Պառավի կամուրջը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի արևելյան հատվածում`Տրտու (Թարթառ) գետի վրա (նկ. 1, 2):
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ Ս Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009:
նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուսանկարը՝ Ս Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009:
Պատմական ակնարկ
Միջնադարյան կամուրջ է, որը մի քանի անգամ ենթարկվել է վերակառուցման։ Կամրջի անվան ծագման մասին պահպանվել է ավանդազրույց, որը գրառվել է 19-րդ դարում, համաձայն որի՝ «...քարաշէն Պառաւի-կամուրջը մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող էլ է թողած: Այդ փողը հանելու համար՝ գիւղացիք բաւականին քանդել և, կիսով չափ, փչացրել են և այդ կամուրջը» (Հայկունի 1885, 3)։ Ըստ Ս. Կարապետյանի, ավանդազրույցը վերաբերում է վերջին վերանորոգմանը, որը է հավանաբար տեղի է ունեցել 16-17-րդ դարերում (Կարապետյան 2009, 60)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Միաթռիչք կամրջի երկարությունը 7,64 մետր է, անցուղու լայնությունը` 4,78 մետր, բարձրությունը ջրի մակարդակից` 11,10 մետր: Կառուցված է կրաքարով (նկ. 3)։
նկ. 3 Կամրջի չափագրությունը, լուսանկարը՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանն ամբողջական էր և գործածվում էր։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:
Գրականություն
- Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
- Հայկունի 1885 – Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, «Մեղու Հայաստանի», թիվ 66:
Մարտակերտի շրջան
Արցախ