Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները

Դադիվանքի պաշտամունքային հուշարձանախմբի չորրորդ եկեղեցին գտնվում է հիմնական եկեղեցական կառույցներից փոքր ինչ առանձնացած, հարավային կողմում՝ սյունասրահի դիմաց (նկ․ 1/5, 2): Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Միակ մուտքը արևմտյան կողմում է: Արևելյան աբսիդի երկու կողմերում տեղադրված են քառակուսի ավանդատներ, որոնք արևելյան ճակատում ունեն փոքրիկ պատուհաններ։ Եկեղեցին կառուցված է քարի և աղյուսի համադրությամբ։ Պատերը շարված են կոպտատաշ որձաքարով, հին սրբատաշ քարերի, խաչքարերի և նույնիսկ ջրաղացաքարի վերօգտագործումով։ Այս ամենը վկայում է, որ այն կառուցվել է քաղաքական ու տնտեսական ծանր պայմաններում։ Կառույցը շինարարական արձանագրություն չունի, կառուցման հավանական ժամանակն է 13-րդ դարի վերջը։ Պատերը որոշ տեղերում ինչպես ներսից, այնպես էլ դրսից սվաղված են։ Շրջանաձև հիմքով գմբեթի թմբուկի շարվածքում իրար հաջորդում են քարի և աղյուսի շարքերը։ Աղյուսի շարվածքն իրականացված է աղյուսների հորիզոնական և «եղևնաձև» շարքերով (նկ․ 3)։ Աղյուսի օգտագործումը քարի հետ միասին 13-րդ դարի կեսերից որոշակի տարածում է ստանում Հայաստանի հոգևոր կառույցներում (Սրվեղ, Կիրանց և այլն), և դրա մի օրինակն էլ տեսնում ենք Դադիվանքում։

Նկ. 1 Վանական համալիրի գլխավոր հատակագիծը, չափագրությունը Ս. Այվազյանի:

Նկ. 3 Փոքր գմբեթավոր եկեղեցու գմբերը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 2 Փոքր գմբեթավոր եկեղեցու տեսքը արևմուտքից, լուս. Հ. Պետրոսյանի։

Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, որը վերականգնվել է 1998-2000 և 2006-2007 թվականներին, վերջին տարիներին, նորից ամրակայման կարիք ուներ: Պարզելու համար հիմքերի վիճակը, վերականգնող մասնագետները ներսում՝ հարավային պատի հիմքը ստուգելիս բացել էին այդ հիմքին զուգահեռ կառուցված գետնուղու մի հատվածը, որը 2017 թ. ենթարկվել է հնագիտական հետազոտության (պեղումների ղեկավար Հ. Պետրոսյան, հնագետ՝ Տ. Վարդանեսովա, ճարտարապետ՝ Ս. Այվազյան, նկ. 4, 5)։ Պեղումները ցույց տվեցին, որ եկեղեցին կառուցվել է հափշտապ, առանց ինժեներական լուրջ հաշվարկի, շինարվեստի ցածր մակարդակով: Հիմքեր չեն փորվել, հաշվի չի առնվել փխրուն գրունտը: Նկատի ունենալով եկեղեցու՝ հրվանդանի եզրին տեղադրված լինելու հանգամանքը, ընդհանուր փուխր գրունտը, ավելի հավանական կարելի է համարել, որ բացված գետնուղին կառուցվել  է գրունտի մեջ կուտակվող ջրերի հեռացման համար:

Համակառույցի զանգակատունը արևմուտքից կից է սյունասրահին: Այն երկհարկանի կառույց է, որի վերին մասը քառասյուն գմբեթավոր ռոտոնդան է՝ մաքուր տաշված քարերից կառուցված բրգաձև վեղարով: Առաջին հարկի հատակագիծն ուղղանկյուն  է, որի հարավային, հյուսիսային և արևելյան պատերը խուլ են, իսկ արևմտյան պատն ունի լայն կամարակապ բացվածք (նկ․ 6): Պատերը շարված են կոպտատաշ որձաքարով, քարերի արանքները սվաղված են: Զանգակատան առաջին հարկի կամարակապ խորանում տեղադրված են վանքի առաջնորդ Տեր Աթանասի 1283 թ. կանգնեցրած խաչքարերը (նկ. 7):

Նկ 4 Փոքր գմբեթավոր եկեղեցու դրենաժային առուն, չափագրությունը Ս. Այվազյանի:

