Եղցահողի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող գյուղի կենտրոնում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Ն. Սիմոնյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու կառուցման մասին ստույգ վկայություն չկա: Սովորաբար նշվում է, որ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 18-19-րդ դարերում (Բալայան, 2020, 571): Հայտնի է, որ նախկինում այս տարածքները բնակեցված էին: Սակայն գյուղի ներկայս տարածքում բնակիչները սկսել են հաստատվել 20-րդ դարի սկզբին: Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի 19-րդ դարի գյուղական եկեղեցիներին բնորոշ հատակագիծ և արտաքին տեսք: Հաշվի առնելով ներկայիս գյուղի տարածքում վերաբնակվելու մասին տվյալները, կարելի է ենթադրել, որ եկեղեցին թերևս հենց 20-րդ դարասկզբին է կառուցվել կամ էլ վերակառուցվել է նախկինից եղած եկեղեցին, ինչպես վկայում են տեղացիները (Բալայան, 2020, 569-570):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին միանավ թաղածածկ, ուղղանկյուն սրահ է: Կառուցված է կոպտատաշ փոքր ու միջին քարերից, կրաշաղախով:  Սրբատաշ են միայն անկյունաքարերը, լուսամուտների և մուտքի եզրագոտիները, մուտքի բարավորը: Միակ մուտքը հարավային կողմից է: Բարավորին արձանագրություն չկա, փորագրված է պարզ խաչ: Եկեղեցին չունի հարդարանք, զուսպ է և պարզ: Ներքուստ պատերը սվաղված են (նկ. 2): Մուտքի աջ կարելի է տեսնել մեծ լուսամուտ:

Նկ. 2 Հատված եկեղեցու ներսույթից, լուս.՝ Ն. Սիմոնյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին թեև չի տուժել Արցախյան պատերազմի տարիներին, սակայն խորհրդային տարիներին նրա վրա կառուցվել է երկրորդ հարկ: Եկեղեցու շինությունը օգտագործվել է տնտեսական նպատակներով: Բացվել են նոր՝ ուղղանկյուն լուսամուտներ, եկեղեցու ներսույթը աղճատված է՝ չկա խորանը, բեմը: Եկեղեցու կենտրոնում և պատերին զուգահեռ տեղադրված են փայտե սյուներ՝ փայտե ծածկը պահելու համար:

Գրականություն

Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:

Եղցահողի Սբ. Աստվածածին եկեղեցին
Եղցահողի Սբ. Աստվածածին եկեղեցին
Եղցահողի Սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