Շոշկավանք վանքային համալիր․ Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Շոշկավանք վանքային համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մսմնա և Խաչմաչ գյուղերի միջև (նկ. 1-3):

2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Շոշկավանքի ընդհանուր տեսքը՝ դիտված արևմուտքից, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի:

Նկ․ 2 Շոշկավանքի ընդհանուր տեսքը՝ դիտված արևելքից, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի:

Նկ․ 3 Շոշկավանքի ընդհանուր տեսքը՝ հարավ-արևմուտքից, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի

Պատմական ակնարկ

Վանքի մասին տեղեկություններ է հայտնում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը՝  «Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ և Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վերայ եկեղեցու ձևով։ Երևում է հիմքերից՝ որ խիստ հին եղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով։ Ունի միայն մի խորան, երեք լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից և խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին առանձին մարդից։ Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ» (Բարխուտարեանց 1895, 101-102)։ Վանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին հստակ տվյալները բացակայում են։

Ե․ Լալայանն իր «Վարանդա» աշխատությունում նույնպես անդրադարձել է Շոշկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Նա նշում է հուշարձանի տեղանքը ու չափսերը՝ «Խաչմաչ և Մսմնայ գիւղերի միջև տարածուող լեռնագագատու գագաթին (4669 ոտ․) է գտնվում։ Մի կամարի վրայ հաստատուած 9 մետր երկ․ և 6 մետր լայնութեան վանք է, որ ունի մի սեղան, երեք լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից։ Գաւթում կան մի քանի ծառեր, ու սուրբ են համարվում» (Լալաեան 1897, 51)։

Համաձայն որոշ հետազոտողների՝ ծիսական կառույցն այստեղ գոյություն է  ունեցել դեռևս վաղ միջնադարում: Հետագա դարերի ընթացքում, բազմաթիվ հուշարձանների նման, վանքը հիմնովին ավերվել է թշնամիների արշավանքների հետևանքով» (Բարխուտարեանց 1895, 101 -102)։   Այժմյան եկեղեցին վերակառուցվել է 17-րդ դարում: Ընդ որում, պատերի կառուցման համար օգտագործել են նախկին  կառույցների քարերը, ինչպես նաև ավելի վաղ խաչքարեր ու տապանաքարեր:

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին պատկանում է միանավ կառույցների շարքին՝ ուղղանկյուն սրահ և արևելյան խորան: Կամարակապ ծածկը հենվում է զույգ մույթերի վրա: Բեմը հարդարված է խաչաքանդակներով (նկ. 4): Եկեղեցու շուրջը կարելի է տեսնել քանդված շինությունների՝ հավանաբար, գավթի և տնտեսական շինությունների ավերակները:

Նկ․ 4 Շոշկավանքի սբ․ Աստավածածին եկեղեցու բեմը, լուս․՝ Ա․ Հայրապետյանի:

Նկ․ 5 Շոշկավանքի սբ․ Աստավածածին եկեղեցու բեմը, լուս․՝ Ա․ Հայրապետյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Վերանորոգվել է 1999 թվականին Կարո Բաբայանի կողմից:  Վերանորոգման ընթացքում թույլ են տրվել հուշարձանի նախնական տեսքն աղճատող ձևափոխություններ (Բարսեղյան, 53):  Եկեղեցին օծվել է 2009 թվականի նոյեմբերի 12-ին:  Երկարատև դադարից  հետո Շոշկավանքում առաջին պատարագը մատուցվել է Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի  ձեռամբ` 2010 թվականին: 2021 թվականի նոյեմբերի 28-ին Շոշկավանքի բարձունքում օծվեց Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավոր, 44-օրյա պատերազմի Հերոս Նորայր Միրզոյանի  հիշատակին կանգնեցված  խաչքարը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի  ձեռամբ:

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 - Մակար եպիս․ Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արոր», Բաքու։

2. Լալաեան 1897 - Լալաեան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք 2, Թիֆլիս։

3. Բարսեղյան 2011 - Բարսեղյան Ա., Արցախի վանքեր, Ստեփանակերտ:

Շոշկավանք վանքային համալիր․ Սբ․ Աստվածածին եկեղեցին
Շոշկավանք վանքային համալիր․ Սբ․ Աստվածածին եկեղեցին
Շոշկավանք վանքային համալիր․ Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