Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը

Հայակական վանքային համալիրների անբաժան մասն են կազմում խաչքարերն ու տապանաքարերը: Փոքր ծավալի այդ կոթողներն իրենց տեղադրությամբ, ճարտարապետական ձևերով, քանդակներով ոչ միայն առանձին հետաքրքրություն են ներկայացնում, այլև հաճախ իրենց արձանագրություններով ուշագրավ տվյալներ են հայտնում վանքի և նրանց հետ կապված իշխանական տների մասին: Այս տեսակետից բացառիկ արժեք ունեն Գանձասարի կոթողները:

Ինչպես նշել ենք (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ - Monument Watch) սկսած 12-րդ դարից Գանձասարը Խաչենի իշխանական տան տոհմական գերեզմատունն էր և բնական է, որ այստեղ կան ներկա կառույցներից ավելի վաղ կերտված խաչքարեր և տապանաքարեր: Պակաս ուշագրավ չեն նաև շրջակայքի տարբեր վայրերից վանքի բակում հավաքված խաչքարերը, ինչը նույնպես բնորոշ է համարյա բոլոր վանքային համալիրներին (նկ. 1):

Նկ. 1 Խաչքարերը վանքի բակում, հարավային պարսպին կից, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նախ նշենք Գանձասարի վանքում պահվող կրաքարե սալիկի մասին (նկ. 2): Նրա քառանկյուն խորանը երիզված է պարզ ժապավենահյուսքով, աստիճանաձև պատվանդանի վրա (այն այժմ հազիվ է նշմարվում) կանգնեցված խաչն ունի սեղմված համամասնություններ, հաստ, պարանահյուսերով հարդարված թևեր, որոնք ավարտվում են երկուական ութաթերթ վարդյակ-կոճակներով․ նման մի վարդյակ էլ հարդարում է խաչահատումը: Տախտակը ներքնամասում ունի միջանցիկ անցքով և սղոցաձև ատամիկներով ելուստ (որի մի մասը ջարդված է)՝ ուշագրավ մի մանրամասն, որը թերևս կապ ունի կիրառության  ոլորտի կամ գոնե ձևի հետ: Արձանագրությունը փորագրված է թիկունքին (նկ. 3) և, ակնհայտորեն, երեք տարբեր գրիչների (և ժամանակների) գործ է: Բուն հորինվածքի կերտման ժամանակին վերաբերող մասը փորագրված է կանոնավոր երկաթագրով, տառերը համաչափորեն տեղադրված են կանոնավոր գծված տողերի միջև. «:ՅԿԵ: (916) թըւականութեանս հաոց որ եղեւ. Ա[ստուա]ծ շնահաւոր արա(ս)ցէ»: Հավանական է, որ  արձանագրությունը վերաբերում է ոչ թե բուն խաչաքանդակին, այլ` դատելով «Ա[ստուա]ծ շնահաւոր (այսինքն՝ շնորհավոր) արասցէ» արտահայտությունից, ինչ-որ մի հարմարանքի կամ իրի, որի մասն այն կազմել է:

Նկ. 2 Խաչասալ, 916 թ., դիմերեսը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 3 Խաչասալ, 916 թ., դարձերեսը, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Գանձասարում երկու վաղ խաչքարերից զատ (նկ. 4) ավելի շատ են 12-13-րդ դարերի դասական խաչքարերը, որոնք ունեն քանդակազարդ քիվ ու եզրագոտիներ, կենտրոնական հյուսածո խաչ ու նրա ստորոտից բարձրացող թռչնազարդեր (նկ. 5, 6): Հատուկ նշելի են մի քանի խաչքարային արձանագրություններ, որոնք ներկայացնում են Խաչենի իշխանական տան գահերեցներին ու նրանց մերձավորներին (դրանց քննությունը տե՛ս Ուլուբաբյան 1975, 135-143, Հակոբյան 2020, 295-297, 311-314):

Նկ. 4 Խաչքար, 9-10-րդ դդ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 5 Վանքի վանահայր Բարսեղի խաչքարը, 1214 թ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 6 Վախթանգի որդի Հասանի կանգնեցրած խաչքարը, 1202 թ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Դրանց թվում է 1174 թվականին Վախթանգ իշխանի հիշատակին Նրջիս իշխանուհու կանգնեցրած խաչքարը, ուր իշխան Վախթանգը պատկերված է հեծյալ ռազմիկի կերպարով կամ էլ 1181 թվականին Հասան Մեծի կանգնեցրած խաչքարը (նկ․ 7), որի պատկերաքանդակը ներկայացնում է իշխանի հանգուցյալ կնոջը՝ Թագուհուն և դստերը՝ Խաթունին: Մայրը բազմել է գահավորակին և գիրկն առել մանկահասակ դստերը: Նրանց առաջ ուտելիքներով ծանրաբեռնված սեղանն է (նկ. 8, 9):

