Ամարասի սբ․ Գրիգորիսի մասունքարանը

Պատմական ակնարկ

Սբ․ Գրիգորիսի մասունքարանը հայագիտական գրականության մեջ ավելի հայտնի է Սբ․ Գրիգորիսի դամբարան կամ մատուռ-դամբարան անունով: Սակայն նկատենք, որ այն կառուցվել է սրբի մահվանից մոտ 150 տարի հետո, երբ գտնվել են նրա մասունքները, որոնք նաև բաժանվել են տարբեր սրբավայրերի միջև, և ինչպես ցույց են տվել նաև 2014 թվականի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներն Ամարասում, այն թաղման խուց չի ունեցել: Դժվար է նաև այն կոչել մատուռ (չնայած Կաղանկատվացու աղբյուրն այն մատուռ է կոչում. Վաչագան Բարեպաշտը «հրամայում է գերեզմանի վրա մատուռ հիմնել, շտապ ավարտել և անվանել Սուրբ Գրիգորիսի մատուռ»,  Կաղանկատվացի 1969, 60), եթե մատուռի տակ հասկանանք մի կառույց, որն ունի պատարագի համար նախատեսված արևելյան խորան: Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, այն կառուցվել է որպես սրբի մասունքարան (Պետրոսյան 2020, 219-238): Եվ մեր շարադրանքում այս և Արցախի նման այլ կառույցներն անվանելու ենք մասունքարան:

Անկախ կոնկրետ գործառույթից, այն Արցախի ամենահին ու հստակ թվագրված, ճարտարապետական, շինարարական ու քանդակային ամենակարևոր վաղքրիստոնեական հուշարձանն է Արցախում:

Սուրբ Գրիգորիսի վարքը վկայված է հայ վաղքրիստոնեական պատմիչների երկերում (Բուզանդ, Խորենացի, Կաղանկատվացի): Ըստ այդ աղբյուրների Գրիգորիսը Գրիգոր Լուսավորչի թոռն էր, ում տասնհինգ տարեկան հասակում «ձեռնադրում են  Վրաստանի և Աղվանքի եպիսկոպոս, ու մեկնելով՝ լուսավորում է երկու երկրներն էլ ու նրանց քրիստոնյա դարձնում» (Կաղանկատվացի 1969, 27): Սակայն Գրիգորիսի քարոզչությունը, որ չպետք է հափշտակել ու գողանալ, խիստ զայրացնում է Կովկասի ավարառու ցեղերին. նրանք բռնում են մանուկ Գրիգորիսին, կապում մի կատաղի ձիու պոչից և բաց թողնում Վատնյան դաշտը: Նահատակված Գրիգորիսի մարմինն իր աշակերտները բերում են Ամարաս ավան կամ գյուղաքաղաք, որ գտնվում էր Հաբանդ գավառում և դնում Գրիգոր Լուսավորչի կառուցած եկեղեցում կամ դրան կից (Բուզանդ 1987, 27, Խորենացի 1997, 212, Կաղանկատվացի 1969, 29, աղբյուրագիտական մանրամասն քննությունը տե՛ս Հակոբյան 2020, 69): Ընդունված է, որ այս նահատակությունը տեղի է ունեցել 330-331 թվականներին (Հակոբյան 2020, 69):
Սրբի նահատակությունից մոտ 150 տարի անց Աղվանքի Վաչագան Բարեպաշտ թագավորը (Արցախն ու Ուտիքը մոտ հինգերորդ դարի կեսերին Սասանյաններն անջատել էին Մեծ Հայքից և մտցրել Աղվանքի կազմի մեջ) գտնում է սրբի մասունքները, մի մասը բաժանում տարբեր եկեղեցիների միջև, իսկ մնացածի համար որպես ամփոփարան կառուցում մասունքարանը (Կաղանկատվացի 1969, 48-62):

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Գրիգորիսի մասունքարանը կիսագետնափոր կառույց է, որի վերնամասը համարյա չի պահպանվել, իսկ ստորգետնյա մասը պահպանվել է համարյա ամբողջությամբ (նկ. 1): Կառույցը ներքուստ իրականացված է սպիտակ կրաքարե սրբատաշ բլոկներով և սալերով ու կրաշաղախով: Այն արևմուտքից արևելք ձգվող խիստ երկար (մոտ 15 մետր) շինություն է, որի հիմնական ծավալները կազմում են երեք՝ հյուսիսային, հարավային և արևելյան աստիճանավոր մուտքերը և մասունքների համար նախատեսված փոքրիկ (3,6x1,9 մետր) սրահը:

