Քարին Տակ քարեդարյան քարանձավային համալիրը
Տեղադրությունը
Քարին Տակ քարանձավը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի մոտակայքում: Այն տեղակայված է Քարինտակ անտառում` Կարկառ գետի աջ ափին (նկ․ 1): 2020 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Քարանձավը «Ալեքսանա ղուզուն կարան» անվամբ հիշատակում են Մ․ Բարխուտարյանցը և Ե․ Լալայանը (Բարխուտարեանց 1895, 135, Լալայան 1897, 18)։
Քարին Տակ քարանձավի հետազոտական ծրագիրը իրականացվել է Փոքր Կովկասում պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում (մոտ 2,6 միլիոն տարուց մինչև մեր ժամանակները) հնագույն մարդկանց գաղթուղիները, բնակեցման օրինաչափությունները, կենսաբազմազանությունը և կլիման բնութագրելու նպատակով:
Քարին Տակ քարանձավային համալիրն առանցքային դիրք է զբաղեցնում Աֆրիկայից նախապատմական գաղթերի և Ասիայի ու Եվրոպայի գաղութաբնակեցման վերականգնման առումով, քանի որ տեղակայված է աշխարհագրական մի միջանցքում (նկ. 2), որը հնարավոր անցուղի է ծառայել Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի միջև ինչպես ժամանակակից մարդու և նրա վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական և աֆրիկյան ֆաունայի այլ ներկայացուցիչների համար (Հաշվետվություն 2019, 38):
Հնագիտական փորձաքննություն
Հնավայրում լայնածավալ պեղումները մեկնարկել են համապատասխան մասնագետներով համալրված միջազգային արշավախմբի կողմից 2016 թվականին և շարունակվել 2017-2020 թվականների դաշտային շրջանների ընթացքում (արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյան): Պեղումների ընթացքում բացահայտվել է միջին քարեդարից մինչև պղնձի դար թվագրվող մշակութային շերտերի շարունակական հաջորդականություն։ Քարանձավում իրականացված դաշտային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 20000 բրածո ոսկրանյութ (Անտոնոսյան 2021, 67):
2016 թվականի դաշտային շրջանում կատարված աշխատանքների արդյունքում իրականացվել է առաջնային երկրաբանական վերլուծություն և ներկայացվել է քարանձավի երկրաբանական կառուցվածքն ու շերտագրությունը (Հաշվետվություն 2017, 50; նկ. 3): Հայտնաբերվել են ավելի քան 1000 բրածո ոսկորներ՝ խոշոր կաթնասուններից (սնամեջ եղջերավորներ, երկկճղակավորներ, շնազգիներ) մինչև միկրոֆաունայի ներկայացուցիչնե (մանր կրծողներ, միջատակերներ), թռչուններ և ձկներ: Հայտնաբերվել է նաև մարդու երկու ատամ: Բացի այդ, գտնվել է օբսիդիանից պատրաստված քարե գործիք (նկ․ 4, 5):
2017 թվականին կատարված աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ, պահպանվել են աղտոտվածությունից խուսափելու միջոցները, իրականացվել է գտածոների եռաչափ արձանագրում` գտածոների տարածական և ժամանակային բաշխվածության տեղեկատվությունն ապահովելու նպատակով։ Մանր բրածոների հայտնաբերման նպատակով իրականացվել է նստվածքաշերտերի չոր մաղում (նկ․ 6, 7): Բացի այդ, կատարվել է քարայրի երկրաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություն:
2018 թվականի դաշտային աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել են 8500 բրածո ոսկոր, ինչպես նաև ածխի մնացորդներ և կապրոլիտ: Գտնված ոսկորների մեծ մասը ներկայացված են մանր բեկորներով, հազվադեպ հանդիպում են ամբողջական նմուշներ: Մորֆոլոգիապես նույնականացման ենթակա հավաքածուն գերազանցապես ներկայացված է մանր կաթնասուններով, գերակշռում են լծակային ոսկրերը, ստորին ծնոտները և ողերը: Խոշոր կաթնասունների մնացորդները հիմնականում ներկայացված են ատամներով, ֆալանգներով և լծակային ոսկրերի դիաֆիզներով: Բրածո մնացորդների մեջ հանդիպում են նաև ձկան ողեր և թռչունների ճանկեր։ Հայտնաբերվել է նաև մարդկային ոսկոր:
Պեղված նմուշներն ամեն օր մաքրվել և նախնական նույնականացվել են դաշտային լաբորատորիայում (նկ․ 8): ԴՆԹ-ի քայքայումը կանխելու նպատակով պեղված նստվածքաշերտերը չորացվել են արևի ուղիղ ճառագայթների բացակայության պայմաններում (նկ․ 9): Չորացված նստվածքաշերտերը տեղում ենթարկվել են չոր մաղման՝ օգտագործելով երկու չափի մաղեր, նվազագույնը` 0.5 մմ. անցքերով, ինչը թույլ է տալիս վերականգնել մանր բրածո մնացորդները (նկ․ 10):
Քարին Տակ քարանձավի 2017-2019 թվականների դաշտային շրջաններում հայտանաբերվել են ավելի քան 100 բրածո սերմեր: Բուսական մնացորդների մորֆոլոգիական նույնականացումը կատարվել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության լաբորատորիայում (Հաշվետվություն 2018):
Քարին Տակ քարանձավը գիտական մեծ նշանակություն ունեցող հնավայր է, որը կարևոր տեղեկություններ է պահպանում քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր տարածքի հնագույն կենսամիջավայրի, մարդու վաղ բնակեցման և էկոլոգիական հարմարվողականության մասին: Մինչդեռ արդի մոլեկուլային գործիքները հնարավորություն են ընձեռում վերծանելու այդ տեղեկությունները և ստանալու սպառիչ եզրակացություններ հեռավոր անցյալի մասին (Անտոնոսյան 2021, 71):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափումից հետո տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
- Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք II, Թիֆլիս:
- Անտոնոսյան 2021 - Անտոնոսյան Մ., Ստենտոն Դ., Ամանո Ն., Եպիսկոպոսյան Լ, Քարին Տակ քարանձավի ոսկրանյութում մոլեկուլային պահպանվածության գնահատում, ՀՀ ԳԱԱ զեկույցները, N 1։
- Հաշվետվություն 2017 - Քարին Տակի արշավախմբի 2017 թվականի հաշվետվություն։
- Հաշվետվություն 2018 - Քարին Տակի արշավախմբի 2018 թվականի հաշվետվություն:
- Հաշվետվություն 2019 - Քարին Տակի արշավախմբի 2019 թվականի հաշվետվություն:
Շուշի
Արցախ