Նկ․ 7 Նրջիսի խաչքարը, 1174 թ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 8 Հասան Մեծի խաչքարը, 1181 թ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 9 Մանրամաս Հասան Մեծի խաչքարից, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Վախթանգ իշխանի պատկերաքանդակի հետ կապված նշենք, որ Արցախի հարյուրին հասանող խաչքարային պատկերաքանդակներում ձին ներկայացվում է հանդիսավոր շարժման մեջ, մանրամասն պատկերվում են սանձի երասանակներն ու ձգանները: Ձիու պոչը սովորաբար հանգուցված է, վզից կախված է ձվաձև-երկարավուն կախիկ: Թամբը փոքր է և սովորաբար հեծյալի տակ չի երևում, նրա առկայության մասին կարելի է դատել վզափոկով և պոչի տակով անցնող փոկով, երբեմն թամբից կախված են ասպանդակները: Հեծյալը նստած է հանդիսավոր, ուղղահայաց դիրքով, ողջ մարմինը ներկայացված է կողքից և միայն գլուխը՝ դիմահայաց: Հանդերձանքից առանձնանում է եռանկյունաձև կամ կոնաձև սաղավարտ-գլխարկը, որը հաճախ ավարտվում է սուր, երբեմն էլ ռոմբաձև ելուստով: Սաղավարտի ստորին եզրից մինչև ուսերն են իջնում երկու ծամ. որոշ օրինակներում հստակորեն դիտելի է, որ դրանք ոչ թե ռեալ հյուսքեր են, այլ  սաղավարտի մաս: Որոշ քանդակների վրա դիտվում է միջին լայնության գոտին, որից, սովորաբար երկու փոկերի օգնությամբ, կախված է երկար թուրը: Ռազմիկները հագել են ծնկից ներքև իջնող լայն չուխա: Հեծյալը, սովորաբար, մի ձեռքով բռնում է սանձը, մյուսով՝ նիզակը: Նիզակն ավելի երկար է, քան ձին և ավարտվում է շեղանկյուն սայրով: Ներկայացված են նաև աղեղը, կապարճը, երկարավուն թուրը, երբեմն վահանը և գուրզը: Ի տարբերություն հեծյալների, հետիոտն ռազմիկները զինված են նետ-աղեղով կամ թրով: Երբեմն միասին են պատկերվում երկու հեծյալ և նույնիսկ՝ երեք հետիոտն զինյալ: Արցախի, Ուտիքի, Ջուղայի խաչքարերն աղվանական հայտարարող Ախունդովի հերթական «հայտնագործությունը» վերաբերում է այս ռազմիկներին: Երևույթին ծանոթ լինելով միայն Գանձասարի 1174 թվականի խաչքարի լուսանկարով, նա հոխորտում է, թե տեսեք-տեսեք՝ «աղվանական» խաչքարերը կարող են ունենալ և օտար, ու նույնիսկ մոնղոլ ռազմիկների պատկերներ` «բնորոշ խալաթով, գլխարկով, երկու ծամերով և ձեռքներին նիզակ» (Ахундов 1986, 244-245): «Ծամերը» միայն մոնղոլներին բնորոշ համարելու «գյուտն» այնքան է հրապուրել ադրբեջանցի «յուրացնողին», որ նրան չի զգոնացրել նաև ռազմիկի երկար նիզակը` զինական մի ատրիբուտ, որը բացարձակապես բնորոշ չէր մոնղոլներին: Հանրահայտ է, որ մոնղոլների հիմնական զենքը նետ-աղեղն էր, որի պատճառով էլ հայերը նրանց նետող (այսինքն` նետաձիգ) են անվանել: Գրիգոր Ականեցին, որն ապրում էր Գանձասարից ոչ հեռու գտնվող Ականա բերդում և մանրամասնորեն նկարագրել է մոնղոլների արշավանքն Անդրկովկաս և, ի մասնավորի Արցախ, իր գիրքը վերնագրել է «Պատմութիւն ազգին նետողաց» (Ականեցի 1961): Սակայն, ամենաէականն այն է, որ «ծամավոր» այս ռազմիկների պատկերներն Արցախի խաչքարերի վրա վկայված են 11-րդ դարից ի վեր (նման քանդակներ կրող մեզ հայտնի խաչքարերը թվագրված են 1158, 1174, 1180, 1181, 1183, 1186, 1189, 1194, 1203, 1205, 1212, 1215 թվերով)` ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում ոչ միայն չէին տեսել, այլև նույնիսկ չէին լսել մոնղոլների մասին: Ինչ վերաբերում է երկարագես ու ծամավոր զինյալներին ընդհանրապես, ապա, ինչպես փորձել ենք ցույց տալ մանրամասն մի քննության մեջ (Պետրոսյան 2001, 75-81), դրանք այնքան էլ բացառիկ չէին հայ զինուժում ու մշակույթում, կազմում էին երիտասարդ ռազմիկների դասը և հայկական աղբյուրներում հայտնի են «մանուկ» անունով: Փաստերը խեղաթյուրելու կամ «անտեսելու» մեծ վարպետ է նաև Ռ. Գեուշևը: Արցախի Ճանկաթաղ գյուղի Ծովատեղ հնավայրի խաչքարերը (որոնց մի զգալի մասը ժամանակին ինքն էլ գողացել-տարել է Բաքու) նա ներկայացնում է առանց կոնկրետ աշխարհագրական տեղադրությունը ճշտելու` որպես Կովկասյան Աղվանքի Սխնախ հնավայրի նյութեր, «չհիշելով» հայերեն արձանագրակիր ու թվակիր օրինակները, և հայտարարելով, որ ի տարբերություն հարևան երկրների՝ մարդկային կերպարները Կովկասյան Աղվանքի բնորոշ հատկանիշներից են (Геушев 1984, 102-103):

