Գանձասարի վանքն անկախության տարիներին

1923 թվականից՝ Արցախ աշխարհն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել: 1989 թվականի հոկտեմբերի 1-ին, երկարատև լռությունից հետո, վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում տեղի է ունեցել կիրակնօրյա պատարագ, որը վարում էր Արցախի նորաստեղծ թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: Արցախյան ազատամարտի ժամանակ վանքը եղել է հակառակորդի հիմնական թիրախներից մեկը. վանքի պատերի, պարիսպների վրա մինչ այսօր կարելի է տեսնել 90-ականներից մնացած ռմբակոծության հետքեր, անգամ չպայթած արկ (նկ. 1), որն արձակվել է վանքի ուղղությամբ, սակայն այդպես էլ նպատակին չի հասել:

Նկ. 1 Թշնամական արկը վանքի հյուսիսային պարսպապտում, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Գանձասարի վանքի շրջակայքում կատաղի մարտեր են ընթացել 1992 թվականին, երբ Ադրբեջանը պաշարել էր տարածքը: Ադրբեջանական ուղղաթիռների ռմբակոծության արդյունքում, որոնք թիրախավորել էին հատկապես եկեղեցին, վանական համալիրի շենքերից մի քանիսը վնասվել էին:

Գանձասարի վանքը հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին, այնուհետև վանքի նորոգման աշխատանքները շարունակվել էին 2000-ական թվականներին հայտնի  բարերար Լևոն Հայրապետյանի միջոցներով:

Անկախության տարիներին վանքում և նրա շրջակայքում կատարվել են զգալի շինարարական աշխատանքներ: 1991 թվականին կառուցվել է Վանք գյուղից դեպի Գանձասարի վանք տանող 3,1 կմ լեռնային ճանապարհ, որով ապահովվել է անխափան երթևեկություն: Անցկացվել է 3,5 կմ երկարությամբ ջրատար, որով վանքը ապահովվել է խմելու ջրով: Արևմտյան կողմից դեպի վանք գնացող ճանապարհն ամրացվել է 3 մետր բարձրությամբ և 96 մետր երկարությամբ հենապարիսպով (նկ․ 2):

Նկ. 2 Վանքի նորոգված պարսպապատի արևմտյան հատվածը, լուս. Լ. Կիրակոսյանի:

Վանքի արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից տեղափոխվել են 286 գերեզմաններ, որով ապահովվել է ազատ մուտքը վանք: Ամբողջովին վերանորոգվել է վանքի պարիսպը և ծածկվել է կղմինդրե սալիկներով: Վանքի արևելյան պարսպից ներքև կառուցվել է 88 մետր երկարությամբ հենապարիսպ (2,5 մետր բարձրությամբ): Ամբողջովին շարվել են գավթի երեք պատերը, վերակառուցվել են գավթի քիվաքարերն ու ամբողջ տանիքը: Վերանորոգվել են եկեղեցու դրսի և ներսի պատերի վնասված քարերը, փոխվել է տաճարի հատակը, վերանորոգվել են խորանի բեմի վնասված քարերն ու զարդաքանդակները:

Գավիթը և տաճարը օժտվել են նոր պատուհաններով և փայտազարդ դռներով (նկ. 3): Կանաչապատվել, սալապատվել է վանքի բակը: Ամբողջովին վերանորոգվել և կահավորվել են միաբանական 8 խցերը, Երեմիա կաթողիկոսի ընդունարանը՝ վանական գրադարանով, սեղանտունը:

Նկ․ 3 Գավթի արևմտյան շքամուտքի դուռը, հեղինակ Ռ. Ասկարյան, 1995 թ., լուս. Հ. Պետրոսյանի:

Պատերազմի ռմբակոծության հետևանքով փլված միաբանական շենքի փոխարեն կառուցվել է նոր, երկհարկանի միաբանական շենք, կահավորվել և օժտվել նոր մասնագիտական միաբանական գրադարանով: Վանքային ողջ համալիրը էլեկտրաֆիկացվել է: Վանքի 2 մուտքերն ամրացվել են երկաթյա նոր դարպասներով: Վանքին կից կառուցվել է երկհարկանի 52 մետր երկարությամբ և 11 մետր լայնությամբ ճեմարանի շենք (նկ․ 4):

Վանքին կից 2015 թվականի նոյեմբերին բացվել է Մատենադարանի արցախյան մասնաճյուղը (նկ. 5): Այն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, որտեղ ցուցադրված են Արցախում և Սյունիքում ստեղծված հարյուրից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրեր, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր: Մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված են դահլիճը, գրադարանն ու ընթերցասրահը:

44-օրյա պատերազմի ընթացքում վանքը չի տուժել:

Նկ. 4 Վանքի նորակառույց ճեմարանի շենքը, լուս. Լ․ Կիրակոսյանի։

Նկ. 5 Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի շենքը, լուս. Հ. Պետրոսյանի:

Գանձասարի վանքն անկախության տարիներին
Մարտակերտի շրջան
Գանձասարի վանքն անկախության տարիներին
Արցախ