Նկ. 1 Գրիգորիսի դամբարանի հատակագիծը և երկայնական կտրվածքը, չափագրությունը Լ. Կիակոսյանի և Լ. Մինասյանի:

Սրահի և մուտքերի թաղերն ունեն պայտաձև ծավալներ (նկ. 2-4): Սրահի թաղը հենվում է անմիջապես պատի վրա, մուտքերի թաղերը՝ պարզ տրամատավորում ունեցող պահունակային գոտու վրա, հարավային մուտքի գոտին հարդարված է կենտրոնից վեցական ելնդավոր ճառագայթներով ձևավորված ուղղանկյունիներով (նկ. 5): Հարավային շքամուտքի պարակալը հարդարված է բարձունքի վրա պատկերված պտղակալած արմավենիներով, որն ակնարկում է Երուսաղեմյան սրբազան լանդշաֆտը (նկ. 6): Հավանական, է, որ նման լուծում է ունեցել նաև հյուսիսային մուտքը, որը 19-րդ դարում, նոր եկեղեցին կառուցելիս փակվել է և այժմ տեսանելի չէ: Արտառոց է արևելյան մուտքի երկարությունը (6,25 մետր), ինչն ակնհայտորեն շեշտում է նրա ծավալային և ծիսական դոմինանտությունը ողջ կառույցի համակարգում՝ մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այն ներքուստ ունի ընդգծված առաջեկ պայտաձև եզրավորում (նկ. 7):

Նկ. 2 Դամբարանի սրահն ու արևելյան միջանցքը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 3 Հարավային մուտքը դրսից, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 4 Արևելյան մուտքը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Հարավային մուտքի պահունակային գոտու հարդարանքը, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 6 Հարավային մուտքի քանդակազարդ պարակալը, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 7 Արևելյան մուտքի եզրակամարը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի:

19-րդ դարում նոր եկեղեցին կառուցելիս մասունքարանի արևմտյան հատվածը ներառվել է եկեղեցու բեմի տակ, իսկ արևելյանը դուրս է թողնվել:

 Գրիգորիսի մասունքարանը հնագիտական հետազոտության լույսի ներքո

Արցախի Տիգրնակերտի վաղքրիստոնեական հրապարակի 2013-2014 թվականների պեղումներով փոքր եկեղեցու արևելյան խորանի տակ բացվել էր ներքուստ սրբատաշ թաղծածկ մի կառույց, որն ուներ միակ արևելյան մուտք: Նրա հետազոտությունը հանգեցրեց այն եզրակացության, որ գործ ունենք 5-6-րդ դարերում կառուցված մասունքարանի հետ (մանրամասն տե՛ս Պետրոսյան 2020, 219-226): Տիգրանակերտի մասունքարանում միակ մուտքի արևելյան տեղադրությունը, ինչը խիստ արտառոց է վաղքրիստոնեական ծիսական կառույցների համար, հիմք հանդիսացավ պեղումներ նախաձեռնել Ամարասի Սբ․ Գրիգորիսի մատուռում (պեղումներն իրականացրել են Հ. Պետրոսյանը և Ն. Երանյանը, չափագրությունը՝ Լ. Կիրակոսյանի և Լ. Մինասյանի), որի հիմնական ծավալը գտնվում է ներկա եկեղեցու արևելյան խորանի տակ, և որը հարավային ու հյուսիսային մուտքերի հետ միասին, ըստ որոշ դիտարկումների, ունեցել է նաև արևելյան մուտք (Հասրաթյան 1992, 22), որի հետքերը պետք էր փնտրել եկեղեցուց դուրս՝ նրա  արևելյան պատին կից հատվածում:

Ըստ որոշ տեղեկությունների անցած դարի 60-ական թվականներին այստեղ պեղումներ են ձեռնարկել ադրբեջանցի հնագետները և ի մասնավորի Ռաշիդ Գեուշևը: Այդ աշխատանքների մասին ադրբեջանցի հետազոտողի հակասական ու կցկտուր հաղորդումներից կարելի է եզրակացնել, որ պեղումներ են իրականացվել ինչպես Ամարաս գյուղաքաղաքի տարածքում, որի ավերակներն այսօր էլ դիտելի են  վանքից հարավ, Ամարաս գետակի աջ ափին, այնպես էլ Գրիգորիսի մատուռում: Գեուշևի հայտարարություններն այն մասին, թե Ամարասի ներկա եկեղեցին վերաբերում է 7-8-րդ դարերին, դիտողությունը՝ թե մատուռի արևելյան մուտքը պայմանավորված է այն հանգամանքով, որ մատուռն (ըստ նրա եկեղեցին) խորան չունի, անշուշտ գիտական որևէ արժեք չեն ներկայացնում: Խիստ կասկածելի է թվում նաև նրա համառոտ հաղորդումն այն մասին, թե իրեն հաջողվել է գտնել Ամարասի նախնական եկեղեցին, պեղել մի թաղում, ուր կծկված կմախքը դրված էր կլոր քարարկղում, ինչպես նաև գտնել ուշ մի քար, որի վրա գրված էր «Սա է Գրիգորիսի գերեզմանը, որն իմաստուն մարդ էր» (Геюшев 1984, 34, 61, 83, 84): Ինչպես պարզեցին մեր զրույցները Մաճկալաշենի և Սոսի մի քանի բնակիչների հետ, որոնք պատանի հասակում մասնակցել են այդ «պեղումներին», Գեուշևը մոտ 3*3 մետր չափերի մի հորատ է փորել եկեղեցու արևելյան բակում, բայց ըստ երևույթին մինչև բնահող չի պեղել և մատուռի արևելյան մասը չի հայտնաբերել: Ինչպես ցույց տվեցին մեր պեղումները՝ արևելյան պատի տակ պեղման փորձեր են եղել և տեղի բնակիչների կողմից: Նկատենք նաև, որ հատուկ ուշադրությունը դեպի դամբարանի ենթադրյալ շարունակությունը տեղի բնակչության շրջանում պայմանավորված է նաև այն տարածված զրույցով, թե եկեղեցին ժամանակին թունելով կապված է եղել բուն Ամարաս գյուղաքաղաքի հետ: Միանգամայն հնարավոր է, որ այս զրույցի հիմքը դամբարանի դեպի արևելք ընթացող միջանցքն է և նրա շեշտակի ընդհատումը քարուկիր պատով:

Եկեղեցու արևելյան պատին կից դրսից հատվածում ձեռնարկած պեղումները երևան բերեցին կառույցի շարունակությունը՝ արևելյան մուտքը, նրա առջևի սալահատակը և դեպի միջանցքն առաջնորդող վեց աստիճանները (նկ. 8, 9): Այս պեղումների էական արդյունքներից մեկն էլ մակերեսից 3 մետր խորության վրա պատերն արտաքուստ շրջանցող գետնախարսխի հայտնաբերումն էր, ինչը հնարավոր դարձրեց հավաստել, որ կառույցը եղել է ոչ թե ստորգետնյա, այլ կիսագետենափոր (հանգամանք, որ ժամանակին նշել է և Մ. Հասրաթյանը, տե՛ս Հասրաթյան 1992, 21): Այդ մասին մինչև պեղումները հուշում էին նաև բեմի տակի հատվածի հարավային աստիճանավանդակի վերևում և սրահի արևմտյան պատում եղած լուսամուտների բացվածքները (նկ. 10), որոնք այժմ փակված են: Կառույցը պեղումներով բացված արևելյան մուտքի առաջին աստիճանի մակարդակից ներքև գտնվել է գետնի տակ, իսկ դրանից վերև՝ գետնից վերև: Պեղումներով հայտնաբերված հարյուրից ավելի վաղմիջնադարյան կղմինդրի բեկորները վկայում են, որ կառույցի տանիքը եղել է կղմինդրապատ:

Նկ. 8 Արևելյան մուտքը, տեսքն արևելքից, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 9 Արևելյան մուտքի աստիճանները, տեսքը արևելքից, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 10 Մասունքասրահի արևմտյան լուսամուտը, լուս. Հ. Պետրոսյանի:

