Տումիի Խուտը դռե վանքը

Տեղադրություն

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղից 3 կմ դեպի արևմուտք՝ Կաթնաղբյուր աղբյուրից ոչ հեռու (Մկրտչյան 1985, 101): Շահեն Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված և 1985 թվականին հայերենով հրատարակված իր գրքում տալիս է վանքի խիստ համառոտ նկարագրություն: Ավելի մանրամասն վանքի ճարտարապետությանը, հորինվածքին հեղինակը անդրադառնում է արդեն ռուսերենով 1988 թվականին հրատարակված և Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված գրքում:

Պատմական ակնարկ

Վանքի մասին պատմական տեղեկությունները բացակայում են, վանքի Խուտը դռե (յոթ դռնանի՞) անվանումը բարբառային արտասանության հետևանք է:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Վանքը կիսաքանդ է և ընդհանուր ճարտարապետական կերպարի մասին պատկերացում կարելի է կազմել միայն տեղում արված չափագրության հիման վրա: Համալիրը բաղկացած է արևմուտք-արևելք ձգվող միջանցքի երկարությամբ տեղադրված երկու ոչ համաչափ, միասրահ, պայտաձև խորան ունեցող եկեղեցիներից, և եկեղեցիների արևմտյան մասով ձգվող, զույգ գլանաձև սյուներով ձևավորվող եռակամար մուտքով սրահից (նկ. 1):

նկ. 1 Եկեղեցու հատակագիծը, Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, 1988, էջ 86։

Երկու եկեղեցիները բավականին նման են, տարբերվում են միայն չափերով, ինչպես նաև մուտքերի տեղադրությամբ: Առաջին եկեղեցու չափերն են  8,5X4 մ, միակ մուտքը գտնվում է հյուսիսում (նկ. 2):  Եկեղեցին լուսամուտներ չունի: Երկրորդ՝ փոքր  եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, մեծ եկեղեցու մուտքի դիմաց (նկ. 3):  Այս եկեղեցին ևս լուսամուտներ չունի (Мкртчян 1988, 86-87): Եկեղեցիների միջև գտնվող միջանցքն ունի 6,0X3,7 մ չափեր և հանդիսանում է եռակամար մուտքով սրահի շարունակությունը (նկ. 4):

նկ. 3 Երկրորդ եկեղեցու մուտքը, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 2 Առաջին եկեղեցու մուտքը, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 4 Եկեղեցիների միջև գտնվող միջանցքը, լուս. Գ. Բուդաղյանի։

Սրահի կամարները նույնպես պայտաձև են (Мкртчян 1988, 87): Համալիրը կառուցված է անտաշ և կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կրաշաղախով (նկ. 5-8): Ինչպես Մոխրենեսի մոտ գտնվող Օխտը դռնի վանքում, այստեղ ևս՝ յուրաքանչյուր շարք խոշոր քարերից հետո, հաջորդ շարքն իրականացված է մանր քարերով (Мкртчян 1988, 73, 87): Պատերի հաստությունը կազմում է 140-200 սմ: Շահեն Մկրտչյանը այն թվագրում է 5-6-րդ դարերով (Мкртчян 1988, 87): Նկատի ունենալով կառուցողական տեխնիկայի ակնհայտ նմանությունը Օխտը դռնի վանքի եկեղեցու հետ, ավելի հավանական է, որ այն նախորդել է Օխտը դռնե վանքին:

նկ. 5 Վանքի շինությունների ավերակները, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 6 Վանքի շինությունների ավերակները, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 7 Վանքի շինությունների ավերակները, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 8 Վանքի շինությունների ավերակները, լուս. Գ. Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Արցախյան պատերազմների ժամանակ վանքի ավերակները չեն տուժել, այժմ այն գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում և ներկա վիճակի մասին տվյալները բացակայում են:

Գրականություն

  1. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։
  2. Мкртчян 1988 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван։
Տումիի Խուտը դռե վանքը
Տումիի Խուտը դռե վանք
Տումիի Խուտը դռե վանք
Արցախ