Տյաք գյուղի բնակելի տները
Տեղադրություն
Տյաք գյուղը գտնվում է օկուպացված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Գյուղը 2017 թվականից սկսած ուներ արգելոցի կարգավիճակ, քանի որ լավագույնս ներկայացնում է 18-19-րդ դարերի Արցախի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ գյուղի կառուցապատումը ներկայացնում է ամբողջ տարածքը որպես ժամանակաշրջանը բնութագրող եզակի հուշարձան։
Պատմական ակնարկ
Տյաք գյուղը Արցախի Դիզակ գավառի փոքր գյուղերից էր: Գյուղի մասին պատմական տեղեկությունները շատ սուղ են: Ըստ հետազոտող Մանվել Սարգսյանի՝ գյուղի մասին առաջին հիշատակումը հանդիպում է 1563 թվականին տեղում արտագրված ձեռագիր մի Ավետարանի հիշատակարանում: Գյուղանունն ստուգաբանված չէ, աղբյուրներում այն հանդիպում է Տաք, Տյաք, Դաք, Տագ ձևերով (Սարգսյան 1997, 5): Տյաք գյուղի մասին համառոտ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը՝ հիշատակելով գյուղի նորակառույց սուրբ Մեսրոպ եկեղեցին և գյուղի բնակչության թվաքանակը, համաձայն որի՝ գյուղում բնակվում էր 175 տղամարդ և 135 կին (Բարխուտարեանց 1895, 67):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Գյուղի կառուցապատման համակարգում պահպանված ամենավաղ կառույցները և կառույցների մասերը վերաբերում են 19-րդ դարի սկզբներին: Բնակավայրի վերջնական տեսքը ձևավորվել է 20-րդ դարի 20-ական թվականներին (Սարգսյան 1997, 5-6):
Գյուղի կառուցապատման ժամանակ լավագույնս օգտագործվել է գյուղի բնական ռելիեֆի յուրահատկությունները: Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հարավային ծայրամասի հյուսիսային լանջերին, կիսափակ լայն լեռնահովտում՝ զբաղեցնելով թեք անտառապատ լանջի և հովտի ստորոտով հոսող գետակի միջև ձգվող նեղ տարածությունը (Սարգսյան 1997, 7): Նման տեղադրություն և դրանից բխող կառուցվածք ունեին Արցախի լեռնային գյուղերից շատերը (նկ. 1):
Գյուղի կենտրոնը կազմում է գյուղի արևելյան մասում գտնվող աղբյուրը, դեպի ուր բացվում են բոլոր նեղ փողոցները: Գյուղը բաժանված է երեք թաղերի (Ներքին, Վերին, Դամանց), որոնց հատակագծային հորինվածքը խիստ տարբեր է (Սարգսյան 1997, 11):
19-րդ դարի սկզբներին կացարանի ամենատարածված տիպը եղել է մեկ բաժանմունքից բաղկացած գլխատունը, ինչը լավ երևում է հատկապես Վերին թաղամասի բնակարաններում: Գլխատներից շատերը կառուցված էին թեք լանջի վրա՝ կիսագետնափոր էին, կառուցված էին անտաշ քարերով, կրաշաղախով: Ներսում ունեին պատերի մեջ արված խորշեր, բուխարիներ, մուտքերը կամարաձև էին (Սարգսյան 1997, 13-14): Սկսած 1840-ական թվականներից գլխատները սկսում են վերակառուցվել, սրանց կցակառուցվել են կամ ոչ հեռու կառուցվել նոր սենյակներ, որոնք ունեին պատուհաններ, թաղածածկ էին կամ հարթ ծածկով, ներքուստ խորշերով և բուխարիներով: Այս կացարանները առջևից ունեին սրահ (նկ. 2, 3): Ռելիեֆով պայմանավորված շատ նոր բնակարանները կառուցվում էին հիմնական կառուցապատումից դուրս, մեկ առանցքի երկարությամբ, միմյանց կից: Հաճախ այսպիսի տները կառուցվում էին գլխատների տեղում (Սարգսյան 1997, 16-18):
