Կիչանի խաչքարադաշտը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից հարավ-արևմուտք, Խաչենագետի ձախ ափին, Հյուսիս-հարավ ճանապարհի եզրին: Գերեզմանոցը տեղադրված է երկայնակի ձգվող ձվաձև բարձունքի արևմտյան լանջին, երևում է հեռվից և ձևավորում է տարածքի մշակութային լանդշաֆտը (նկ. 1, 2): Բոլոր կոթողները պատրաստված են տեղական կրաքարից, ինչը սպիտակ տեսք է հաղորդում ողջ խաչքարադաշտին: Այն զբաղեցնում է շուրջ 1 հա տարածք: Վերաբերում է հիմնականում 12-13-րդ դարերին, թեև կան նաև ավելի վաղ օրինակներ:
Օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Իմաստային-պատկերագրական-արձանագրական քննություն
Արցախի խաչքարերը խաչքարային մշակույթի անկապտելի մասն են կազմում: Վանքերում, գյուղատեղիներում, հին գերեզմանոցներում, ճանապարհների խաչմերուկներում, աղբյուրների մոտ, բարձունքների վրա և այլուր պահպանված հազարավոր խաչքարերը մեր լեռնաշխարհի հայկականության ամենավառ վկայություններից են:
Դրանք երևան են բերում դավանական լիակատար նույնականություն հայ խաչքարային ողջ մշակույթի հետ: Ասվածի լավագույն վկայություններն են Արցախի խաչքարերի` Հայաստանի այլ տարածքների խաչքարերի հետ նույնացող գործառույթները, քանդակային հորինվածքի սկզբունքորեն նույն կառուցվածքային լուծումները, համանման քրիստոնեական-կանոնիկ պատկերագրական թեմաներն ու կերպարները, նույն կառուցվածքը, անվանաբանությունն ու իմաստաբանությունն ունեցող հայերեն հարյուրավոր արձանագրությունները: Արցախի խաչքարերը վկայում են, որ խաչքարակերտման գործընթացի նկատմամբ այստեղ եղել է եկեղեցական-կանոնիկ վերահսկողության ավելի թույլ աստիճան, ինչը պայմանավորել է ժողովրդական պատկերացումների ավելի ընդարձակ դրսևորումներ: Տեղական բուսաշխարհը, մահկանացուներին ներկայացնող զանազան քանդակային թեմաներն ու կերպարները առանձնահատուկ հմայք են հաղորդում Արցախի խաչքարային մշակույթին, այն դարձնում տարազը, ռազմարվեստը, ընտանեկան հարաբերությունները, զանազան ծեսերն ու հավատալիքներն արտացոլող հարուստ ու եզակի պատկերասրահ (մանրամասն տե՛ս Պետրոսյան, Երանյան 2022, 23-48):
Կիչանի խաչքարային դաշտն Արցախի շարքային խաչքարերի հաջողված դրսևորումներից մեկն է: Արցախում նման խաչքարադաշտերը շատ են, բայց, որպես կանոն, սալերն ընկած են, մամռակալած, պատված թփերով ու մացառով: Կիչանը եզակիներից մեկն է, որ Արցախի մշակութապահպան կազմակերպությունների կողմից մաքրվել է, խաչքարերը կանգնեցվել են և ստացել նախնական մոտավոր դիրքը (նկ. 3): 10-13-րդ դարերին պատկանող ավելի քան քսան խաչքարերը երևան են բերում այդ մշակույթի համայնական դրսևորումները, վկայում այստեղ այդ ժամանակներում ընդարձակ և բարեկեցիկ բնակավայրի գոյության մասին: Առանձին խաչքարերի յուրօրինակ հմայք են հաղորդում եզակի հանդիպող նռան քանդակները, թռչնապատկերները, երկրաչափական բազմահյուս ու ճկուն քանդակները, հիշատակային արձանագրությունները:
Խաչքարադաշտի հնագույն կոթողն անտիկ մի խարիսխ է (նկ. 4), որը բերվել է գերեզմանոց, բարձակի մեջ խաչքարի ելուստի համար փորվել է ուղղանկյուն փոսորակ և վերածվել պատվանդանի:
