Բերձորի «Փառքի» հուշահամալիրը
Տեղադրությունը
Բերձոր քաղաքը գտնվում է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում: Հուշահամալրիր գտնվում է Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա (նկ. 1)։ Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Պատմական ակնարկ
Բերձորի հուշահամալիրը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և նվիրված է եղել Հայրենական պատերազմում (1941-1945 թթ.) Լաչին քաղաքից զոհվածների հիշատակին։ Համալիրը Լաչինի ազատագրական մարտերի ընթացքում զգալիորեն վնասվել է (նկ. 2): Ազատագրումից հետո, երբ հուշահամալիրը գտնվում էր ավերակ վիճակում Քաշաթաղի վարչակազմը որոշում է ընդունում՝ հուշարձանի ճարտարապետական-ծավալային լուծումը թողնել նույնը, համալիրը կոչել «Փառքի համալիր» և նրա պատերին փորագրել Քաշաթաղի ազատագրման ժամանակ զոհված հայ ազատամարտիկների անունները։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Հուշահամալիր բարձրացող աստիճանները ուղեկցվում էին խաչքարերով՝ նվիրված Արարատի մարզի Վանաշեն գյուղի ազատամարտիկների հիշատակին, Սերոբ Հանեսյանի և այլ ազատամարտիկների հիշատակին (նկ. 3, 4)։
Բուն հուշահամալիրը բաղկացած է երեք ընդարձակ կիսաշրջան բազալտե պատերից, որոնց վրա փորագրված են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների անունները: Հուշապատերից առաջինին ագուցված է խաչքար՝ «ՍԲ Խ(Ա)ՉՍ Բ(Ա)Ր(Ե)Խ(Ո)Ս ԱՅՍ ՆԱՀԱՏԱԿԱՑ» գրությամբ (նկ. 5), կենտրոնականին՝ սիրամարգանման թռչուն՝ համադրված նռնածառի քանդակով (նկ. 6) և երրորդ պատին ագուցված է սալ՝ կենտրոնում վարդյակով, համադրված թռչնաքանդակներով, նռան քանդակներով և խաղողի վազերով ու ողկույզներով, որոնք ուղեկցվում են «ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ, PAX VOBISCUM» եռատող արձանագրությամբ (նկ. 7): Հուշահամալիրն իր մեջ ընդգրկում էր նաև երեք խաչքար՝ մեկը նվիրված «Հատուկ գնդին» (նկ. 8), երկրորդը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին (նկ. 9) և երրորդը Վազգեն Սարգսյանին (նկ. 10):
Վիճակը պատերազմից առաջ ընթացքում և պատերազմից հետո
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը վերահսկվում էր Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից։ Սակայն 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքն Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին անցան Ադրբեջանական վերահսկողության տակ։ Հաշվի առնելով դեռևս պատերազմի ընթացքում, և հատկապես պօատերազմից հետո Ադրբեջանի առանձնահատուկ ագրեսիան ուղղված անկախության շրջանի հուշարձաններին և խաչքարերին, Արցախի Հանրապետությունը նախաձեռնել էր վերը նշված գրեթե բոլոր հուշարձանների տարհանումը։
2023 թվականի մայիսին համացանցում շրջանառվող լուսանկարներից պարզ է դառնում, որ հուշահամալիրը ամբողջությամբ ոչնչացվել է (մանրամասն տես Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը):
Գրականություն
- Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
Քաշաթաղի շրջան
Արցախ