Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում (նկ. 1)։

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Պատմական ակնարկ

Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան: Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» (Բարխուտարեանց 1895, 112): Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից (Բալայան 2020, 479):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին միանավ կառույց է, միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 2, 3): Ներքուստ այն միանավ, թաղակապ կառույց է ավանդատներով (նկ. 4):

Նկ. 2 Եկղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևմուտքից, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ. 4 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: 2013 թվականին այն վերանորոգվել է ստեփանակերտաբնակ Կոմիտաս Կարապետյանի աջակցությամբ (Բալայան 2020, 479): Վերանորոգման ժամանակ եկեղեցին ամբողջությամբ երեսպատվել է սպիտակ կրաքարով, ինչի հետևանքով փոխվել է նրա արտաքին տեսքը: Տանիքին կառուցվել է փոքրիկ զանգակատուն: Եկեղեցու արևմտյան ճակատը ձևավորվել է որմնասյուներով և որմնակամարներով: Եկեղեցու բակի տարածքում 2017 տեղադրվել է խաչքար, որի հեղինակը խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանն է (նկ. 5):

Նկ. 5 Եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Գրականություն

  1. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմական ուրվագծեր, Երևան:
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին
Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին
Մարտունու շրջան
Արցախ