվել:
Բերդից շատ քիչ կառույցներ են պահպանվել՝ հիմնականում տեղ-տեղ պահպանված պարսպի մնացորդներն են, որոնք կառուցված են կիսամշակ, անմշակ միջին ու փոքր քարերով, կրաշաղախով: Ամրոցի հարավ-արևելյան կողմից մինչև հյուսիս-արևելյան կողմն ընկած հատվածը փակված է մինչև 40 մետր երկարությամբ աշտարակավոր պարսպով (նկ. 3-5): Պարիսպների մանրաքար կրաշաղախ շարվածքն ու կլոր աշտարակի առաջեկ դիրքը շատ ավելի հուշում են 12-13-րդ դարերը: Բերդի տարածքում երևում են կացարանների մնացորդներ: Սրանց մի մասը հողի տակ է: Ժայռը, որի վրա գտնվում է ամրոցը, ունի 150-160 մետր երկարություն, 75 մետր լայնություն: Ներկայումս պարիսպները պահպանված են մինչև 1,70 մետր բարձրությամբ, պարիսպների հաստությունը կազմում է ավելի քան մեկ մետր (Սարգսյան 1990, 46-47, Մկրտչյան 1985, 25):
Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցված են անձրևաջրերով:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Բերդի տարածքը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- Հակոբյան 2020 - Հակոբյան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղվանքում և Հայոց Արևելից կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար, Երևան, ՀՀ ԳԱ հրատ.:
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան:
- Սարգսյան 1990 - Սարգսյան Ս., Կաչաղակաբերդ, Երևան, Լրաբեր հասարակական գիտությունների, 1990, թիվ 1, էջ 41-48:
- Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան:
Պտրեցիք և Քոլատակ գյուղերի միջև
Արցախ