Ազոխի քարանձավը

Տեղադրությունը  

Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Տեղակայված է գետահովտի վերևում՝ նույնանուն գյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա: Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և կենդանիները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա և Ասիա։

Պատմական ակնարկ

Համաձայն ավանդության, այս քարանձավում են պահվել Ամարասի վանքի գանձերը (Մկրտչյան 1985, 109): Իսկ Մակար Եպիս. Բարխուտարեանցը, ով հիշատակում է քարանձավի մասին 19-րդ դարի վերջին, նշում է, որ այստեղ տեսել է քարից կոփված կնոջ արձան (Բարխուտարեանց 1895, 88):

Հնագիտական հետազոտության առաջին փուլը

Ազոխի քարանձավը մարդու վաղ բնակեցման կարևոր հնագիտական հուշարձաններից է: Այն բնական ընդարձակ քարայր է` բաղկացած է մի քանի սրահներից, որոնք միմյանց միանում են նեղ միջանցքներով և մուտքերով (նկ. 1): 

Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումներն սկսվել են 1960 թ.՝ ադրբեջանցի հնագետ Մ. Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել է հնավայրի պեղումները (Гусейнов 1971, 477): Պեղումների առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին, որը ներկայումս համարվում է հեյդելբերգյան մարդու դարաշրջան (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 12): 

Պեղումների այս փուլում բավական մեծ տեղեկատվություն է կորել, քանի որ դրանք համակարգված և միջգիտակարգային բնույթ չէին կրում: 

Քարանձավին վնաս են հասցրել նաև ուսումնասիրության համար արշավախմբի ընտրած մեթոդն ու գործիքակազմը: Պեղումների երկրորդ փուլում մասնագետների կողմից փաստվել է, որ քարանձավի որոշ հատվածներում նախկինում պայթեցումներ են արվել: Դա են վկայում ոչ միայն ականատեսների տեղեկությունները, այլև քարանձավի մուտքի մոտ ժայռի որոշ կտրվածքներ: Ականատեսների վկայությամբ, պեղումների համար երբեմն գործածվել է նաև վակումային պերֆերատոր: Սա իր անվերադարձ հետքն է թողել հուշարձանի վրա: Չի բացառվում, որ նման գործիքի կիրառման պատճառով է վնասվել նաև այստեղից հայտնաբերված մարդու ստորին ծնոտի բեկորը: 

նկ.1 Ազոխի քարանձավի գլխավոր մուտքը, 2017թ., լուս․ Ն․ Երանյանի։

Պեղումների երկրորդ փուլը

2002 թվականից սկսած` Արցախի հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ է իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել է 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա (նկ. 2, 3, 4, 5): 

Արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածություն տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 10-20):

Պեղումների նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականություն: Բացի այդ, վկայություն կա, որ այս տարբեր ժամանակաշրջանների ըթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ Homo heidelbergensis, Homo neanderthalesis, Homo sapiensis (Քինգ, Կասերես Քուելո դե Օրո, Մյուրեյ, Էնդրյուս, Հիքսոն Էնդրյուս, Դոմինգես Ալոնսո, Ասրյան, Սանզ Մարտին, Մոլոնեյ, Եպիսկոպոսյան 2015, 3-19): 

 

նկ. 2 Պեղման աշխատանքները հնագիտական հետազոտությունների երկրորդ փուլում՝ հրատարակված՝ Fernandez-Jalvo King, Yepiskoposyan, Andrews, 2016 թ.:

նկ. 4 Պեղման աշխատանքները հնագիտական հետազոտությունների երկրորդ փուլում՝ հրատարակված՝ Fernandez-Jalvo King, Yepiskoposyan, Andrews, 2016 թ.:

նկ. 3 Պեղման աշխատանքները հնագիտական հետազոտությունների երկրորդ փուլում՝ հրատարակված՝ Fernandez-Jalvo King, Yepiskoposyan, Andrews, 2016 թ.:

