Կղարծի գյուղի Սուրբ Լուսավորիչ եկեղեցին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կղարծի գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ մի բարձունքի վրա, որ ավանդականորեն կոչվում է Լուսավորչի վանք (նկ. 1)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Կղարծիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված են 18 հուշարձան՝ «Թարգմանչանց վանք» եկեղեցին, «Մատթէի մատուռ» սրբատեղին (տե՛ս Կաղարծիի Սուրբ Մատթէ սրբատեղին - Monument Watch), 13 խաչքար, մ․ թ․ ա․ 2-1-ին հազարամյակի «Կարմիր քերծ» դամբարանադաշտը, «Լուսավորիչ» գերեզմանոց և «Լուսավորիչ» եկեղեցին։
Լուսավորիչ եկեղեցու մասին տեղեկությունները սակավաթիվ են։ Այն առաջին անգամ հիշատակում է Մ․ Բարխուդարյանցը։ Բնաութագրելով «Սուրբ Լուսավորիչ» եկեղեցին՝ նա գրում է․ «Ծառեխի սարի շարունակութեան վերջի ծայրին մօտ՝ բարձր սեռի վերայ շինուած է կաթնագոյն անտաշ քարով մի փոքր և հին եկեղեցի, որ ուխտատեղի է։ Աւանդաբար ասում են թե Սուրբ Գրիգորիս Աղուանից Ա․ կաթուղիկոսն հիմնարկել տուած է յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Դարերի ընթացքում քանիցս նորոգուած է» (Բարխուտարեանց 1895, 111)։
Վ․ Բալայանը ներկայացնելով Կղարծի գյուղի պատմա-ճարտարապետական հուշարձանները՝ նշում է․ «Համայնքի պատմամշակութային նշանակության հուշարձաններն են՝ Լուսավորիչ մատուռը (17-18-րդ դարեր)․․․Կաղարծիի ազգաբնակչության մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն Լուսավորչի մատուռում ամփոփված է Գրիգոր Լուսավորչի ցուցամատը» (Բալայան 2020, 439)։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին`2023 թվականի մարտի 25-ին, առաջին անգամ մատուռում մատուցվել է պատարագ (https://artsakhdiocese.am/contacts):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով փոքր թաղակապ սրահ է, ունի երեք լուսամուտ։ Ըստ շինարարական արձանագրության կառուցվել է 1811 թվականին. «Թվին :ՌՄԿ: (1811)/ շինեցաւ ս[ուր]բ Լուս/աորչին եկեղեցի/ կղարծեցի Պաղի քօխի/ որդի Միժլում: Հրաժարեցա իմ/ կողակից Նազլուիցն, որոյ յի/շատակն ... լիցի» (նկ․ 2). Կարելի է հասկանալ, որ եկեղեցին կառուցվել է ի հիշատակ Մեժլումի հանգուցյալ կնոջ: Կառուցված է սև ավազաքարով և շրջակայքում հավաքված խաչքարերով ու տապանաքարերով (նկ․ 3, 4)։ Մուտքն արևմուտքից է (նկ․ 5)։ Շրջակայքում տարածվում է գերեզմանոցը, գյուղատեղին և տարբեր ժամանակների մի շարք խաչքարեր (նկ․ 6, 7)։ Եկեղեցու պատերին ընդելուզված տապանաքարերը կրաքարից և բնորոշ են 17-18-րդ դարերին: Հատկապես ուշագրավ են դրանց պատկերաքանդակները, որոնք ներկայացնում են հերկի տեսարան և «ընտանեկան դիմանկարներ» (նկ. 8-10):
Գյուղատեղին տարածվում է եկեղեցուց հյուսիս, մասամբ՝ հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է մոտ 2,5 հա տարածք։ Տնատեղերն ու փոսորակները շրջապատված են ծառերով, մացառուտներով։ Գերեզմանոցը, որի ստորին՝ հարավ-արևմտյան կողմում կա մեկ դամբարան, զբաղեցնում է 0,5 հա տարածություն (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Բարխուտառեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Բալայան 2020 - Բալայան Վ․, Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
- (https://artsakhdiocese.am/contacts) - (https://artsakhdiocese.am/contacts, «Սպասված պատարագ Ս․ Գրիգոր Լուսավորիչ մատուռում», Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ։
Մարտունու շրջան
Արցախ