Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին

Տեղադրությունը

Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերանից գտնվում է 23, իսկ Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին և հին գերեզմանոցը (Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին - Monument Watch), Քարին ջուր աղբյուրը (Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը - Monument Watch), Թադեոսի կամուրջը (Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը - Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին: Գյուղն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:

Պատմական ակնարկ

Գյուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 131)։ Բարխուդարյանցը ներկայացնում է գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ՝ հիմնականում Շուշիից (Բարխուտարեյանց 1895, 131, նկ․ 1, 2)։

Նկ․ 1 Սբ․ Սարիբեկ սրբատեղիի ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 2 Ընդհանուր տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Սրբավայրի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում նաև Ե. Լալայանը, նշելով, որ սրբավայրի հիմնական ուխտի օրը Վարդավառի տոնն է (Լալայան 1897, 201)։ Խոսելով սրբերի պաշտամունքի մասին, Լալայանը ներկայացնում է Սարիբեկ սրբատեղիի ավանդույթը, ըստ որի թուրք քույր ու եղբայր հյուրընկալվում են Երուսաղեմից եկած մի վարդապետի և նկատում են, թե ինչպես է նա օդի մեջ կախված աղոթում: Այս հրաշքից հափշտակված նրանք ընդունում են քրիստոնեություն և մի նորահավատ ծառայի հետ փախչում Վարանդա: Թուրքերը հետևում են նրանց և նահատակում՝ Շուշիից մոտ 10 վերստ հեռավորության վրա (մեկ վերստը հավասար է 1066,8 մետրի), մի լեռան վրա, ուր այժմ գտնվում է նրա ուխտատեղին: Եղբոր անունը Մարտիրոս է եղել, բայց սրով նահատակվելու պատճառով վերակոչվել է Սրաբեկ, իսկ ժողովուրդն աղավաղելով՝ կոչել է Սարիբեկ: Ձորի մեջ՝ թփերի տակ, գտնվում է ծառայի նահատակված տեղին, որը նույնպես ուխտատեղի է։ Սարիբեկից ոչ բարձր գտնվում է քրոջ նահատակության տեղին, որտեղ դրված քարը տեղափոխվել է Սարիբեկ (Լալայան 1897, 181)։

Մեկ այլ ավանդապատում գրի է առել Ի. Պետրուշևսկին, ըստ որի Սարիբեկը մի բարեկիրթ մարդ է, որ ապրում է Թեմուրի արշավանքների ժամանակ: Չաղաթայան (Մոնղոլական խանության Միջին Ասիայի հատվածը) զինվորները ցանկացել են ստրկության տանել ու պատվազրկել նրա քրոջը, բայց եղբայրը հետ է նվաճել քրոջը և մահացել ստացված վերքերից (Петрушевский 1930, 22):

Լալայանը խոսելով Վարանդայում ծառերի պաշտամունքի մասին ամեն տեսակ հիվանդություն բուժող և ցանկություն կատարող սրբատեղիներից անդրադառնում է նաև Սարիբեկի երեք թեղի ծառերին։ Նաև նշում է, որ իրենից 40 տարի առաջ մի բնակիչ կոտրել է ծառից մի ճուղ և հիվանդացել անկողնային հիվանդությամբ և հիմա ամեն տարի մեկ անգամ ուխտի է գնում Սբ․ Սարիբեկ, հիվանդությունը բուժելու համար (Լալայան 1897, 161)։ Իսկ հիվանդություն բուժող ծառերի շարքում անդրադառնում է նաև Սարիբեկի 100-ամյա թեղի ծառին՝ մանրամասն նկարագրելով Մկնատամ հիվանդությունը բուժող ծեսը (Լալայան 1897, 163)։ Ըստ Լալայանի Սարիբեկում հիվանդություն բուժող զորություն ունեն նաև սրբավայրի վերին հատվածում գտնվող ժայռերը, որոնց շուրջն իրականացվում է հազն անցկացնող հատուկ ծես (Լալայան 1897, 155, նկ․ 3):

