Ներքին Թումաս գյուղի իսլամական դամբարանը

Տեղադրությունը

Դամբարանը գտնվում է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Թովմաս գյուղի հարավային եզրին:

Պատմական ակնարկ

Դամբարանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Գյուղի Թումաս անվանումը Թովմաս հատուկ անվան բարբառային ձևն է: Թումաս գյուղը նախկինում եղել է հայաբնակ: 19-րդ դարավերջին դեռ պահպանվում էին գյուղի եկեղեցու ավերակները, որոնք որպես շինաքար խորհրդային տարիներին օգտագործվեցին ադրբեջանական դպրոցի կառուցման համար: Եկեղեցու սրբատաշ, նախշազարդ քարերը նկատելի էին դպրոցի հատկապես երկրորդ հարկի պատերի մեջ (Կարապետյան 1999, 241):

Ներքին Թումաս գյուղի իսլամական դամբարանը, ինչպես նաև պատմական Արցախում գտնվող իսլամական դամբարանների զգալի մասը, կառուցված է տափաստանային գոտում: Արցախի տափաստանային գոտում իսլամական մշակութային ժառանգության զգալի ներկայությունը նկատելի է 13-րդ դարավերջից` հատկապես Ղազան խանի կառավարման տարիներից (1295-1304), երբ մոնղոլական վերնախավն ընդունում է իսլամ, իսկ Արցախի և հարակից տարածքների հարթավայրային և նախալեռնային գոտիները մոնղոլական վերնախավի համար առանձնակի կարևորություն են ստանում, ինչի մասին վկայում են 14-րդ դարի պարսկական աղբյուրները (Հովսեփյան 2025, 24-30):

Հարկ է փաստել, որ իսլամական դամբարաններից շատերը չունեն արձանագրություններ, ուստի կոնկրետ ժամանակի, կառուցող ճարտարապետների և պատվիրատուների մասին տեղեկությունները թերի են: Հիմք ընդունելով դամբարանի ճարտարապետական, կառուցողական առանձնահատկությունները՝ այն պետք է որ կառուցված լիներ 14-15-րդ դարերում:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Դամբարանը կառուցված է արհեստական բլրի վրա, որը, հնարավոր է բրոնզ-երկաթեդարյան դամբարան է (նկ. 1, 2): Հարկ է նշել, որ իսլամական դամբարաններից (Իրան, Միջին Ասիա և այլն) շատերը տափաստանային կամ նախալեռնային գոտում կառուցվում էին փոքրիկ բլրակների, բարձր դիրք ունեցող տեղանքի կամ էլ արհեստական բլուրների վրա: Սրանով նրանք ստանում էին խորհրդանշական բնույթ, նաև իսլամական մշակույթի և հուղարկավորվածի իշխանության որոշակի ցուցիչ էին (Гарустович 2014, 96-106): Արցախի տափաստանային գոտում արհեստական բլրի, բարձրադիր տեղանքի վրա կառուցված են Վեյսալիի, Միր-Ալիի, Գյուրջուլուի, Վարդանանցի, Իվանյանի և այլ դամբարանները:

Նկ. 1 Դամբարանի ընդհանուր տեսքը հյուսիսից, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 2 Դամբարանի օդալուսանկարը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Ներքին Թումասի դամբարանը կառուցված է սրբատաշ կրաքարից, կրաշաղախով: Դամբարանը արտաքինից ունի գլանաձև ծավալ՝ 12 մետր բարձրությամբ և 5,0 մետր տրամագծով (նկ. 3):

Նկ. 3 Դամբարանի հատակագիծը և կտրվածքը, չափագրությունը՝ Հակոբյան Աշոտ, վերցված է՝ Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները գրքից, Երևան, 2010, էջ 23:

Այն երկհարկ է՝ բաղկացած է ստորգետնյա թաղման խցից և վերգետնյա աղոթասրահից: Թաղման խուցը հատակագծում խաչաձև է և կազմված է կամարակապ որմնախորշերից (նկ. 4), որոնց վրա նստել է գնդաձև տանիքը, որի վրա էլ հենվել է աղոթասրահի հատակը: Գմբեթարդն այժմ փլուզված է: Արևմտյան խաչաթևում գտնվում է առանձին մուտք, որը, սակայն, ավերված է (նկ. 5): Երկրորդ հարկը վերգետնյա է, գլանաձև, հյուսիսային կողմում գտնվող սլաքաձև կամարակապ մուտքով (նկ. 6, 7): Դամբարանում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում վարպետանշանները, որոնք իրենցից ներկայացնում են ոճավորված խաչապատկերներ: Ներքին Թումասի դամբարանը իր հատակագծով, ներքին և արտաքին ծավալներով բավականին նման է Վեյսալիի դամբարանին: Միակ տարբերությունն այն է, որ Ներքին Թումասի դամբարանի տանիքը չի պահպանվել, իսկ Վեյսալիի դամբարանը մեզ է հասել գրեթե անվնաս: Վեյսալիի դամբարանն ունի սրածայր վերջավորությամբ տանիք: Թերևս ենթադրելի է, որ նման տանիք կարող էր ունենալ նաև Ներքին Թումասի դամբարանը: Չի բացառվում նաև գլանաձև տանիքի առկայությունը:

 

Նկ. 4 Թաղման խուցը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 5 Արևմտյան խաչթևի մուտքը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 6 Դամբարանի երկրորդը հարկի ծավալը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Նկ. 7 Դամբարանի երկրորդ հարկի ծավալը, լուս.՝ Լեռնիկ Հովհաննիսյանի:

Խաչաձև հատակագծով թաղման խցեր ունեն նաև Արցախի տափաստանային գոտում գտնվող Խաչենի, Նոր Մարաղայի, Միր-Ալիի, Վեյսալիի և այլ դամբարանները: Հարկ է նկատել, որ խաչաձև ներսույթ ունեցող դամբարաններ ավելի շատ հանդիպում են Փոքր Ասիայի, Անդրկովկասի տարածքներում և փոքր քանակությամբ Իրանի, Միջին Ասիայի տարածքներում (Հովսեփյան 2025, 31-33, Воронина 1969, 160-161, Мурадов 2018, 305-306):

Վիճակը պատերազմից առաջ և հետո:

Դամբարանն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Այն կարիք ունի մաքրման և հնագիտական հետազոտության, որոնք թույլ կտան հասկանալ նաև թաղման առկայությունը:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Հովսեփյան 2025 - Հովսեփյան Ռ., Արցախի իսլամական հուշարձանները պատմաժամանակային համատեքստում, Հուշարձան, Երևան, Հուշարձան, թիվ 2, էջ 22-39:
  3. Воронина 1969 – Воронина В., Архитектура средневекового Ирана, ВИА, т. 8, с. 144-166.
  4. Гарустович 2014 – Гарустович Г., «Теория мавзолеев»  или региональные особенности культового мемориального зодчества урало-поволжья эпохи Золотой орды (исторические и этнографические аспекты проблемы), Золотоордынское обозрение, Казань, 2, с. 95-119.
  5. Мурадов 2018 – Мурадов Р., Ребристые шатры и купола исламских мавзолеев, Следы империй, Культура Центральной Азии от Александра Македонского до Тимуридов, Кабул-Бишкек, с. 305-324.

 

 

Ներքին Թումաս գյուղի իսլամական դամբարանը
Ներքին Թումաս գյուղի իսլամական դամբարանը
Ներքին Թումաս գյուղի իսլամական դամբարանը
Արցախ