Ճարտարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է նախկին Գյունե Ճարտար գյուղի կենտրոնում՝ թեքադիր տեղանքում (նկ. 1):
Պատմական ակնարկ
Ճարտար քաղաքը բաղկացած է Ղուզե Ճարտար, Ղուզե Կալեր, Գյունե Ճարտար, և Գյունե Կալեր գյուղերից: 1988 թվականին Գյունե և Ղուզե Ճարտարները տարանջատվել են, դարձել առանձին համայնքներ, իսկ 2015 թվականին երկու Ճարտարները նորից միացել են և ստացել քաղաքի կարգավիճակ (Բալայան 2020, 459-463): Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Գյունե Ճարտար (Արեգդէմ Ճարտար) գյուղը, տալիս է սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հակիրճ նկարագրությունը. «…եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան. երկարութիւնն է 11 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 55 սանթիմ: Դռան ճակատակալ քարին վերայ. «ՌՄԼԶ (1787) թվին. այս է Ամենափրկչին սուրբ եկեղեցիս, սա եղէւ ոքևոր յիշատակ տէր…. Իյ. Խանումէն», իսկ վերևում. «Ուստայ Թիւնի» (Բարխուտարեանց, 1895, 119): Ըստ Բարխուդարյանցի՝ Թյունի-Հարությունը կառուցող վարպետն է: Նշենք, որ արձանագրությունը ոչ թե դռան ճակատակալ քարի վրա է, այլ՝ մուտքի աջ եզրին (նկ. 2): Անկյունաքարերից մեկն էլ տապանաքարի բեկոր է, որի վրա պահպանվել է հետևյալ արձանագրությունը. «Այս է տ/ապան/ Պաղդ/ասար/ին. թ/վին :ՌՄՀԳ: (1824)»:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրությունը
Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, կառուցված փոքր ու միջին չափերի կիսամշակ ու անմշակ քարերով (նկ. 4): Համեմատաբար սրբատաշ խոշոր քարերով են կառուցված մուտքը, անկյունները (նկ. 5): Եկեղեցին ունի երեք լուսամուտ՝ արևմտյան, արևելյան և հարավային ճակատում: Վերջինս մեծ է և թերևս լայնացվել է 19-րդ դարում: Չունի ավանդատներ: Միակ մուտքը հարավային ճակատի արևմտյան անկյունից է: Թաղակիր կամարը և խորանի ճակատալ կամարի քարերը սրբատաշ են (նկ. 6, 7): Արևմտյան ճակատում քա փոքրիկ խորշ, որտեղ երևում են բեկորատված խաչքարեր (նկ. 8):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Այն բարվոք էր, թեև չէր գործում:
Գրականություն
- Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
- Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
Ճարտարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Արցախ