Գաձասարի վանքի կառույցերի պատերին բազմաթիվ են և զանազան խաչային հորինվածքները, որոնք հատուկ հմայք են հաղորդում միապաղաղ մակերեսներին: Դրանք ուխտավորների պատվերով կերտված հորինվածքներ են, որոնք ներկայացնում են առանձին վերցրած ամենի մի հավատացյալի, դրանց մի մասն էլ կրում են պատվիրատուների անունները (նկ. 10):

Առանձին հիշատակության են արժանի այժմ վանքի գավթում գտնվող երկու խաչքարերը՝ կանգնեցված 1507 և 1563 թվականներին՝ պարոն Վելիջանի և Գրիգորիս կաթողիկոսի կողմից (նկ. 11): Այս դասական հորինվածքներն աչքի են ընկնում նուրբ քանդակներով, ունեն արձանագրական ընդարձակ տեքստեր: Խաչքարերից մեկը պատկերում է  կաթողիկոսի հորը՝ հեծյալ ու խաչանիզակով զինված Մեհրաբին, ում ուղեկցում է մատռվակը՝ գինու սափորով և գավաթով (նկ. 12):

Նկ․ 10 Խաչային հորինվածքներ գավթի հարավային պատին, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 12 Մանրամաս Մեհրաբի խաչքարից, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 11 Վելիջանի և Մեհրաբի խաչքարերը, 1507 և 1563 թթ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի։

Գանձասարի գավթի սրահի արևելյան մասում, պահպանվել են 15-րդ դարում ապրած Հասան-Ջալալ Գ իշխանի, մի շարք կաթողիկոսների, Բաղդասար միտրոպոլիտի, մի քանի աշխարհիկ անձանց տապանաքարերը (նկ․ 13)։ Հատկապես նշելի է Ջալալ Գ իշխանի (Ուլուբաբյան 1975, 305-307) մարմարե, եզակի քանդակներով տապանաքարը (նկ. 14, 15, 16, 17 արձանագրությունը՝ «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431 թ.)»), որի հորինվածքը և հատկապես Աստղն առավոտին խորհրդանշող վեցաթև աստղաքանդակը (նկ. 16)  տարաբնույթ, երբեմն էլ ֆանտասատիկ մեկնություններ են ստացել: Այստեղ, ի դեմս երեք վարդյակների, ներկայացված են Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը) խորհրդանշող արևը, լուսինը և աստղն առավոտին (Պետրոսյան, Երանյան 2022,  51): Երեք լուսատուներից բաղկացած այս հորինվածքը տարակերպ մանրամասներով լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը, 12-13-րդ դարերից սկսած՝ ի հայտ են գալիս տապանաքարերի վրա և կիրառվում ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը:

Վերջում հիշատակենք և Թիֆլիսում ծնված ու Խանքենդում (ներկայիս Ստեփանակերտը) վախճանված Աննա Ասլանբեկյանցի տապանաքարը՝ հայերեն և ռուսերեն արձանագրություններով ու երկնքում սավառնող հրեշտակների քանդակներով (նկ. 18)՝ հորինվածք, որն ընկած է  մեր https://monumentwatch.org/ կայքի լոգոյի հիմքում։

Նկ. 13 Տապանաքարեր գավթի արևելյան հատվածում, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 14 Հասան Գ-ի տապանաքարը, 1431 թ., լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 15 Մանրամաս Հասան Գ-ի տապանաքարից, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 17 Մանրամաս Հասան Գ-ի տապանաքարից, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 16 Մանրամաս Հասան Գ-ի տապանաքարից, լուսանկարը՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 18 Մանրամաս Աննա Ասլանբեկյանցի տապանաքարից, լուսանկարը Հ. Պետրոսյանի:

Գրականություն

  1. Ականեցի 1961 – Գրիգոր Ականեցի, Պատմութիւն ազգին նետողաց, հայերեն բնագիրը և վրաց. թարգմ.՝ Ն. Շոշիանշվիլու, Թբիլիսի:
  2. Պետրոսյան 2001 – Պետրոսյան Հ., «Մանուկի» կերպարը ուշմիջնադարյան հայ տապանաքարային քանդակում (15-17-րդ դարեր), Թուխ մանուկ, Երևան, էջ 68-84։
  3. Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ.., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Անտարես, Երևան:
  4. Ուլուբաբյան 1975 – Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, ՀՍՀՀ ԳԱ հրատ., Երևան:
  5. Ахундов 1986 – Ахундов Д., Архитектура древнего и раннесредневекового Азербайджана, Баку.
  6. Геюшев 1984 – Геюшев Р., Христианство в Кавказской Албании, Баку.
Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը
Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը
Մարտակերտի շրջան
Արցախ