Գերեզմանոցի 10-11-րդ դարերի մի քանի օրինակներ (նկ. 5-7) աչքի են ընկնում բավականին պարզ պատկերագրությամբ, երբ ելնդավոր խաչերն ավարտվում են երկբլթակ թևերով, իսկ քանդակն իրականացված է ետնախորքի հեռացման ու/կամ խոր ակոսների օգնությամբ:
12-13-րդ դարերի խաչքարերն առանձնանում են համեմատաբար ավելի հարուստ մանրամասներով՝ եզրագոտի, քանդակային քիվ, խաչին ուղեկցող թռչնազարդեր և բուսական հավելումներ, ինչքը «դրախտային» իմաստ է հաղորդում խաչի օգնությամբ սպասվելիք փրկությանը (նկ. 8-13):
Մոռացված չեն նաև արձանագրությունները: Խաչքարերից մեկի վրա, որը խաչքարադաշտի ամենզարդարուն կոթողն է (նկ. 11, 14), հորինվածքից ներքև փորագրված է. «Թւ[ի]ն: ՈԽԸ: (1199), ես Իշխան կ/անգեցի զխաչս ի տա/պանի հաւր իմոյ Վարհա/մ[ա]: Յաղաւթս [յիշ]էք» (հրապարակվում է առաջին անգամ): Նկատենք, որ Իշխան անձնանունը հասկանալի է միայն հայերեն (Արցախի խաչքարային արձանագրություններում հայերեն անձնանունների մասին տե՛ս Պետրոսյան, Երանյան 2022, 44-45), իսկ Վահրամ-Վարհամը սիրված անուն էր Խաչենի մի շարք իշխանական տներում:
Երկրորդ արձանագրությունը պահպանվել է մի բեկորային խաչքարի աջ կողին (նկ. 15), որի հորինվածքից միայն կենտրոնական խաչի հորիզոնական աջ թևի եռաբողբոջ երկելուստն է տեսանելի: Արձանագրությունը հողմահարված է, որոշ հատվածներ դժվար ընթեռնելի: Այն հայտնում է. «Ես Սահլ/ուն որդի Ճ/արին կանգ/եցի զխ/աչս … /իմոյ: Որք/ երկիր/[պագանէք] /[յա]ղաւթս յ/իշեցէք :ՈՁ»: (1231)» (հրապարակվում է առաջին անգամ): Սահլուն անունը վկայված է նաև Առաջաձորի 1257 թվականի մի ուշագրավ արձանագրության մեջ, ուր Սահլունը ներկայանում է որպես մոնղոլական զորքերի կազմում հեռավոր ռազմական արշավանքների մասնակից զորական (մանրամասն տե՛ս Петросян 1991, Պետրոսյան 2023, 205-206): Առաջաձորն ու Կիչանը շատ մոտ են իրար, ինչպես տեսնում ենք իրար մոտ են նաև արձանագրությունների տարեթվերը: Թերևս երկու դեպքում էլ խոսք է գնում նույն անձնավորության մասին: Եթե հայերի մեջ այդ ժամանակ Ճար անձնանունը Դեղ անձնավան բարբառային մի տարբերակն է (Աճառյան 1946, 158), ապա պակաս հավանական չէ, որ Սահլունն էլ Սահլ անվան փաղաքշական տարբերակն է և վկայում է 9-րդ դարի առաջին կեսի արցախահայ հայտնի քաղաքական ու ռազմական գործիչ Սահլ (Սահակ) Սմբատյանի անվան կիրառման երկարակեցության մասին:
Վիճակն արցախյան պատերազմների ժամանակ և հետո:
Արցախյան պատերազմների ժամանակ հուշարձանը չի տուժել: Ադրբեջանական օկուպացիայից հետո խաչքարադաշտի մասին տեղեկություններ չկան:
Գրականություն
- Աճառյան 1946 - Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. 3, Երևան, ԵՊՀ հրատ.:
- Պետրոսյան, Երանյան 2022 - Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան, Անտարես:
- Պետրոսյան 2023 - Պետրոսյան Հ., Ինչպես հաղթել։ Կռվի թեման և ռազմիկի կերպարն Արցախի խաչքարային պատկերաքանդակում, Պատմություն և մշակույթ, թիվ 1 (19), էջ 200-212:
- Петросян 1991 - Петросян Г., Новонайденный хачкар из Арачадзора, Вестник общественных наук АН Армении, N 4, с. 147-152.
Մարտակերտի շրջան
Արցախ