Մատաղիս գյուղի գերեզմանատան մատուռը
Տեղադրությունը
Մատաղիս գյուղի գերեզմանատան մատուռը գտնվում է գյուղից հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի ձախ ափի թեքության վրա (նկ․ 1): Ներկայումս Մատաղիս գյուղը օկուպացված է Արդբեջանի կողմից:
![Cemetery’s chapel](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/Cemeterys-chapel.jpg?v=1644830826)
![նկ. 1 Մատուռի և գերեզմանոցի ընդհանուր տեսքը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/001-1-1.jpg?v=1644828733)
նկ. 1 Մատուռի և գերեզմանոցի ընդհանուր տեսքը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
Պատմական ակնարկ
Մատաղիս գյուղի գերեզմանոցը հիմնականում վերաբերում է 19-20-րդ դարերին, սակայն տեղում գտնվող մատուռ-եկեղեցու և մի շարք տապանաքարերի ու անտաշ սալատապանների առկայությունը թույլ են տալիս ենթադրել, որ գերեզմանոցը ձևավորվել է նախկինում այստեղ եղած սրբատեղիի շրջակայքում (նկ․ 2, 3):
![նկ. 2 Մատաղիսի հին գերեզմանատունը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/02-1.jpg?v=1644828823)
նկ. 2 Մատաղիսի հին գերեզմանատունը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
![նկ. 3 Մատուռը և հին տապանաքարերը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/003-768x575.jpg?v=1644316576)
նկ. 3 Մատուռը և հին տապանաքարերը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
Մատուռը չունի ստույգ թվագրություն։ Համաձայն Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հուշարձանների պահպանության վկայագրի՝ չի բացառվում, որ մատուռը կառուցված լինի 12-13-րդ դարերում (նկ․ 4, 5): Մատաղիս գյուղը և նրա եկեղեցին նկարագրած Մակար Բարխուդարյանցը չի հիշատակում գերեզմանատան մատուռը (Բարխուտարեանց 1895, 231):
![նկ. 4 Մատուռի արևմտյան ճակատը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/04-1-768x575.jpg?v=1644828966)
նկ. 4 Մատուռի արևմտյան ճակատը, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
![նկ. 5 Մատուռի տեսքը ներսից, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/05-1.jpg?v=1644829014)
նկ. 5 Մատուռի տեսքը ներսից, լուս. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Մատուռ միանավ թաղակապ շինություն է, կառուցված է տեղական մոխրագույն անտաշ ու կոպտատաշ մեծ ու փոքր քարերով և կրաշաղախով, ունեցել է երկթեք տանիք: Միակ մուտքը արևմուտքից է: Արևելյան կողմում է գտնվում միակ պատուհանը: Մատուռի բարձրությունը 4,5 մետր է, ներքուստ նրա չափերն են՝ 3,8X2,23 մետր:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Մատաղիս գյուղի օկուպացումից հետո մատուռի մասին տվյալները բացակայում են:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895-Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
Մատաղիս գյուղի գերեզմանատան մատուռը
Արցախ