Ննգի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղի կենտրոնում (նկ. 1, 2): Օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ. 2 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Պատմական ակնարկ

Համաձայն եկեղեցու գլխավոր մուտքի բարավորի վրա արված շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1858 թվականին (նկ. 3): Եկեղեցին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վրա» (Բարխուտարեանց 1895, 126): Եկեղեցու շքամուտքի վրա, որ գտնվում է արևմուտքում, պահպանվել է կառուցման վայելչագիր և հանգավոր արձանագրությունը, ուր բոլոր տողերն ավարտվում են առանձնացված վյուն (Ի) մեծատառով.

«Այս տուն լուսոյ յօրինիցաւ/

Գեղջն Ննկի փոք[ր ու] մեծաւ/.

Անցաւորացս մեզ հոյս թողաւ/,

Ապագայէցն յիշադակաւ/:

Խնդրեմք յեշել պադարաքաւ/՝

Զայնս, որովք սա կառո[ւ]ցաւ:

1858 ամի»:

Նկ. 3 Եկեղեցու գլխավոր մուտքը և շինարարական արձանագրությունը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Թերևս եկեղեցու տեղում եղել է ավելի հին սրբավայր կամ այլ եկեղեցի: Եկեղեցու պատերի մեջ ագուցված են խաչքարեր և տապանաքարեր: 13-րդ դարի մի խաչքար ագուցված է եկեղեցու սյուներից մեկի վրա (նկ. 4), իսկ մեկ այլ սյան վերևում (նկ. 5) ագուցված է 19-րդ դարի հիշատակային արձանագրությամբ սրբատաշ քար. «1888/ տ[է]ր Պաղդասար,/ տ[է]ր Պ[ե]տրոս,/ տ[է]ր …,/ տ[է]ր Սարգիս»: Խաչքարերը հատկապես շատ են խորանի հատվածում (նկ. 6):

Նկ. 4 Ագուցված խաչքար, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ. 6 Եկեղեցու խորանը ագուցված խաչքարերով, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ. 5 Ագուցված արձանագիր քար, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Եկեղեցու արևմտյան կողմում է գտնվում 12-րդ դարի մի խաչքար (նկ. 7), այն ունի հետևյալ արձանագրությունը. «[Տէր Աստուած՝ ողոր]մի Թամամայ հոգոյն/: Որք երկրպագէք խաչիս՝ զԳրիգոր երէց յաղա/[ւթս յիշ]եցէք, թ[ւի]ն :ՈԼԳ: (1184 թ.)»:

Դիվան հայ վիմագրության Արցախին նվիրված պրակում հիշատակվում է եկեղեցու արևելյան պատի մեջ արտաքուտ տեղադրված մի տապանաքար հետևյալ արձանագրությամբ. «Այս է տապան Մուրու որդի Սազպանդ Միրզաին, թվ[ի]ն :ՌՄԻԶ:-ն (1777)  էր» (ԴՀՎ 5, 158):

Մեկ այլ արձանագիր խաչքար էլ ագուցված է եկեղեցու հարավային կողմի պատուհանի գլխին, կողքի վրա. «ԹՎԻՆ :ՋՀԲ: (1523) Աղա Մար…» (ԴՀՎ 5, 158):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին թաղածածկ սրահ է, որը երկու զույգ թաղակիր սյուներով բաժանվում է երեք նավի: Կամարներն ու թաղն ունեն սլաքաձև ծավալ:

Արտաքուստ կառուցված է կրաքարի և ավազաքարի կոպտատաշ մեծ ու փոր քարերով. սրբատաշ են կառույցի անկյունները, շքամուտքը և լուսամուտների եզրաքարերը (նկ. 8): Երկթեք տանիքն այժմ պատված է ցինկապատ թիթեղով:

Ներքուստ պատերը սվաղապատ են, թաղակիր սյուները միակտուր սրբատաշ քարից են, սրբատաշ են ավագ խորանի բեմառէջքը, խորանի և սրահի թաղակիր կամարները: Հյուսիսային պատում՝ բեմին մոտ տեղադրված է մկրտութայն ավազանը: Ընդհանուր առմամբ այն Արցախի 19-րդ դարի՝ ճարտարապետական և շինարվեստի  կատարելությամբ առանձնացող եկեղեցիներից է:

Նկ. 7 Արևմտյան ճակատի մոտ գտնվող արձանագիր խաչքարը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ. 8 Եկեղեցու հյուսիսային ճակատը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, թեև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին գյուղը ռմբակոծվել է: Վերանորոգվել է, ինչի մասին է վկայում արևմտյան պատի վրայի տեղադրված ցուցանակը: Վերանորոգման ժամանակ տանիքին տեղադրվել է փոքրիկ զանգակատուն:

Գրականություն

Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։

ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, կազմեց Ս. Բարխուդարյանը, Երևան, 1982։

Ննգի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Ննգի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Ննգի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