Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին
Տեղադրությունը
Սուրբ Մինաս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի հարավ-արևմտյան մասում (նկ․ 1)։
Մարիամաձոր գյուղը 2020 թվականի հոկտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
![Surb Minas Mariamadzor](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/Surb-Minas-Mariamadzor.jpg?v=1658822400)
![նկ. 1 Եկեղեցին հյուսիս – արևելքից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/001-2-scaled.jpg?v=1658822332)
նկ. 1 Եկեղեցին հյուսիս – արևելքից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։» (ԴՀՎ 5, 173)։ Ըստ Մ․ Բարխուդարյանի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին ․․․» (Բարխուտարեանց 1895, 73):
Նշված արձանագրությունները ներկայումս չեն պահպանվել։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, արևելյան կողմում ավարտվում է ուղղանկյուն խորանով (նկ․ 2)։ Տանիքը թաղակապ է, արտաքուստ երկթեք, հողածածկ։ Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Ունի 14,7 մետր երկարություն, 7,9 մետր լայնություն, 4,5 մետր բարձրություն։
![նկ. 2 Եկեղեցին ներսից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/002-1-scaled.jpg?v=1658822539)
նկ. 2 Եկեղեցին ներսից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Միակ մուտքը բացվում էր արևմուտքից։ Լուսավորվում էր արևելքից և արևմուտքից բացվող մեկական լուսամուտներով, որոնք ներկայումս փլված են։ Եկեղեցու ներսում պահպանվել են պատերի մեջ ագուցված խաչքարեր և խաչքարաբեկորներ (նկ․ 3, 4, 5)։
![նկ. 3 Եկեղեցու ներսի խաչքարերից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/003-3-scaled.jpg?v=1658822634)
նկ. 3 Եկեղեցու ներսի խաչքարերից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
![նկ. 5 Խաչքարի բեկոր եկեղեցու ներսում, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/005-2-scaled.jpg?v=1658822735)
նկ. 5 Խաչքարի բեկոր եկեղեցու ներսում, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
![նկ. 4 Խաչքարի բեկոր եկեղեցու ներսում, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/004-3-scaled.jpg?v=1658822691)
նկ. 4 Խաչքարի բեկոր եկեղեցու ներսում, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Խորհրդային տարիներին, 1930 ական թվականներին, հակակրոնական պայքարի զոհ դառնալով՝ եկեղեցին պայթեցվել է, որից հետո մնացել էր կիսավեր (նկ․6, 7):
2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
![նկ. 6 Եկեղեցին հարավից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/006-1-scaled.jpg?v=1658822892)
նկ. 6 Եկեղեցին հարավից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
![նկ. 7 Եկեղեցին արևմուտքից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/07/007-1-scaled.jpg?v=1658822931)
նկ. 7 Եկեղեցին արևմուտքից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
2․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, Երևան, 1982։
3․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա–ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին
Արցախ