Մոխրենեսի սբ.Սարգիս եկեղեցին

Տեղադրությունը

Սուրբ Սարգիս եկեղեցին (նկ․ 1) գտնվում է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի կենտրոնում։

նկ. 1 Եկեղեցին հյուսիս- արևմուտքից, լուս․` ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Պատմական ակնարկ

Մոխրենես գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 28 կիլոմետր դեպի արևմուտք։ Գյուղի անունը հիշատակվում է Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ Մոխենիս ձևով (Յակոբեան 2009, 92)։ Ըստ Մ․ Բարխուդարյանի․ «․․․Մոխրենես գյուղի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեան 1895, 55):

2020 թվականի հոկտեմբերից Մոխրենեսն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է։ Կառուցման հավանական ժամանակը՝ 18-19-րդ դարեր։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Տեղադրված է թեքադիր լանջի վրա, ինչի հետևանքով հյուսիս-արևելյան հատվածն արտաքուստ խրված է գետնի մեջ։ Նման դիրքն էլ պայմանավորել է, որ շքամուտքը տեղադրվի հարավային ճակատում։ Շքամուտքն ունի ընդգծված ծավալային լուծում, սրբատաշ զանգվածեղ խարիսխներ և կիսասյուներ, քանդակազարդ խոյակներ ու կամար, լայն բարավոր (նկ․ 2)։ Տանիքը երկթեք է, կղմինդրածածկ, եզերված քարե սրբատաշ սալերով։

նկ. 2 Եկեղեցու մուտքը, լուս․` ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Ներսում կիսաշրջան թաղը հենվում է տրոմպներից բարձրացող սրբատաշ կամարների վրա։ Խորանը կիսաշրջանաձև է, երկու կողմերում ունի ավանդատներ, բեմը բացակայում է (նկ․ 3)։ Սրբատաշ են նաև պատերի արտաքին անկյունաքարերը և լուսամուտների անկյունաքարերը(նկ․ 4, 5)։ Ի սկզբանէ լուսավորվում էր արևմտյան և հարավային պատերի երկու փոքր լուսամոտներից, սակայն Խորհրդային տարիներին հարավային պատում բացվել է ևս մեկ մեծ լուսամուտ։

Հյուսիսային պատում պահպանվել է մկրտության ավազանը։

Խորհրդային տարիներին եկեղեցին ներսից սվաղապատվել է և օգտագործվել տնտեսական նպատակներով։

նկ. 3 Եկեղեցին ներսից, 2019, լուս․` Գ․ Բուդաղյանի:

նկ. 4 Արևմտյան լուսամուտը․ լուս`․ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 5 Եկեղեցին հարավից, լուս․` ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին գտնվում էր լավ վիճակում։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ետպատերազմյան շրջանում ադրբեջանցիների կողմից տեղադրված լուսանկարներից երևում է, որ եկեղեցին կանգուն է (նկ․ 6)։ Սակայն 2022 թվականի հոկտեմբերի 11-ի ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է եկեղեցին Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին - Monument Watch:

նկ. 6 Եկեղեցին ադրբեջանական օկուպացիայից հետո, լուս․ աղբյուրը՝ https://photo.azertag.az/search?query=Xocav%C9%99nd&fbclid=IwAR3tw7OSzluz_k7Tu8nN8x-3-3JirWFJee_24CSN5M9lx4LTdbkFLgZ2YoM:

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:

2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:

3․ Յակոբեան 2009 – Յակոբեան Ա․,Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազոտութիւններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա – Երեւան:

Մոխրենեսի սբ.Սարգիս եկեղեցին
Մոխրենեսի սբ.Սարգիս եկեղեցին
Հադրութի շրջան
Արցախ