Մխիթարաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցու ավերակները գտնվում են գյուղի արևելյան եզրին՝ ձորահայաց ժայռերի տակ ընկած փոքր տափարակի վրա (նկ. 1):
Պատմական ակնարկ
Մխիթարաշեն գյուղը նախկինում կոչվում էր Արկաթալու, Ըրկըթալի, Արկաթալու շեն (Բալայան 2020, 112): Գյուղի եկեղեցու մասին տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը «Արցախ» աշխատանքում հիշատակում է գյուղի եկեղեցին: Որևէ այլ ինֆորմացիա այս եկեղեցու մասին նա չի տալիս (Բարխուտարեանց, 1895, 133):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրությունը
Եկեղեցին ավերակված է, պահպանվում են հիմնապատերը մինչև 1 մետր բարձրությամբ: Հիմնապատերը շարված են միջին չափերի ճեղքված քարերով, կրաշաղախով: Եկեղեցին հորինվածքով ունի ուղղանկյուն հատակագիծ՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով (նկ. 2, 3): Եկեղեցու շուրջը տարածվում է 19-20-րդ դարերի գերեզմանոցը (նկ. 4): Համաձայն Արցախի ԿԳՄՍ վկայագրի՝ եկեղեցու ավերակները թվագրվում են 17-18-րդ դարերով:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին ավերակված է, թե երբ է այն ավերվել՝ տեղեկություններ չկան:
Գրականություն
- Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
- Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերը, Երևան, 2020:
Մխիթարաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