Շուշիի երկաթեդարյան դամբարանները

Տեղադրությունը

Շուշիի դամբարանադաշտերը գտնվում են Արցախի Հանրապետության Շուշիի սարահարթի հյուսիս և հյուսիս-արևելյան լանջերին (նկ․ 1)։ Սարահարթն ու քաղաքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Շուշիի և շրջակայքի հնագիտական քարտեզ, 2005 թ., լուս․` Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Շուշի սարահարթի դամբարանադաշտերի առաջի պեղումները 1891 թվականից սկսած իրականացրել է Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանի ուսուցիչ Էմիլ Ռյոսլերը (Длужневская 2014):

2004 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբն Արցախի իշխանությունների հրավերով դաշտային հնագիտական դիտումների միջոցով կազմել է Շուշիի և նրա անմիջական շրջակայքի հնագիտական հուշարձանների ցանկն ու դրանց տեղաբաշխման քարտեզը։ Այն ներառում է պալեոլիթից մինչև 20-րդ դարի սկիզբն ընդգրկող մոտ 500 հուշարձան (նկ. 1)։ 2005 թվականին արշավախումբը լայնածավալ պեղումներ է իրականացրել Շուշիում և շրջակայքում, որոնք լավագույնս վկայում են Շուշիի սարահարթում հայ մշակութային ինքնության առկայությունը Փանահի այստեղ հայտնվելուց առնվազն 500 տարի առաջ և ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսերը (Պետրոսյան 2007, 430)։

Հնագիտական ուսումնասիրությունը

2005 թվականին Շուշի քաղաքին հյուսիսից և արևելքից հարող դամբարանադաշտերից յուրաքանչյուրում պեղվել է մեկական դամբարան։ Հյուսիսային դամբարանադաշտում ավերվելուց փրկելու նպատակով ընտրվել էր 61 համարը կրող կիսավեր դամբարանը (նկ․ 2)։ Դամբարանը շրջապատված էր իրար կողքի, տարբեր մեծության քարերով շարված կրոմլեխի երկու շարքով: Առաջին շարքի շարի մեջ կային ուղղահայաց դրված մի քանի սալաքարեր: Հյուսիսային կողմի քարերը բացակայում էին: Կրոմլեխի երկրորդ շարքի քարերը դասավորված էին պարուրաձև (նկ․ 3, 4), (Ենգիբարյան, Տիտանյան 2007, 260):

Դամբարանախուցը զուրկ էր ծածկասալերից: Դամբարանի հյուսիսային մասում (կրոմլեխի երկրորդ շարի ներսում) հայտնաբերվել են երկաթե գեղարդ և արծաթե դրվագված զարդաթիթեղ: Արևմտյան հատվածի կրոմլեխի քարերի մոտ գտնվել է բրոնզե զանգ և երկու ապարանջան: Դամբարանախցի մաքրման ընթացքում` տարբեր մակարդակներից հայտնաբերել են օբսիդիանից նետասլաք, ուլունքներ (նկ․ 5):

Նկ. 2 Դամբարան թիվ 61 մինչև պեղումները, մ․ թ․ ա. 7-6 դդ, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Նկ. 3 Դամբարան թիվ 61 պեղումներից հետո, մ․ թ․ ա. 7-6 դդ, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Խուցը ուղղանկյուն հատակագծով քարարկղ է, որի պատերը շարված են միջին մեծության քարերով և մի քանի սալաքարերով, իսկ հատակը ժայռն էր (նկ․ 6)։ Թիվ 61 դամբարանից հայտնաբերված զենքերից երկաթե խողովակակոթառ, միջնաջիղ ունեցող սայրով նիզակը, որը տարածված զինատեսակ է մ.թ.ա. 8-6-րդ դարերի հուշարձաններում: Նման նիզակներ հայտնի են մ.թ.ա. 7-6-րդ դարերը թվագրվող Գոլովինոյից, Ղաչաղանից, Ծաղկաշատից, Հարժիսից: Հայտնաբերված հաջորդ զինատեսակը վանակատից` հիմքում ուղղանկյուն փորվածքով, խնամքով ռետուշված եզրերով նետասլաքն է: Զենքի այս տեսակը հայտնի է բրոնզե դարի վաղագույն փուլից և սակավաթիվ օրինակներով շարունակում է գոյատևել մինչև մ.թ.ա. I հազ. առաջին կեսը: Համաժամանակյա հուշարձաններից հայտնի է Աստղաձորում, Վարդենիսում, Կարճաղբյուրում և այլուր (Ենգիբարյան, Տիտանյան 2007, 261-262): Մետաղական գտածոներից հետաքրքիր է նաև բրոնզաձույլ զանգը, որի ստորին եզրով անցնում է մանր կետաշար: Շրջանաձև ունկից ներքև արված անցքերում ամրացվել է ձող, որից կախվել է լեզվակը: Զանգերը, որպես մարտակառքի և ձիասարքի տարր, Արաքսից հյուսիս հանդես են գալիս մ.թ.ա. 8-րդ դարից (Ենգիբարյան, Տիտանյան 2007, 262):

Դամբարանի օձագլուխ ապարանջանները բրոնզե բարակ լարից են, զարդարված կարճ գծիկներով (նկ․ 7): Օձերի գլուխները ներկայացված են սխեմատիկ պատկերմամբ: Հետաքրքիր են որպես կախիկ օգտագործված խխունջի պատյանը և սարդիոնից, մածուկից և բրոնզից ուլունքները (Ենգիբարյան, Տիտանյան 2007, 263):