նկ. 5 Պեղման աշխատանքները հնագիտական հետազոտությունների երկրորդ փուլում՝ հրատարակված՝ Fernandez-Jalvo King, Yepiskoposyan, Andrews, 2016 թ.:

Վիճակը պատերազմից առաջ

Վերջին տարիներին հուշարձանի տարածքում այլևս պեղումներ չէին իրականացվում: Այն ներառված էր Ազոխի քարանձավ պետական արգելոցի կազմում, մուտքերը ցանկապատված էին, ելումուտը՝ սահմանափակված, և հսկվում էր պետության կողմից: Նախատեսվում էր գյուղի տարածքում հիմնել թանգարան, որտեղ պետք է ցուցադրվեին նաև պեղումներից հայտնաբերված գտածոները:

Վիճակը պատերազմի ընթացքում 

Համադրելով եղած տեղեկությունները և առկա տեսանյութերը, կարող ենք ենթադրել, որ հուշարձանը պատերազմի ըթացքում վնաս չի կրել:

Վիճակը պատերազմից հետո և այժմ 

Պատերազմից օրեր անց համացանցում հայտնվեց տեղեկություն, որ Ազոխի հնագիատական հանգրվանից, որը գտնվում էր գյուղի տարածքում, շուրջ 20 արկղ տեղափոխվել է Բաքու: Այդ արկղերում այն գտածոներն էին, որոնց հիման վրա նախատեսվում էր համայնքի տարածքում թանգարան բացել:

Պատերազմից հետո համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները անարգել ելումուտ անում քարանձավում, ինչը վնասում է այնտեղ բնակվող բացառիկ տեսակի չղջիկներին:

Հուշարձանի պահպանության և հետազոտության հետագա ճակատագիրն անհայտ է: Մարտի 16-ին Ազոխ գյուղ և հուշարձան այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր խոսքում նշեց, որ Ազոխը իրենց պատմական հայրենիքն է և այնտեղ շարունակվելու են հնագիտական պեղումները: Նույն խոսքերն էին կրկնում նաև որոշ ադրբեջանցի լրագրողներ և մասնագետներ:

Հուշարձանն այժմ լուրջ վտանգի տակ է:

 

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Մակար Բարխուտարեանց, Արցախ, Բագու:
  2. Մկրտչյան 1985 – Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, Հայաստան:
  3. Քինգ, Կասերես Քուելո դե Օրո, Մյուրեյ, Էնդրյուս, Հիքսոն Էնդրյուս, Դոմինգես Ալոնսո, Ասրյան, Սանզ Մարտին, Մոլոնեյ, Եպիսկոպոսյան, 2015 - Քինգ Տ., Կասերես Քուելո դե Օրո Ի., Մյուրեյ Ջ., Էնդրյուս Փ., Հիքսոն Էնդրյուս Ս., Դոմինգես Ալոնսո Պ., Ասրյան Լ., Սանզ Մարտին Թ., Մոլոնեյ Ն., Եպիսկոպոսյան Լ., Ազոխի քարանձավի 2011-2012թթ. հետազոտությունների հիմնական արդյունքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012 թթ., Դիզակ Պլյուս, Ստեփանակերտ, 2015, էջ 3-19:
  4. Fernandez-Jalvo King, Yepiskoposyan, Andrews, 2016 - Fernandez-Jalvo Y., King T., Yepiskoposyan L., Andrews P., Azokh Cave and the Transcaucasian corridor, 2016, Springer, p. 1-27.
  5. Mustafayev A., Jawbones and dragon legends, Azerbaijan’s prehistoric Azikh Cave. Azerbaijan International, 4, 24–32.
  6. Гусейнов 1971 - Гусейнов М., Азыхская пещера — многослойный памятник ашельского периода в СССР, Археологические орктытия, с. 477.
Ազոխի քարանձավը
Ազոխի քարանձավ
Ազոխ
Արցախ