Չափար գյուղի ‹‹Շենատեղի եղցե›› եկեղեցին

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղից 0,5 կմ հարավ՝ բարձրադիր տափարակի վրա (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու տեղադրությունը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Չափար գյուղը, նշում է, որ ‹‹…եկեղեցին, հանգստարանն խիստ հին են…: Սկսեալ Չափար շինից մինչև Խոթայ վանք, մինչև Եանշաղ կան շատ աւերակներ, որոնց մէջ կան աւերակ եկեղեցիներ և մօտերքում հանգստարաններ›› (Բարխուտարեանց 1895, 203):

Չափար գյուղը հիշատակվում է Դադիվանքի, Չարեքտարի վանքերի վիմագրերում (ԴՀՎ 5, 133, 216):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին եռանավ թաղակապ սրահ է: Կառուցված է կոպտատաշ փոքր ու միջին չափերի քարերով, կրաշաղախով (նկ. 2, 3):  Հուշարձանի վրա ներքուստ ագուցված են մի շարք խաչքարեր, որոնցից մի քանիսի վրա երևում են արձանագրություններ: Խաչքարերը 12-13-րդ դարերի են (նկ. 4-6): Եկեղեցին, թերևս, կառուցվել է 17-րդ դարում: Այդ է հուշում նրա արտաքին տեսքը, ներսույթը: Եկեղեցին ներքուստ սվաղված է:

Եկեղեցու մոտ երևում են միջնադարյան գյուղի տների պատերի մնացորդներըն ու փոսորակները:

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Նկ. 3 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին կիսավեր է, պահպանվել է հուշարձանի արևելակողմը՝ խորանով և երկու ավանդատներով: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով: Արևելյան ճակատում բացվել է մեծ, ուղղանկյուն լուսամուտ, փլուզված հատվածներում փոքր պատեր են ավելացվել: Չեն պահպանվել եկեղեցու արևմտյան ճակատը, մուտքը, որտեղ կարող էր լինել և կառուցման արձանագրությունը:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982։
Չափար գյուղի ‹‹Շենատեղի եղցե›› եկեղեցին
Չափար գյուղի ‹‹Շենատեղի եղցե›› եկեղեցին
Չափար գյուղի ‹‹Շենատեղի եղցե›› եկեղեցին
Արցախ