Շահմասուրի ժայռախաչքարը
Տեղադրությունը
Ժայռախաչքարը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից 0,6 կիլոմետր հյուսիս–արևելք, անտառի մեջ «Կտողնու թալա» տեղամասում (նկ․ 1, ըստ Ս․ Բարխուդարյանի այն գտնվում է գյուղից մոտ երեք կիլոմետր հյուսիս)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Շահմասուր գյուղը Արցախի պատմական հուշարձաններով հարուստ գյուղերից մեկն է։ Գյուղի և նրա շրջակայքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 56 հուշարձան, որոնցից մեկն էլ 9-13 դարերով թվագրվող «Կտողնու թալա» գյուղատեղին է (նկ․ 2) (մանրամասն տես՝ Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ)։
Խաչքար ժայռաբեկորի վրա արձանագրությունը առաջին անգամ հրատարակվել է 1982 թվականին (ԴՀՎ 1982, 87)։ 2018 թվականին արձանագրությունը ընթերցվել և շտկվել է Հ․ Պետրոսյանի կողմից (մանրամասն տես՝ Մանրամասներ. խաչքար ժայռաբեկորի վրա, Շահմասուր, Խաչենագետի հովիտ, Արցախ):
Ճարտարապետական - հորինվածքային նկարագրությունը
«Կտողնու թալա» տեղամասում պահպանվել են մեծադիր ժայռաբեկորներ։ Շրջակայքում նկատվում են առանձին շինությունների հետքեր, որոնք, հավանաբար, երբեմնի գյուղատեղիի կամ մենաստանի մնացորդներ են (ԱՀ ԳԿՄՍ վկայագիր)։ Առավել հետաքրքիր է 5,3 x 3 մետր չափսեր ունեցող ժայրաբեկորը, որի վրա նախօրոք արված ուղղանկյուն փորվածքի մեջ, վերևից եզերվող եռակամար թեքագիծ հարդարանքով ժապավենի ներքո փորագրված է եռաէլիպս երկատումներ ունեցող թևերով հյուսկեն կենտրոնական խաչը: Ավելի ներքև՝ կենտրոնական խաչի ստորին թևից ելնող հյուսկեն ժապավենը պսակվում է կլոր բլթակներով ավարտվող թևերով մեկական փոքրադիր խաչերով: Ողջ հորինվածքն իր քանդակային մանրամասներով և փորագրման տեխնիկայով էապես չի տարբերվում 12-13-րդ դարերի շարքային խաչքարերի հորնվածքներից:
Հորինվածքից ներքև և նրանից դուրս փորագրված է 6 տողանոց արձանագրությունը (նկ․ 3-5), որը հայտնում է. «Թիվ :ՈԼ: (1181)/: Յանուն Ա[ստուծո]յ, ես Խորեշահ/ կանգնեցի զխաչս ի բարեխաւս/ հոգոյ իմոյ եւ զաւակաց/ իմոց` բարեխաւս առ/ Ք[րիստո]ս: Աղաւթս յիշեցէք»։ Հարկ է նշել, որ արձանագրության թվականի շուրջ առկա են տարընթերցումներ։ Այսպես, Ս․ Բարխուդարյանն այն ընթերցել է «ՋԼ» (1481), ԱՀ ԿԳՄՍ վկայագրում նշվում է «ՈՉԸ» (1239) թվականը։
Համաձայն Հ․ Աճառյանի «Խորիշահ պարսկերեն «խուրշահ» անունից է, որ բառացի նշանակում է «արև արքա»։ Իրանական անունը արական է, իսկ հայերենը՝ իգական։ «Պարսկեներում Xursah նշանակում է «արև արքայ», որ ի հարկե հարմար է արականի․ իսկ հայերենում Խորիշահ (xor-i sah) նշանակում է «թագավորի արև», որ հարմար է իգականի» (Աճառյան 1942, 544)։ Հ․ Աճառյանը ներկայացնում է 15 իգական անձնանուն (Խորիշահ) և մեկ արական անձնանուն (Խորշահ պարոն) ձևով: Վերջինիս հիշատակին մի խաչքար է կանգնեցվել Հորս գյուղում (Աճառյան 1942, 544 - 545)։ Նկատենք, որ մեր անձնանունը վկայված է «Խորեշահ» ձևով, և դատելով արձանագրության բովանդակությունից (իգական անձնանվան դեպքում սպասելի էր, որ նշվեր, թե ում կինն է կամ դուստրը), ավելի հավանական է, որ այն տղամարդու անձնանուն է: Սա հայերեն աղբյուրներում հազվադեպ հանդիպող երևույթ է և կարող է լրացուցիչ տեղեկություններ հաղորդել միջնադարյան անվանակոչության առանձնահատկությունների մասին։
Հուշարձանը կարևոր է նաև որպես Արցախի պատմամշակութային ժառանգության ամբողջական համակարգի բաղադրիչ։ Այն լրացնում է Շահմասուրի և հարակից տարածքների միջնադարյան հուշարձանների պատկերը՝ փաստելով, որ տվյալ բնակավայրը եղել է Արցախի զարգացած միջնադարի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանի ներկայիս վիճակի և պահպանվածության վերաբերյալ հավաստի տեղեկություններ չկան։
Գրականություն
- ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան։
- ԱՀ ԳԿՄՍ վկայագիր - Արցախի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
- Աճառյան 1942 - Աճառյան Հ․ Հայոց անձնանունների բառարան, Երևան, 544 -546։
- Մանրամասներ. խաչքար ժայռաբեկորի վրա, Շահմասուր, Խաչենագետի հովիտ, Արցախ- (https://monumentwatch.org/hy/facts_and_details/%d5%b4%d5%a1%d5%b6%d6%80%շd5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%b5%d5%bc%d5%a1%d5%a2%d5%a5%d5%af%d5%b8%d6%80%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1-%d5%b7/
- Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ - https://hy.wikipedia.org/wiki/։
Մարտակերտի շրջան
Արցախ