Նկ․ 3 Սբ․ Սարիբեկի սրբացված ժայռերը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Լալայանը նաև մանրամասն նկարագրոում է Կեղ (թիզ) չափելու ծեսը, և նշում, որ Սարիբեկ սրբավայրը նման շնորհ է տվել Մոսունց Սանդուխտին (Լալայան 1897, 185)։

Տարածքում պեղման-մաքրման աշխատանքներ են իրականացվել 2011 թվականի հունիս-հուլիս ամիսներին (Սարգսյան 2015, 178)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Սբ․ Սարիբեկը (Սրաբեկ) գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում։ Սրբատեղին բաղկացած է սրբացված ծառերից, ժայռերից, խաչքարերից, աղբյուրից, կառույցի հետքերից։

Սրբավայրի հիմնական մասը իրենից ներկայացնում է ուղղանկյուն եզրապատերի մեջ վերցված երկու տարբեր մակարդակների վրա գտնվող բաց հարթակներ, որոնք իրարից բաժանված են հենապատով։ Տարածքի ընդհանուր չափերը 13․2 x 10․8 մետր է։ Ծառերն ու խաչքարերը գտնվում են ստորին հարթակում, իսկ շինությունների մնացորդները և տապանաքարերը՝ վերին հարթակում (Սարգսյան 2015, 180):

Սրբատեղիի տարածքում դիտելի են նաև մատուռի հետքերը։ Կառույցն ունեցել է 6 մետր երկարություն և 4 մետր լայնություն։ Պահպանվել է միայն արևելյան պատը՝ մինչև 1 մետր բարձրությամբ: Թվագրվում է 16-17-րդ դարերով (Արցախի Հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Դաշուշեն գյուղ, Մատուռ Սրաբեկ, նկ․ 4)։ Նույն ժամանակին է պատկանում նաև երկու խաչքարերից մեկը (չորս խաչերով, նկ․ 5), իսկ մյուսը ավելի ուշ խաչքար է (20-րդ դարասկիզբ)։ Երկու խաչքարերն էլ հենված են սրբացված ծառերից մեկին և կենտրոնական տեղ են զբաղեցնում սրբատեղիում (նկ․ 6)։

Տարածքում առկա են նաև արձանագրություներով նույնանուն աղբյուր, արձանագիր տապանաքարեր։ Իսկ 2019 թվականին սրբատեղիի հարևանությամբ բարերարների հովանավորությամբ կառուցվել է փոքրիկ համալիր հրամանատար Սամուել Վարդանյանի հիշատակին (նկ․ 7)։

Նկ․ 4 Մատուռից պահպանված հատվածը մինչև տարածքի վերանորոգումը, լուս. Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարանից։

Նկ․ 6 Սբ․ Սարիբեկի սրբացված խաչքարերը, լուս. Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարանից։

Նկ․ 5 Սբ․ Սարիբեկի սրբացված խաչքարերից, 17-րդ դ․, լուս. Գ․ Սարգսյանի։

Նկ․ 7 Սբ․ Սարիբեկի տարածքում գտնվող նոր համալիրը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ և հետո Քարաշենի Սբ․ Սարիբեկ սրբատեղին  զգալի փոփոխություններ չի կրել։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Արօր, Բագու։
  2. Սարգսյան 2015 - Սարգսյան Գ․, «Սուրբ Սարիբեկ» հնավայրի պեղման-մաքրման աշխատանքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012 թթ․, Ստեփանակերտ։
  3. Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, Ազգագրական հանդես, Բ գիրք, Թիֆլիս։
  4. Петрушевский 1930 - Петрушевский И., О дохристианских верованиях крестьян Нагорного Карабаха, Баку.
  5. Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Դաշուշեն գյուղ, Մատուռ Սրաբեկ, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=683&act1=more&act=filter&mtype=0&searchword=%D4%B4%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B6, 25․09․2023։
  6. Արցախի հանրապետության Հուշարձանների տեղեկատվական շտեմարան, Դաշուշեն գյուղ, Սրբատեղի Ս․ Սրաբեկ http://monuments.nk.am/pages.php?al=home&id=684&act1=more&act=filter&mtype=0&searchword=%D4%B4%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B6, 26․09․2023։
Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին
Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին
Ասկերանի շրջան
Արցախ