Նկ. 5 Փոքր գմբեթավոր եկեղեցու դրենաժային առուն, լուս. Հ. Պետրոսյանի։

Կրաքարից կերտված զույգ խաչքարերը նախ և առաջ աչքի են ընկնում իրենց սլացիկությամբ։ Սալի նման սլացիկությունը, որի վրա պիտի ստեղծվեր ապագա քանդակը, որոշակի բարդություններ է հարուցել վարպետի համար: Կենտրոնական խաչի ընդունված համամասնությունը պահելու նպատակով՝ նա ստիպված է եղել խաչատակի հիմնական վարդյակին հավելել ավելի փոքրերը, որի հետևանքով հորինվածքի ամբողջականությունը փոքր-ինչ աղճատվել է: Քանդակը, թեև շատ ավելի հարթային է, բայց պահպանված է երկշերտ (ձախ խաչքարի վրա) և եռաշերտ (աջ խաչքարի վրա) փորագրության սկզբունքը: Երկու խաչքարերի քիվերն էլ պատրաստված են առանձին քարակտորներից, ինչը կրկին շեշտում է քիվի անջատվածությունը։ Ձախ քիվի կենտրոնական խորանում քանդակված է Քրիստոսը գահավորակի վրա թեման (նկ. 8): Քանդակն աչքի է ընկնում երկրաչափական ու բուսական մոտիվների հոյակապ համադրությամբ, եզրագոտու ցանցկեն ետնախորքի վրա տեղադրված  ելնդավոր արձանագրությամբ (նկ. 9), որը նոր երևույթ էր խաչքարային արվեստում (Պետրոսյան 2008, 177-180)։ Խաչքարերը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ելնելով իրավիճակից, տեղահանվել են և պահվում են Մայր Աթոռ սբ․ Էջմիածնում։

Նկ. 6 Զանգակատան ընդհանուր տեսն արևմուտքից, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 7 Զանգակատան զույգ խաչքարերը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 8 Զանգակատան ձախակողմյան խաչքարի քիվը, Քրիստոսը գահավորակին, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 9 Մանրամաս զանգակատան աջակողմյան խաչքարից, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 10 Հասան Վախթանգյանի խաչքարը, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 11 Հասան Վախթանգյանի խաչքարի ծածկագիրը, լուս. Հ. Պետրոսյանի։

Գրականություն

  1. ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
  2. Պետրոսյան 1998 – Պետրոսյան Հ., Դադիվանքի ծածկագիր արձանագրությունը, Իրան-նամե, թիվ 1-3, էջ 38-40:
  3. Պետրոսյան 2008 – Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Փրինթինֆո:

Դադիվանքում առկա են բազմաթիվ այլ խաչքարեր։ Դրանց մի մասը կանգնեցվել է Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին, որոնք հավելյալ փաստում են  Դադիվանքի՝ որպես Խաչենի Հաթերքի ճյուղի իշխանների առաջնորդանիստ հոգևոր կենտրոն և միաժամանակ տոհմական գերեզմանատուն լինելու իրողությունը։ Խաչքարերից մեկը (նկ. 10) կանգնեցրել է Խաչենի գահերեց իշխան Հասան Վախթանգյանը 1182 թվականին։ Խաչքարի հարավային կողի արձանագրության մեջ նա հայտնում է իր քառասնամյա իշխանության, մղած պատերազմների, տիրապետության տակ գտնվող բերդերի, ինչպես նաև որդիների և կյանքի վերջին տարիներին Դադիվանքում կրոնավոր դառնալու մասին (ԴՀՎ 5, 198)։ Պաշտոնական արձանագրությունից զատ նա խաչքարի հյուսիսային կողին թողել է իր իսկ ձեռքով գրած մի ծածկագիր (նկ. 11), որում հայտնում է. «Ձեռնայգիր է իմ ՝ Հասա/նայ, եղբայրք, զգա/ստ կացայք։ Ես յա/շխարհայս չետ/արա ոչինչ, հ/աւատաց/այք դո(ւ)ք այլ չտ/անիք» (Պետրոսյան 1998, 38-40)։

Դադիվանքից հյուսիս, լեռան լանջին կան հինգ փոքրիկ մատուռների ավերակներ։ Սրանք ունեն պարզ հորինվածք․ միանավ սրահներ են, երեքը՝ ուղղանկյուն, երկուսը՝ կիսաշրջանաձև խորաններով։ Մուտքեր ունեն արևմտյան կողմից, արևելքում՝ խորանի մեջ բացված մեկ լուսամուտով (նկ. 12)։ Կառուցված են անմշակ քարով և կրաշաղախով, ներքուստ սվաղված են։

Նկ. 12 Վանքի շրջակայքի մատուռներից մեկը, լուս․ Հ. Պետրոսյանի։

Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները
Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները
Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները
Արցախ