Սոս գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղում, բարձրադիր բլրի թեք լանջին:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Հիմք ընդունելով ծավալային լուծումն ու շինարարական տեխնիկան, այն կարելի է թվագրել 19-րդ դարով: Եկեղեցու մասին միակ վկայությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, առանց կամարի և սեան. երկարութիւնն է 12 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 90 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»… (Բարխուտարեանց 1895, 116):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին միանավ, թաղակապ սրահ է՝ ներառաված պարսպապատ բակի մեջ (նկ. 1, 2): Կառուցված է փոքր ու միջին չափերի կոպտատաշ տեղական սպիտակավուն կրաքարով, սրբատաշ են լուսամուտների շրջանակները և անկյունաքարերը: Միակ մուտքը հյուսիսային ճակատից է: Բոլոր ճակատներում բացված են մեկական լայն լուսամուտ: Սրահի թաղն ու կիսաշրջան բարձր բեմն ունեն ընդգծված սլաքաձև ծավալ (նկ. 3): Պատերը ներսից ծածկված են սվաղով: Թիթեղյա ծածկը փլուզված է, պարիսպը՝ զգալիորեն վնասված:

Նկ. 1 Եկեղեցու և պարսպապատի ընդհանուր տեսքը, լուս.՝ Ա. Սարգսյանի.

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս.՝ Ա. Սարգսյանի։

Նկ. 3 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Ա. Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին չէր գործում, այն դարձել էր ժողովրդական սրբատեղի, ինչի մասին վկայում են բեմին տեղադրված տարբեր խաչերը և սրբապատկերները (նկ. 4): Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, սակայն գտնվում է վթարային վիճակում՝ պատերին և տանիքին կան ճաքեր: Խորհրդային տարիներին շինությունը օգտագործվել է տնտեսական նպատակներով: Վնասված է եկեղեցու գլխավոր մուտքը, բացակայում են սրբատաշ քարերը: Վնասված է նաև արևելյան՝ խորանից վեր գտնվող լուսամուտը (տեսանյութ 1):

Նկ. 4 Եկեղեցու բեմը, լուս.՝ Ա. Սարգսյանի։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
Սոս գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին
Սոս գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին
Սոս գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին
Արցախ