Բերդաշենի Մեծ նահատակ եկեղեցին

Տեղադրությունը

Մեծ Նահատակ եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից հյուսիս` Մեծ նահատակ կոչվող լեռան գագաթին (նկ․ 1, 2)։

2023 թվականի սեպտեմբերից գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Նահատակ լեռն ու եկեղեցին արևմուտքից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 2 Եկեղեցին հյուսիս-արևմուտքից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու շինարարական արձանագրությունն ագուցված է արևմտյան պատին, մուտքի վերնամասում (նկ․ 3), ըստ որի այն կառուցվել է 1676 թվականին՝ «Ես ղըզղալեցի Ղարայխանս շինեցի եկեղեցիս․ հայրն/ իմ Ամիրխան եւ մայր իմ Մաւրասն եւ եղբայրն իմ Սարու/խան, Պաղի, Բաբասի եւ կողայգիցն իմ Փերին եւ որդին իմ/ Սարքիս․ թւին ։ՌՃԻԵ։ էր» (ԴՀՎ 1982, 158)։

Նկ. 3 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է, ներքուստ պայտաձև աբսիդով։ Ունի 12 մետր երկարություն, 7 մետր լայնություն։ Հիմնական շարվածքն իրականացված է տեղական սպիտակ անմշակ թերթքարով։ Մուտքն արևմուտքից է, արևմտյան և արևելյան մասերում ունի մեկական փոքր լուսամուտ (նկ․ 4)։

Մուտքի բարավորի ստորին հատվածում մեծադիր խաչաքանդակ է, իսկ վերնամասում առանձնացված միակտոր քարի վրա շինարարական արձանագրությանը համաժամանակյա ևս մի արձանագրություն (նկ․ 5) ․«Ես ղզղէլէցի/ Ամիրխանէն տղայ Ղարայխա/նս եկի ուխտս ի/մ նայատակիս․ յի/շատակի իմ եկեղ/եցիս կողակից իմ/ Փերուն․ ամէն» (ԴՀՎ 1982,158):

Նկ. 4 Եկեղեցին արևելքից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Բարավորի արձանագրությունը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Արևմտյան ճակատի շարվածքում՝ շինարարական արձանագրության աջ և ձախ կողմերում, օգտագործված են խաչքարեր ու պատկերաքանդակ մի տապանաքար (նկ․ 6)։ Եկեղեցու ներսում ևս պատերին ագուցված են մի քանի խաչքարեր (նկ․ 7, 8), որոնցից մեկի վրա կարելի է կարդալ՝ «Խաչս/ Սանդ/ուխտ/այն… », մեկ այլ խաչքարի վրա՝ «Խաչս Մամուն» (ԴՀՎ 1982, 159)։

Եկեղեցու շուրջ տարածվում է գերեզմանատունը (նկ․ 9)։

Նկ. 6 Եկեղեցու արևմտյան պատին ագուցված տապանաքար, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 8 Նվիրատվական խաչքարեր եկեղեցու ներսում, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 7 Նվիրատվական խաչքարեր եկեղեցու ներսում, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 9 Տապանաքար եկեղեցու շրջակա գերեզմանոցից, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցին չի վնասվել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

 Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. ԴՀՎ 1892 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կոզմող Ս. Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան։
  3. Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1980։
Բերդաշենի Մեծ նահատակ եկեղեցին
Բերդաշենի Մեծ նահատակ եկեղեցին
Բերդաշենի Մեծ նահատակ եկեղեցին
Արցախ