Խեցեղենի մեջ առանձնանում են սափորների, կճուճների, թաս-քրեղանների խմբերը, հիմնականում մոխրագույն և դարչնագույն` պատրաստված դուրգով կամ ձեռածեփ: Միականթ սափորների վզի, շուրթի և կանթերի բեկորները բնորոշ են մ.թ.ա. 8-6-րդ դարերում տարածված նեղ վզով, լայն բացված բերանով օրինակներին, որոնց կանթերը շուրթից միանում են իրանի վերին մասին (նկ․ 8): Այդ կանթերը աղեղնաձև են կամ կենտրոնում ելուստաձև: Կան ոլորված և ելուստներով կամ վերադիր «կոճակներով» օժտված կանթեր (նկ․ 9):

Առանձին խումբ են կազմում կճուճները, որոնք գորշ, դարչնավուն, դեղին մակերևույթով նրբախեցի կամ հաստախեցի ձեռածեփ անոթներ են: Սափորները և կճուճները հարդարված են փորագիր, փայլանախշով կամ սեղմամբ արված ալիքագծերով, հատիկանախշով, թեք գծերով, փայլագիծ ցանցանախշով կամ պայտաձև հավելադրումով (նկ․ 10; Ենգիբարյան, Տիտանյան 2007, 263-264):

Հաջորդ խումբ խեցեղենը մեծ թիվ կազմող թաս-քրեղաններն են` դարչնագույն, մոխրագույն, սև մակերևույթով, հիմնականում ուղիղ կամ ներս թեքված շուրթերով: Սրանց բնորոշ են շուրթերին կամ իրաններին՝ ուղղաձիգ կամ հորիզոնական տեղադրված օղակաձև, կիսաշրջանաձև, ելուստաձև կանթերը: Թաս-քրեղանների եռոտանի օրինակներից մեկը հարդարված է փորադիր ալիքաձև գծերի և կենաց ծառի պատկերներով:

Դամբարանի խեցեղենի մեջ ուշագրավ են անոթների ծորակները, որոնց մի մասը ավարտվում է կենդանու ոճավորված գլխով (նկ․ 11):

Թիվ 61 դամբարանը իրերի տեսականիով և դրանց հարդարանքով նման է Հարժիսի, իսկ եռոտանի թաս-քրեղանների և միականթ սափորների ձևերով Աղիտուի մ.թ.ա. 8-6 -րդ դարերը թվագրվող նյութերին (Ենգիբարյան, Տիտանյան 2007, 264):

Պեղված երկրորդ դամբարանը (թիվ 175/1), գտնվում է հյուսիս-արևելյան դամբարանադաշտում` Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի աջակողմյան երեք բլուրներից երկրորդի լանջին (նկ․ 12): Քարահողային լիցքը օղակաձև է՝ շարված իրարից հավասար հեռավորության վրա գտնվող միջին մեծության քարերով: Քարահողային լիցքից հայտնաբերվել է օբսիդիանի շեղբ, խեցանոթի մի քանի բեկոր: Դամբարանի ծածկասալերը բացակայում էին: Խուցը պատված էր մանր քարերի լիցքով: Դամբարանախուցը ուղղանկյուն հատակագծով սալարկղ է (նկ․ 13), որի հյուսիսային կեսի տարբեր մակարդակներից հայտնաբերվել են դարչնագույն միականթ սափորի և կճուճի բեկորներ:

Հարավային պատի մոտ` հատակին, դրված էին սև անոթի վատ պահպանված բեկորներ, գավազանի գլխադիր, ապարանջան, սարդիոնե ուլունք: Սակավաթիվ նյութերից ուշագրավ է գավազանի գլխադիրը (նկ․14): Այն սնամեջ է, գլանաձև իրանով, կիսաշրջանաձև գլխով: Հարդարված է երկայնակի անցնող միջանցիկ անցքերի և ելուստաձև շեղանկյունների շարքով: Այս իրերը լայն տարածում են ստանում մ.թ.ա. I հազ. սկզբում: Իշխանության խորհրդանիշ այս իրերի զուգահեռները կան Լծենում, Բալուկայում, Խանաբադում և այլ վայրերում (Ենգիբարյան, Տիտանյան 2007, 265): Հայտնաբերված նյութի հիման վրա դամբարանը թվագրվել է մ․թ․ա․ 10-8-րդ դարերով։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ դամբարանադաշտերը գտնվում էին բարվոք վիճակում։ 44-օրյա պատերազմից հետո Շուշիի ամբողջ տարածքը անցավ ադրբեջանցիների հսկողության ներքո։

Գրականություն

  1. Длужневская 2014 - Длужневская Г. Археологические исследования в Европейской части России и на Кавказе в 1859-1919 гг. (по документам Научного архива Института истории материальной культуры РАН), СПб: ЛЕМА։
  2. Պետրոսյան 2007 - Պետրոսյան Հ․ Հնագիտական հետազոտություններն Արցախում,Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․անցյալը, ներկան և ապագան, միջազգային գիտաժողով,Երևան։
  3. Ենգիբարյան, Տիտանյան 2007 - Ենգիբարյան Ն․, Տիտանյան Մ․ Շուշիի երկաթեդարյան դամբարանները, Շուշին ըստ հնագիտական հետազոտությունների, Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան։
Շուշիի երկաթեդարյան դամբարանները
Շուշիի երկաթեդարյան դամբարանները
Շուշիի երկաթեդարյան դամբարանները
Արցախ