«Աստղաբլուր» սրբատեղին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից 2,6 կմ արևելք։ 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
«Աստղաբլուր» սրբավայրի մասին տեղեկություններ են պահպանվել Մ․ Կաղանկատվացու, Ս․ Ջալալյանցի ու Մ․ Բարխուդարյանցի աշխատություններում։
Մասնավորապես, «Աստղաբլուր» սրբավայրի անվան մասին հետաքրքիր փաստեր են պահպանվել Մովսես Կաղանկատվացու աշխատությունում։ Այսպես, պատմելով հյուսիսային ցեղերի դեպի Արցախ կազմակերպած արշավանքի և սուրբ Թագուհու նահատակության մասին պատմիչը գրում է. «Եւ յետ այնորիկ, ի նմին գիշերի մինչդեռ արթնական խնջոյիւքն դեգերէին այլազուն իշխանն հանդերձ զօրականօքն և առնէին ծաղրակատակ խնդութիւն, յանկարծակի նշան զարմանալի երևեալ նոցա ի տեառնէ։ Զի ակն յայտնի ամենեքեան տեսանէին լոյս սաստիկ ծագեալ ի տեղւոջն, ուր սուրբն Թագուհի վկայեաց, և ուր ցրեալ պատառած հանդերձի նորա սփիռ և տարած ընդ երեսս անտառին փայլէին իբրև զաստեղս։ Եւ հարուստ ժամանակաւ լոյս աստեղանման ծագեալ ի տեղւոջն՝ փարէր ի վերայ սրբոցն նահատակացն, զոր տեսեալ բազմութեան մարդկանն, զանուն տեղւոյն Աստեղաբլուր անուանեցին մինչև ցայսօր: Վասն որոյ յաւետասքանչ հրաշիւք հիանայր իշխանն․ և ի մեծի ահի եղեալ՝ հրամայէր առ ինքն կոչել զքահանայսն տեառն։ Եւ ուսեալ ի նոցանէ զփրկութեանն ճանապարհ՝ հաւատաց յԱստուած կենդանի․ և հրամայէր ամփոփել զցրուեալ նշխարս սրբոցն, և պատել սուրբ կտաւովք և ծածկել ի բլրին։ Եւ անդէն կատարէին յոդեաց և յայծեաց պատարագս օրհնութեան․ և զտէրունական զտօնն մեծապայծառ խմբէին յիշատակօք ի նոցին վկայելոցն» (Կաղանկատուացի 1983, 102)։
Ս․ Ջալալյանցի նկարագրությամբ Աստղաբլուրը «փոքր լեռ է Արցախ գավառում։ Ծաղկաշատ է և գեղեցիկ։ Համաձայն շրջակա վայրերի բնակիչների բանավոր ավանդությունների, այս լեռան վրա բազմաթիվ քրիստոնյաներ նահատակվեցին առ Քրիստոս հավատի համար, ում ոսկորները (նահատակությունից հետո) բազմաթիվ օրեր բացոճաճանչ լույս էին արձակում, որից էլ (լեռը) ստացավ իր Աստղաբլուր անունը» (Ջալալյանց 2016, մաս 1, 185):
Ներկայացնելով Հաթերք գյուղի սրբավայրերը՝ Մ․ Բարխուդարյանցը նշում է, որ Աստղաբլուրը «մի բլուր է, որ գտնուում է գիւղիս արևլեան հանդէպ Թարթառի ձախ կողմում։ Բլրիս վերայ կայ մի հնաշէն մատուռ, որի մէջ է մի գերեզման, որ մեծ ուխտատեղի է։ Բայց այժմ խոնարհուած է թաղն» (Բարխուտարեանց 1895, 201)։
Շ․ Մկրտչյանի գրքում նշվում է, որ «գյուղատեղին գտնվում է անտառում, Հաթերքից 4 կմ հեռավորությամբ։ Պահպանվել են մատուռի կիսավեր պատերը՝ սրբատաշ քարերից: Այն հայտնի ուխտատեղի է։ Տեղի բնակիչների շրջանում տարածված ավանդության համաձայն, այս մատուռում է հանգչում նահատակ Աստղիկ թագուհու աճյունը» (Мкртчян 1989, 44):
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Հուշարձանը գտնվում է մի անտառապատ բլրի վրա և զբաղեցնում է 3 հեկտար տարածք (նկ․ 1-4)։ Բլրի վրա պահպանվում է 9-10-րդ դարերի մի խաչքար (նկ․ 5)։ Ըստ ավանդության՝ այստեղ թաղված է նահատակ թագուհու՝ Աստղիկի մարմինը (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ Մինչդեռ Մ․ Կաղանկատվացու մոտ այդ նահատակ կնոջ անունն Թագուհի է․ «Բայց կին մի Թագուհի անուն՝ յՈւտի գաւառէ ի բնաշխարհիկ ազատաց, ի Բագնաց գեղչէ՝ մեծատուն յոյժ, որ նոյն ինքն ընդ երուսաղէմացիսն էր ցանկորդեալ» (Կաղանկատուացի 1983, 100):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր կիսավեր վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Կաղանկատուացի 1983 - Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի /Քնն․ բնագիրը և ներած․ Վ․ Առաքելյանի, Երևան։
2․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
3․ Ջալալյանց 2016 - Ջալալյանց Ս․, Ճանապարհորդություն դեպի Մեծ Հայք, մաս 1։
4. Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
Մարտակերտի շրջան
Արցախ