Ղարղաբազար. իջևանատունը և մզկիթը

Տեղադրությունը

Իջևանատունը և մզկիթը գտնվում են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, իսկ խորհրդային տարիներին ընդգրկված էին Ադրբեջանի ԽՍՀ Ֆիզուլիի շրջանի Ղարղաբազար գյուղի մեջ: 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով տարածքը, որտեղ գտնվում է հուշարձանախումբը, անցել է ադրբեջանական վերահսկողությանը:

Պատմական ակնարկ

Հուշարձանախմբի մասին պատմական տեղեկությունները բավականին սուղ են: Համարվում է, որ իջևանատունը կառուցվել է 17-րդ դարում (Усейнов 1963, 291): Մզկիթը, որը գտնվում է բլրի գագաթին, համաձայն մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է հաջի Գիաս ադ-Դինի կողմից 1683/1684 թվականին (КЭПА 2011, 96-97 ):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Իջևանատունը գտնվում է գյուղի կենտրոնում բարձրացող բլրի արևմտյան լանջին: Այն կառուցելիս հաշվի են առել տեղանքի բնույթը՝ ռելիեֆը թողնված է անփոփոխ և կառույցները հարմարեցված են նրան (նկ. 1): Հատակագծում քարավանատան շինությունը ուղղանկյուն է, կենտրոնում գտնվում է ներքին բակը, որի շուրջն էլ ձևավորված է համալիրը իր տարաբնույթ նշանակության շինություններով (նկ. 2): Այսպիսի հատակագծումը, որտեղ կենտրոնական դեր է խաղում ներքին բակը, բավականին տարածված էր տարածաշրջանի իջևանատներում: Հայաստանում բակավոր քարավանատներից են Ներքին Թալինի և նախկին Աթարբեկյան գյուղի (ներկայիս Հրազդան քաղաք) քարավանատները, այդպիսին էր մայրաքաղաք Անիի քարավանատունը և այլն (Հարությունյան 1992, 342, 346-348): Ադրբեջանի ճարտարապետության պատմությանը նվիրված աշխատանքներում ուղղանկյուն հատակագծով, ներքին բակով նման քարավանատները բաժանվում են երկու տեսակի՝ քաղաքային և ճանապարհային, իսկ Ղարղաբազարինը դասվում է ճանապարհային քարավանատների տեսակին (Саламзаде 1964, 63-67):

նկ. 1 Իջևանատան ընդհանուր տեսքը, լուս. Ս. Դանիելյանի:

Քարավանատան մուտքից (նկ. 3, 4) աջ ու ձախ գտնվում են երկու երկար, թաղակապ դահլիճներ, որոնք նախատեսված էին կենդանիների համար (Бретаницкий 1966, 279): Այս դահլիճները կիսագետնափոր են, թաղակապ, ունեն ախոռներ, բուխարիներ: Եռակամար նախասրահի կամարները (նկ. 5) պայտաձև են և իրենց ուղղակի զուգահեռները ունեն միջնադարյան Արցախի ճարտարապետության մեջ (Մեծարանից վանք, Կոշիկ անապատ): Նախասրահի ետևում գտնվում է մի ընդարձակ սրահ, որի կողքին տեղակայված են միանավ թաղակապ դահլիճներ: Կենտրոնական սրահը և թաղակապ դալիճները ամբողջությամբ գտնվում են բլրի մեջ և արտաքուստ չեն էլ երևում. հուշարձանին մոտենալիս կարելի է տեսնել միայն եռակամար սրահը և նրան կից դահլիճների արտաքին պատերը (Մկրտչյան 1985,138): Շինությունների մեծ մասն արտաքուստ է կառուցված է անտաշ քարերով, հյուրասենյակները, սրահն երն ու շքամուտքը՝  սրբատաշով: Նախասրահի կենտրոնական կամարի սյան վրա կա անվարժ ձեռքով գրված հայերեն հիշատակագրություն. «Ես Ջլի Վարդս եկի թվին :ՌՃԼ: 1681…» (ԴՀՎ 1982, 191):

 

նկ. 5 Եռակամար նախասրահը, լուս. Ս. Դանիելյանի։

նկ. 6 Մզկիթի հատակագիծը և կտրվածքը, Саламзаде А., Архитектура Азербайджана XVI-XIX вв. գրքից, էջ 39։

նկ. 8 Մզկիթի հարավային ճակատը, լուս. Ս. Դանիելյանի։

նկ. 9 Մզկիթը միհրաբը և ներսույթը, լուս. Ս. Դանիելյանի։

նկ. 2 Իջևանատան հատակագիծը և կտրվածքը, Усейнов В., История архитектуры Азербайджана գրքից, էջ 290:

նկ. 3 Իջևանատան գլխավոր մուտքը, լուս. Ս. Դանիելյանի։

նկ. 4 Իջևանատան մուտքից վեր գտնվող զարդաքանդակը, լուս. Ս. Դանիելյանի։

Բլրի գագաթին է գտնվում սրբատաշ մոխրագույն քարից կառուցված, բավականին հաստ պատերով, քառանկյուն հորինվածք ունեցող, միանավ, թաղակապ ծածկով մզկիթի շենքը (նկ. 6), որի գլխավոր մուտքը հյուսիսային կողմում է, իսկ մուտքից անմիջապես վեր գտնվում է շինարարական արաբատառ արձանագրությունը (նկ. 7): Մզկիթն ունի երեք պատուհան՝ մեկը հյուսիսային կողմում, արձանագրությունից անմիջապես վեր, իսկ մյուս երկուսը՝ հարավային ճակատում (նկ. 8): Շինությունը ներսից ունի փոքրիկ որմնախորշեր, իսկ մուտքի դիմաց՝ հարավում, գտնվում է միհրաբը (նկ. 9): Մզկիթը շենքն իր հատակագծային սկզբուքներով, անգամ արտաքին և ներքին տեսքով՝ բացառյալ միհրաբը, վերարտադրում է Արցախում ուշ միջնադարում լայն տարածում ստացած միանավ, թաղակապ եկեղեցիները:

նկ. 7 Մզկիթի գլխավոր մուտքը և արձանագրությունը, լուս. Ս. Դանիելյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Արցախյան պատերազմների ժամանակ քարավանատան շենքը և մզկիթը չեն վնասվել: Հուշարձանախումբը միտումնավոր ավերվածությունների և ձևափոխությունների չի ենթարկվել: Կարող ենք միայն փաստել, որ, ելնելով քարավանատան շինության ծավալներից և հարմարանքներից, այդտեղ խոտ են ամբարել, ինչից հուշարձանը չի տուժել:

Գրականություն

  1. ԴՀՎ 1982-Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան:
  2. Հարությունյան 1992- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան:
  3. Մկրտչյան 1985- Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան:
  4. Бретаницкий 1966- Бретаницкий Л., Зодчество Азербайджана XII-XV вв. и его место в архитектуре Переднего Востока, Москва.
  5. КЭПА 2011- Корпус эпиграфических памятников Азербайджана, т. V, Баку.
  6. Саламзаде 1964-Саламзаде А., Архитектура Азербайджана XVI-XIX вв., Баку.
  7.  Усейнов 1963- Усейнов М., История архитектуры Азербайджана, Москва.
Ղարղաբազար. իջևանատունը և մզկիթը
Ղարղաբազար, իջևանատունը և մզկիթը
Ղարղաբազար, իջևանատունը և մզկիթը
Արցախ