Ամարասի վանական համալիրի Սբ. Գրիգորիսի եկեղեցին
Ամարասի վանքի արևմտյան՝ պաշտամունքային ընդարձակ բակի (46,0 x 59,0 մետր) դոմինանտող կառույցը Սուրբ Գրիգորիսի եկեղեցին է (նկ․ 1)։ Այն կառուցվել է 1858 թվականին՝ նախկին եկեղեցու տեղում:
Այն ունի Հայաստանի ուշ միջնադարի ճարտարապետությանը բնորոշ, երկու զույգ մույթերով, եոանավ բազիլիկայի հորինվածք (նկ․ 2)։ Եկեղեցու ուղղանկյուն ծավալը (արտաքին չափերն են՝ 13,5 x 23,2 մետր ) բարձրանում է երկաստիճան որմնախարսխի վրա (նկ․ 3)։ Միակ դուռը արևմուտքից է։ Ընդարձակ աղոթասրահը (11,25 x 15,9 մետր) երկու զույգ խաչաձև մույթերով և դրանց վրա դրված կամարներով բաժանվում է երեք նավի։ Միջին նավն արևելքում ավարտվում է խորանով, որը երկու կողմերում ունի ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ ավանդատներ (նկ․ 4)։ Վերջիններիս բավական մեծ՝ 5,0 մետր խորությունը պայմանավորված է բեմի տակ եղած Գրիգորիսի մասունքարանի առկայությամբ։ Աղոթասրահի երկայնական պատերում բացվում են երեքական շատ լայն (դրսից 1,4 մ ներսից՝ 2,0 մետր լայնությամբ) լուսամուտներ, որոնք առատ լույս են ապահովում աղոթասրահի համար (Մկրտչյան 1985, 144)։ Լուսամուտ ունի նաև արևելյան պատը, որի միջոցով լուսավորվում է խորանը։
Եկեղեցու հարդարանքը ինչպես դրսից այնպես էլ ներսից պարզ է։ Հարդարված է միայն արևմտյան պատը, որտեղ մուտքի ճակատակալ քարը և վերևում բացված լուսամուտը ունեն պատի հարթությունից զգալիորեն դուրս, իրար միացած երեսակալ, որը ճակտոնի տակ վերածվում է խաչի (նկ․ 5)։ Մյուս ճակատները հարդարանքից զուրկ են, կառուցողները դրանց միապաղաղությունը աշխուժացնելու նպատակով այդ պատերի մակերեսներից 10 սմ լայնությամբ դուրս են բերել մոտ յոթ մետր երկարությամբ հատվածներ։
Եկեղեցու երկթեք տանիքի արևմտյան կողմում բարձրանում է զանգակատան վեց սյունանի ռոտոնդան (նկ․ 6)։ Այս կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ 1872 թվականին «Արարատ» ամսագրում հրատարակված հատակագծից և գծանկարից երևում է, որ այդ ժամանակ եկեղեցու տանիքի վրա բարձրացած են եղել երեք գմբեթանման զանգակատներ՝ մեծը կենտրոնում, մյուս երկուսը՝ արևելյան և արևմտյան ծայրերին (Տեսարանք 1872, 26)։ Մինչև նոր եկեղեցու կառուցումն Ամարաս այցելած Սարգիս Ջալայանցը տեսել է նախկին՝ դեռ կանգուն եկեղեցին, որը՝ «... չէ սագաշէն, այլ ի ձև կաթողիկէի ոչ սրածայր...» (Ջալալյանց 1842, 196), այսինքն այն եղել է ոչ թե երկթեք տանիքով, այլ ցածր գմբեթով: Փաստորեն Ամարասի ներկո եկեղեցին չի կրկնել իր նախորդի հորինվածքը (հմմտ. Հասրաթյան 1975, 42)։ Ամարասի նախորդ եկեղեցու և Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցու համեմատությունը (սա համաժամանակյա է քննարկվող եկեղեցուն) հնարավոր է դարձնում վերականգնել Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցու նախնական հորինվածքը։ Հերհերի այժմ կանգուն եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկա է, որի գմբեթի թմբուկը շատ ցածր է և համարյա չի երևում շենքի արտաքին ծավալում։ Ջալալյանցի նկարագրած Ամարասի եկեղեցու գմբեթը նույնպես ցածրադիր է և եթե նկատի ունենալ, որ Ամարասի այժմյան եկեղեցին ունի նույն լայնությունը, ինչ Հերհերինը, ապա պետք է ենթադրել, որ 17-րդ դարում Ամարասի եկեղեցին նույնպես եղել է ցածրադիր գմբեթով, քառամույթ գմբեթավոր բազիլիկա։
Ներկա եկեղեցին կառուցված է կաթնագույն ֆելզիտի մաքուր տաշած՝ քարերից, իսկ ներսը սվաղված է։ Թաղակիր սյուները և նրանց վրա հենված կամարները սվաղված չեն, հատակն ամբողջությամբ սալապատ է։ Խորանում կառուցված է բավական բարձր բեմը, իսկ նրա դիմաց առանձնացված է դասի հատվածը։
Գրականության ցանկ
- Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ․, Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան։
- Հասրաթյան 1975 - Հասրաթյան Մ․, Ամարասի ճարտարապետական համալիրը, Պատմաբանասիրական հանդես, թիվ 5, էջ 35-52։
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
- Ջալալեանց 1842 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս:
- Տեսարանք 1872 - Տեսարանք հայրենեաց, Արարատ (ամսագիր), Ա, էջ 26:
Մարտունու շրջան
Արցախ