«Շրմանա քերծ» բերդ-ամրոցը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղից 800 մետր հյուսիս։ 2023 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին պատմական տվյալները բացակայում են։ «Շրմանա քերծ» բերդ-ամրոցը վավերացված է Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)  և հիշատակվում Վ․ Բալայանի աշխատությունում (Բալայան 2019, 414)։

Ճարտարապետա-կառուցվածքային քննություն

Հուշարձանը  գտնվում է Գիշի գյուղի բարձրադիր «Շրմանա քերծի» վրա ու զբաղեցնում է բացառիկ մեծ տարածություն։ Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանն ունեցել է  3 միջնաբերդ, որոնցից գլխավորը գտնվում է կենտրոնում։ Բուն ամրոցն արևելյան, հյուսիսային և արևմտյան կողմերից շրջապատված է եղել ամրոցապատերով, որոնց լայնությունը 2 մետրից ավելի է։ Արևմտյան կողմում (հյուսիս-հարավ ուղղությամբ) պարսպապատի երկարությունը 250-300 մետր է, հյուսիսային կողմից՝ մոտ 500 մետր։ Հարավային հատվածներում պարիսպների հետքեր չեն նկատվում և ըստ էության գրեթե չեն էլ եղել, քանզի այդ հատվածը ժայռեղեն-դժվարանց է (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր; նկ․ 1-4)։ Ամրոցը ընդգրկում է նաև «Քյամալանց» աղբյուրը (նկ․ 5)։

Նկ. 1 «Շիրմանա քերծ» բերդի միջնաբերդը հարավից, լուս․` Ս․ Սարգսյանի։

Նկ. 2 «Շիրմանա քերծ» բերդի միջնաբերդը հարավից, լուս․` Ս․ Սարգսյանի։

Նկ. 3 «Շիրմանա քերծ» բերդի պարիսպների հետքերը, լուս․` Ս․ Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Բալայան 2020 - Բալայան Վ․ Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։

2․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։

«Շրմանա քերծ» բերդ-ամրոցը
«Շրմանա քերծ» բերդ-ամրոցը
Մարտունու շրջան
Արցախ