Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը

Տեղադրությունը

Թադեոսի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն)  գյուղից մոտ 600 մետր հարավ-արևմուտք՝ Կարկառ գետի վրա (նկ․ 1)։

Նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, 2021 թ․, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Կամուրջը Թադեոսի են կոչում տեղացիները, որոնց վկայությամբ 19-րդ դարի կեսերին այն կառուցել է Դաշուշենի տանուտեր Թադևոս Առաքելյանը։

Ճարտարապետական – հորինվածքային նկարագրություն

Կամուրջը նախատեսվել և կառուցվել է հետիոտների, անասունների և գրաստների համար։ Երկթռիչք է (նկ․ 2), կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով՝ ամրացված կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շինված միայն կամարների անկյունները։  Կամրջի թռիչքներն ունեն տարբեր չափսեր։ Գետն անցնում է մեծ թռիչքի տակով։ Այն հյուսիսային կողմում է և խելը ձուլված է գետի աջափնյա ժայռին (նկ․ 3): Մեծ թռիչքի երկարությունը 6,44 մետր է, իսկ փոքրինը, որը նախատեսվել է կամրջի անցուղու հարթ մակերեսն ապահովելու համար` 3,3 մետր։ Անցուղու լայնությունը 3,53 մետր է, բարձրությունը՝ 6,30 մետր (նկ․ 4):

նկ. 2 Կամուրջը հյուսիս-արևմուտքից, 2021 թ․, լուս․ Ա․ Գրիգորյանի։

նկ. 4 Կամրջի հատակագիծը, չափ․ Ա․ Հակոբյանի (RAA)։

նկ. 5 Կամրջի արևելյան ճակատը, լուս․ Ս․ Կարապետյանի։

նկ. 3 Մեծ թռիչքի արևելյան ճակատը, 2021 թ․, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Թեև արցախյան  պատերազմների ժամանակ այս տարածքները ուժգին հրետակոծության տակ են եղել,  բայց բարեբախտաբար կամուրջը չի տուժել (նկ․ 5, 6)։ 2020 թվականի պատերազմի դադարից հետո հայ-ադրբեջանական շփման գիծն այնքան է մոտեցել  հուշարձանին, որ  և խնդիրներ են առաջացել կամրջի անվտանգության և պահպանության համար:

նկ. 6 Կամրջի արևմտյան ճակատը, 2021 թ․, լուս․Ա․ Գրիգորյանի։

Գրականություն

1․ Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։

Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը
Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը
Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը
Արցախ