Նոր տները հաճախ թաղածածկ էին, կրում էին ‹‹օթաղ›› անվանումը: Այնուամենայնիվ, նոր տեսակի այս բնակարանների մի մասը կիսագետնափոր էր, մեկ հարկանի:
Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից սկսվում է գյուղի բնակարանների վերակառուցման նոր փուլը, ինչը պայմանավորված էր տնտեսության, ապրանքա-դրամային հարաբերությունների զարգացմամբ և հատկապես ավելի փոքր թվակազմով ընտանիքների հանդես գալով: Այլևս չեն կառուցվում կիսագետնափոր գլխատները և օթաղները, աստիճանաբար սկսում է տարածվել վերգետնյա, երկթեք տանիքով 1-2 հարկանի տան տիպը (նկ. 4): Հանդես են գալիս ընդարձակ փայտե պատշգամբները, դրանց առանցքով շարված սենյակներով, որոնց մուտքը դուրս էր գալիս պատշգամբ (նկ. 5): Երկրորդ հարկերի սենյակների մուտքերը իրականացվում էր բացառապես պատշգամբներից և բակի հետ կապվում էին բաձր աստիճաններով (Սարգսյան 1997, 20): Հստակ անջատվում է տնտեսական հատվածը: Տան առջևի փոքրիկ բակերը սկսվում են ցանկապատվել, ձևավորվում են դարպասները, որոնք կամարակապ էին, սրբատաշ քարերով իրականացված: Դարպասը դառնում էր տան գերակշիռ տարրը (նկ. 6, 7): Միևնույն ժամանակ պատշգամբներ, փայտե սյունասրահներ էին ավելացվում նախկինում կառուցված բնակելիներին (նկ. 8): Պատշգամբների սյունագերանային կառուցվածքը աստիճանաբար ձեռք բերեց առանձնահատուկ գծեր՝ վերածվելով խոյակներով և փորագրազարդ քիվերով յուրօրինակ սյունակարգի (Սարգսյան 1997, 22): Նախկինում կառուցված տներում բացվում են մեծ, ուղղանկյուն պատուհաններ: Նախկին գլխատների վրա կամ կողքը կառուցվում են նոր լուծումներով սենյակներ, հարկեր: Տների տանիքներն դառնում են կղմինդրապատ:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին նկատելի է գյուղի գրեթե բոլոր միահարկ տներին երկրորդ հարկի ավելացումը, ինչը նախկինում համատարած չէր (Սարգսյան 1997, 28):
Գյուղի տները սովորաբար կառուցված էին մեծ ու փոքր չափի կոպտատաշ քարերով, բոլոր անկյունամասերը, դռների, պատուհանները շարվում էին սրբատաշ քարով: Տան ներսը, ինչպես նաև պատշգամբների դուրս նայող պատերը սվաղվում էին և ծածկվում կրաքարային սպիտակեցմամբ (Սարգսյան 1997, 31-32)։
Այսպիսով, Տյաք գյուղի բնակելի տները թույլ են տալիս հետևել Արցախի ավանդական գյուղի բնակելի տների ձևափոխմանը, ինչը երկրամասի զարգացման արդյունք էր: Դա իր հերթին ազդում էր ավանդական կենցաղավարությանը՝ բերելով որոշակի փոփոխությունների: Նկատելի է քաղաքային ճարտարապետության ազդեցությունը:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Գյուղը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ:
Գրականություն
- Սարգսյան 1997 - Սարգսյան Մ., Տաք գյուղի պատմական կառուցապատումը, Արցախի հայ ազգային կացարանի ձևափոխման համալիր ուսումնասիրման փորձ, Երևան։
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
Հադրութի շրջան
Արցախ