Դահրազի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դահրազ գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1862 թվականին։ Արձանագրությունը հետևյալն է․ «1862 ամի| Շնորհօք և ողորմու|թե(ամ)բն Ա(ստու)ծ(ո)յ կառուցաւ ս(ուր)բ| եկեղեցիս յանուն ս(ուր)բ Ա(ստուա)ծածնին։| Արդեամբ արդար վասդակոց Հորից| բարիբաշտօն անձանց Յօհանէս Ադամեա|նց և Սարգիս Ադամեանց։ Դահրազեցուց և Երկուց հարազադ եղբարց Պաղտասարս և Սիմէօ|նի Գաբրիելեան Սեղոմոնեանց, որոց յիշա|տակն օր(հ)նութ(եամ)բ եղիցի ամէն» (նկ․ 2)։
Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Դահրազ գիւղ. հիմնուած է Միրիշալլուից (Սառնաղբյուր) բաւական վերև, դիրքն արևելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, բեղմնաւոր, տեղական բերքերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 95-100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, որ շինուած է հանգուցեալ Դաւիթ Ադամեանի և Բաղդասար Սողոմոնեանի ծախքով, կամարակապ և գեղեցիկ, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 249. իգ. 214» (Բարխուտարեանց 1895, 129)։
Եկեղեցու պատերին ագուցված են ավելի վաղ շրջանի խաչքարեր, որոնք հուշում են, որ այստեղ՝ նախքան ներկայիս եկեղեցին, եղել է ավելի հին սրբատեղի։ Խաչքարերից մեկն ունի արձանագրություն․ «Խաչս| Բաղտաս|ար(ին)» (նկ․ 3)։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով (չափ․ 15x8,1 մետր) միանավ թաղակապ սրահ է, կառուցված կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են որմնասյուները, կամարաքարերը, որմնախորշերի, դռների և լուսամուտների շրջանակները, անկյունքարարերը։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից բարձրացող զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 4, 5)։
Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան կամարակապ որմնախորշեր, որոնք նախատեսված են եղել եկեղեցական և ծիսական իրերի համար: Եկեղեցին ունի բարձր բեմ, որի քառաստիճան անցուղին տեղակայված է հյուսիսային և հարավային եզրերում (նկ․ 6)։
Հյուսիսային պատին՝ ավանդատանը կից, կամարակապ որմնախորշի մեջ մկրտության խաչաձև ավազանն է (նկ․ 7)։
Մուտքը բացված է հյուսիսից։ Լուսավորվել է արևելյան ճակատի երեք փոքրիկ, արևմտյան ճակատի մեկ փոքր ինչպես նաև հարավային և հյուսիսային պատերին բացված մեկական մեծ լուսամուտներով (նկ․ 8, 9, 10)։
Խորհրդային տարիներին բնակիչները եկեղեցին օգտագործել են այլ նպատակներով։ Եկեղեցու տանիքի ծածկասալերը նախնական տեսքով չեն պահպանվել։ Պատերի բարձրացումով երկթեք լանջերի թեքություն ավելացնելով՝ կղմինդրածածկը փոխարինել են մետաղական թիթեղներով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Դահրազ գյուղն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գտնվել է մարտական թեժ գործողությունների գոտում, ենթարկվել է ուժգին հրետակոծության և գնդակոծության։ Գյուղի բնակելի շինությունները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանները ահռելի վնասներ են կրել։ Եկեղեցու պատերին առկա են ճաքեր, հատկապես արևելյան պատի կենտրոնական հատվածում վերից վար տարածված ճաքը մեծ վտանգ է առաջացրել թաղածածկի համար (նկ․ 11)։
Եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում։ 2020 թվականի պատերազմի ժամանակ հուշարձանը չի վնասվել։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Դահրազի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