Բերդաձորի կամուրջը

Տեղադրությունը

Բերդաձորի կամուրջը գտնվում է Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղից 1 կմ հյուսիս-արևելք՝ Հակարի գետի ձախակողմյան Բերդաձոր վտակի վրա (նկ․ 1, 2)։

Նկ. 1 Բերդաձորի կամուրջը, լուս. Ս․ Կարապետյանի (ՀՃՈՒ արխիվ):

Նկ. 2 Բերդաձորի կամրջի չափագրությունը, հեղինակ՝ Ա․ Հակոբյան (ՀՃՈՒ արխիվ)։

Պատմական ակնարկ

Կամուրջը կարևոր նշանակություն ուներ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի բնակավայրերի համար, հատկապես՝ գարնանային վարարումների ժամանակ։ Կամրջի շինարարության վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ըստ տեղաբնակների վկայության՝ այն կառուցվել է 1920-ական թվականներին։ Հին կամրջի վրա հետագայում երկաթբետոնով կառուցվել էր ավելի լայն ավտոմոբիլային անցուղի, որն օգտագործվում էր բնակիչների կողմից։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Միաթռիչք կամարակապ կամուրջ է։ Կառուցված է տեղական կոպտատաշ, սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն կամարի անկյունաքարերը։ Թռիչքի երկարությունը 5,50 մետր է, անցուղու լայնությունը՝ 4,35 մետր,  բարձրությունը՝ 4,25 մետր (Կարապետյան 2009, 139)։

 Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Մինչև 2023 թվականի պատերազմը կամուրջը կանգուն էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների հետևանքով Արցախն ամբողջությամբ բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

Կարապետյան 2009 - Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան։

Բերդաձորի կամուրջը
Բերդաձորի կամուրջը
Շուշիի շրջան
Արցախ