Առաջաձորի Անապատ վանքը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի արևելյան մասում։ 2023 թվականից բռնակցված է Ադրբեջանին:

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին տեղեկություններ են պահպանվել Մ․ Բարխուդարյանցի աշխատությունում։ Ըստ հետազոտողի «..գիւղիս արևելեան կողմում, մի բարձր քերծի տակ, բարակ ջրաձորի, բարձրից թափուած ջրվէժի աջ կողմում, Շապարանց Յարութիւնի պարտեզում կայ երկու փոքր եկեղեցի, որք համարեա թե կից են միմեանց։ Եկեղեցիներս գրեթէ մեծ մասամբ գոյացած են քարայրից, որի առաջի կողը քարուկիր պատով պատելով ձևացրած են եկեղեցիներ» (Բարխուտարեանց 1895, 188)։ Ըստ Մ․ Բարխուդարյանցի արևելյան եկեղեցին ունի երկու խորան․ մեկի վրա գրված է «Սուրբ Հովհաննես Մկրտիչ»։ Երկրորդ եկեղեցին արձանագրություն չունի։ Եկեղեցիների դռների առաջ մի մեծ ու անտաշ քարի վրա կա ընդարձակ արձանագրություն։

Շ․ Մկրտչյանը նշում է, որ «Հարվա կամ Անապատ եկեղեցին գտնվում է Առաջաձոր գյուղի հարավային մասում եղած քերծի տակ։ Շինարարները այնպիսի հմտությամբ են շարել այրերի բացվածքը, որ արտաքինից դրանք երևում են որպես երկու առանձին  մատուռներ, իսկ ներսից նման են կիսաժայռափոր սրահների։ Այստեղ ընկած է մի հսկայական ժայռաբեկոր, բնականից բավական ողորկ մակերեսով։ Նրա վրայի 1249 թվագրությամբ  արձանագրությունը փորագրված է յոթ տողով։ Առաջին մատուռի դռան ճակատակալ քարի վրա երևում են որմնանկարների պատառիկներ։ Դժբախտաբար, կորստի են մատնվել պատկերները, այդ պատճառով էլ դժվար է որևէ կոնկրետ բան ասել որմնանկարների մասին» (Մկրտչյան 1980,  30)։

«Դիվան հայ վիմագրության» 5-րդ հատորում ևս նշվում է, որ Անապատը գտնվում է Առաջաձոր «գյուղի հարավային եզրին, պատանման  քերծի տակ»: Միևնույն ժամանակ ներկայացնելով արձանագիր ժայռաբեկորը՝ հեղինակը նշում  է, որ այն «ընկած է գյուղի արևելքում՝ Անապատ կոչվող կիսաժայռափոր մատուռների առաջ․․․» (ԴՀՎ 5, 88):

Ա․ Կարապետյանը «Անապատ»-ը ներկայացնում է, որպես կիսաժայռափոր մատուռ,  Առաջաձոր գյուղի արևելյան եզրին (Կարապետյան  2022, 328)։

Այսպիսով,  Ս․ Բարխուդարյանը և Շ․ Մկրտչյանը  «Անապատ» եկեղեցին տեղադրում են  Առաջաձոր գյուղի հարավային մասում։ Մինչդեռ, Մ․ Բարխուդարյանցը և Ս․ Կարապետյանը՝ եկեղեցին տեղադրում են նույն գյուղի արևելյան մասում։

Անապատի արձանագրությունը մանրամասն մեկնաբանել է Հ․ Պետրոսյանը․ «Առաջաձորի մի եզակի արձանագրություն հնարավորություն է տալիս խոսելու նաև Խաչենի զորքի երդմնակալության մի ծեսի մասին։ Առաջաձոր գյուղի Անապատ ժայռափոր վանքի 1249 թվականի մի արձանագրության ընդարձակ տեքստն ի մասնավորի հայտնում է. «Արքայ Ջալալայ Դաւլայ եւ Աթաբակ` որդին նորայ, իշխան Խաչինոյ եւ Ըռանայ, Ուքան մանուկն Հասանա… սիրով միաբանան ի սմա այլ մեծամեծ իշխանք և զաւրք նոցայ՝ միայհամուռ, համակից միմեանց, աւրհնեալ, հզաւրացեալ եղիցին ի կամս Ա[ստուծո]յ հաւր ևւ նմայ փառք յաւ[իտ]եանս, ամէն:

Տունկս բարի ծառս ամենի,

Պտուղն բիւր հազար բարի,

Ով փափագի`աստ վայելի,

Կենաց յուսոյն/ նայ հասանի։

Ողորմի Աստուած միաբանելոցս ի սմա սիրով եւ արդեամբք, եւ ամենայն բարեպաշտ

իշխանաց մեր/ոց տաց է Ա[ստուա]ծ զբարեմտութի[ւն]/ հոգոյ եւ մարմնոյ...»։

Խաչենի իշխանների, զորավարների և զորքի այս հավաքը, ինչպես կարելի է մակաբերել արձանագրությունից, վավերացնում է մի հատուկ ծես, որի ընթացքում երդում են տալիս և ամրապնդվում խաչի զորությամբ, որն արձանագրության մեջ ներկայացվում է բանաստեղծական հանգավորված տեքստով («Տունկս բարի ծառս ամենի...», Պետրոսյան 2023, 206)։

Նկ. 1 Անապատի մատուռների առջև տեղադրած արձանագիր ժայռաբեկորը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 2 Անապատ կիսաժայռափոր մատուռների մուտքը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 4 Արձանագիր ժայռաբեկորի հարավարևելյան երեսը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 3 Մատուռների առաջ շարած պատի հատվածը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 5 Արձանագիր ժայռաբեկորի խաչազարդով հատվածը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Ճարտարապետահորինվածքային նկարագրություն

Անապատը բաղկացած է իրար կից երկու այրերից, որոնց առաջ պատ շարելով  ստացվել են կիսաժայռափոր երկու մատուռներ։  Ներկայումս պատերը քանդված են։  Հնավայրում կա մեկ խաչքար» (ԱՀ ԿԳՄՍՆ վկայական):

Գրականություն

1․ ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց Ս․ Բարխուդարյանը, Երևան։

2․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։

3․Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան։

4․ Կարապետյան  2022 - Կարապետյան Ս․ Արցախի մանրատեղանունները, Երևան։

5․ Պետրոսյան 2023  -  Պետրոսյան Հ․ Ինչպես հաղթել։ Կռվի թեման և ռազմիկի կերպարն Արցախի խաչքարային պատկերաքանդակում, Պատմություն և մշակույթ,  թիվ 1 (19),  էջ 200-212։

Առաջաձորի Անապատ վանքը
Առաջաձորի Անապատ վանքը
Մարտակերտի շրջան
Արցախ