«Մոշի հող» գյուղատեղիի եկեղեցին

Տեղադրություն
«Մոշի հող» գյուղատեղին գտնվում է օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի
Քոլատակ գյուղից 5 կմ հարավ-արևմուտք՝ խուլ անտառի մեջ: Հնավայրը տեղադրված է կտրտված
տեղանքում, որտեղ աչքի են ընկնում ոչ մեծ քարերով և կրաշաղախով կառուցված պատերի մնացորդները
(նկ. 1): Եկեղեցին գտնվում է գյուղատեղիից 100 մետր վերև (նկ. 2):

Նկ. 1 Հատված «Մոշի հող» գյուղատեղիից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են, հայտնի չէ նաև նրա անունը:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին հատակագծային և ծավալատարածական հորինվածքով միանավ թաղակապ փոքր սրահ է (չափերը՝ 6,2x3,9 մետր) սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով: Կանգուն են եկեղեցու պատերը և խորանի կիսաքանդ գմբեթարդը, թաղը փլված է (նկ. 3-5):

Նկ. 3 Եկեղեցու կիսաքանդ հատվածը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 4 Փլված թաղը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Խորանի կիսաքանդ գմբեթարդի հատվածը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Եկեղեցին կառուցված է կոպտատաշ միջին չափի ավազաքարերով և կրաշաղախով: Մուտքի և գմբեթարդի կամարները տրավերտինից են: Ստորին հատվածների անկյունաքարերը շարված են ավելի մեծ չափի սալաքարերով (նկ. 6, 7): Եկեղեցու միակ աչքի ընկնող հատվածը մուտքն է, որն իրականացված է սրբատաշ քարերով շարված պայտաձև կամարով և հորիզոնական դիրքով դրված երկայնական սալերով (նկ. 8, 9):

Նկ. 6 Եկեղեցու պատերը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 8 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 7 Եկեղեցու պատերը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 9 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Սրբատաշ քարով է կառուցված եղել նաև գմբեթարդի կամարը: Խորանի հատվածում եկեղեցին ունի փոքրիկ խորշեր, միակ լուսամուտը բացված է արևելյան կողմում, որը, սակայն, կիսավեր է (նկ. 10, 11): Համաձայն Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ վկայագրի՝ եկեղեցին թվագրվում է 13-17-րդ դարերով: Նկատի ունենալով
պայտաձև կամարը, պատասխանատու հատվածներում հորիզոնական դիրքով երկայնական սալաքարերի
օգտագործումը, ավելի հավանական է 12-14-րդ դարերի թվագրությունը:

Նկ. 10 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 11 Եկեղեցու լուսամուտը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Եկեղեցու մոտ 20 մ հյուսիս գտնվում էր հին գերեզմանոցը: Այստեղ տապալված և մասնատված գտնվում է
12-13-րդ դարերի մի խաչքար (նկ. 12): Սրանից ոչ հեռու էլ գտնվում է մի հողմահարված և տապալված
խաչքար՝ պարզ հորինվածքով (նկ. 13, 14):

Նկ. 12 Եկեղեցու մոտ գտնվող գեղաքանդակ խաչքարը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 13 Եկեղեցու մոտ գտնվող պարզ հորինվածքով խաչքարը, լուս.՝ Գ. Սարգսյանի;

Նկ. 14 Եկեղեցու մոտ գտնվող պարզ հորինվածքով խաչքարը, լուս.՝ Գ. Սարգսյանի;

Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել: Այն կարիք ունի փլատակներից մաքրման և
հնագիտական հետազոտության: Երբևիցե չի հետազոտվել: Հուշարձանի ներկայիս վիճակի մասին
տեղեկություններ չկան:
Գրականություն
1. ԱՀ ԳԿՄՍ վկայագիր - Արցախի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի
նախարարության վկայագիր։

«Մոշի հող» գյուղատեղիի եկեղեցին
«Մոշի հող» գյուղատեղիի եկեղեցին
Մարտակերտի շրջան
Արցախ