Կարևոր գյուտերից մեկն էլ արևելյան մուտքի առաջ եղած ընդարձակ բացօթյա սալահատակն է (նկ. 8): Արևելյան նման ընդգծված միջանցքն ու մուտքը, սալահատակը հիմք են տալիս ենթադրել, որ Գրիգորիսի մասունքարանից  դեպի արևելք եղել է մեկ այլ, թերևս շատ ավելի կարևոր կառույց, որն էլ պայմանավորել է կառույցի արևելյան ձգված միջանցքը, մուտքը և սալահատակը:

Տիգրանակերտի և Ամարասի մատուռ-մասունքարանների շարքին կարելի է դասել և Արցախի մեկ այլ` Սուրբ Ստեփանոսի մասունքարանը պատմական Վաճառ բնակավայրում, որի հնագիտական հետազոտությունն Արցախի հնագիտական արշավախմբի կողմից (Հ. Պետրոսյան, Ա. Գաբրիելյան, Լ. Մինասյան) իրականացվել է 2017 թվականին (մանրամասն տե՛ս Պետրոսյան 2019, 11-3): Ինչպես պարզեցին պեղումները, այն իրենից ներկայացնում է արտաքնապես համարյա քառակուսի կիսագետնափոր մի կառույց (3,90 x 4,10 մետր), որի կիսագլան թաղով նեղ սրահն արևմուտքում ներառում է կրկնակի պատով ստեղծված «պահարան», որում ամենայն հավանականությամբ պահվել է սրբի մասունքատուփը: Կառույցն ունի միակ` խիստ նեղ ու ցածր արևելյան մուտք, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն օգտագործվել է միայն եզակի դեպքերում, երբ մասունքները տարվել են եկեղեցի կամ մատուռ՝ այնտեղ ընթացող ծիսակատարության ժամանակ օգտագործելու նպատակով:

Եզրակացություն

Այսպիսով, կարելի է խոսել երեք մասունքարանների մասին, որոնց ծավալային լուծման առանձնահատուկ կողմը դրանց արևելյան մուտքն է: Վաղքրիստոնեական Արևելքում արևելյան մուտքով ծիսական կառույցներ (եկեղեցի, դամբարան, մատուռ, մասունքարան) հայտնի չեն: Նման ծավալա-տարածական լուծում երևան չեն բերում նաև Հայաստանի այլ վայրերից հայտնի դամբարանները (Աղցք, Հռիփսիմե, Գայանե, Թալին, Օշական, Նախճավան ևն): Միակ կառույցը, որն ունի արևելյան մուտք՝ Տիրոջ քարանձավ-գերեզմանն է Երուսաղեմում (Wilkinson 1978, 6-13): Ավելի քան հավանական է, որ արցախյան այս կառույցների արևելյան մուտքերը պայմանավորված են դրանք Տիրոջ գերեզմանին նմանեցնելու մղումով (մանրամասները տե՛ս Պետրոսյան 2020, 219-239):

Գրականություն

  1. Բուզանդ 1987 – Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատ.:
  2. Խորենացի – Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, «Հայաստան» հրատ.:
  3. Կաղանկատվացի 1969 – Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, «Հայաստան» հրատ.:
  4. Հակոբյան 2020 – Հակոբյան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը բուն Աղվանքում և Հայոց Արևելից կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար, Երևան, «Գիտություն»:
  5. Հասրաթյան 1992 – Հասրաթյան Մ. Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երևան:
  6. Պետրոսյան 2019 – Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները», Սեդրակ Բարխուդարյան 120, Գիտական  հոդվածների ժողովածու, Երևան, «Գիտություն», էջ 11-30;
  7. Պետրոսյան 2020 – Պետրոսյան Հ., Արցախի արևելայն մուտքով դամբարան-մասունքարանները և Աղվանից եկեղեցու քաղաքական ու գաղափարածիսկան առանձնացման խնդիրները 5-6-րդ դարերում, Բանբեր մատենադարանի, թիվ 29, էջ 219-238:
  8. Геюшев 1984 – Геюшев Р. Б. Христианство в Кавказской Албании, Баку.
  9. Wilkinson, John. <The Church of the Holy Sepulchre>, Archaeology, Vol. 31, No. 4 (July/August), 1978, pp. 6-13.
Ամարասի սբ․ Գրիգորիսի մասունքարանը
Ամարասի սբ․ Գրիգորիսի մասունքարանը
Մարտունու շրջան
Արցախ