Երից մանկանց վանքը

Տեղադրությունը

Երից մանկանց վանքը գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ պատմական Ջրաբերդից 5,0 կմ հեռավորության վրա՝ կուսական անտառներով ծածկված Մռավի լեռնաշղթայի հարավահայաց բազուկներից մեկի լանջին՝ Թրղի գետակի ձախափնյա հրվանդանի վրա: Վանական համալիրից վեր՝ նրան շատ մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խոտորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը: Վանքի ներքևում՝ Ջրաբերդն է։ Համալիրը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, ճանապարհը դեպի վանք անցնում է բավական խիտ անտառածածկ տարածքով՝ փոքր-ինչ դժվարանցանելի դարձնելով այն (նկ. 1):

Նկ. 1․ Երից Մանկանց վանքի ընդհանուր տեսքը՝ վերևից դիտված, լուս․ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Պատմական աղբյուրներից պարզ է դառնում, որ Երից մանկանց վանական համալիրը կառուցվել է նպատակ հետապնդելով խաթարել Աղվանից կաթողիկոսության համախմբվածությունը, որը կետրոնացած էր Գանձասարի վանքի շուրջ:

Վանքի եկեղեցու կառուցման մասին հայտնում է հարավային մուտքի ճակատակալի արձանագրությունը. «Ի։ ՌՃԽ։ թվիս, ի ժամանակս շահ Սուլ/էյմանին մեծի արքային պարսից/ ես Սիմեօն շնորհիւն Ա[ստուծո]յ կ[ա]թ[ո]ղ[ի]կոս Աղուանից շինեցի զեկեղեցիս ընդ/ հարազատ եղբարբ իմով Իգնատիոսի վ[ա]րդ[ա]պ[ե]տին, որ եմք որդիք Սարգիս քահանայ[ի]ն/ Մեծշինեցոյ: Յաղօթս յիշեցէք/՝ որդիք Նոր Սիօնի, ի մտանելն/ եւ յելանելն դրանս տ[է]րունի. ամէն» (ԴՀՎ 5, 96-97): Արձանագրությունից պարզ է դառնում, որ համալիրի կառուցումը հովանավորություն է ստացել պարսից շահի կողմից և 1691 թվականին կառուցել են Ջրաբերդ գավառի Մեծ Շեն գյուղի Սարգիս քահանայի որդի Սիմեոնը (Աղվանից հակաթոռ կաթողիկոս․ գահակալել է մինչև 1705 թվականը) և նրա եղբայրը՝ վարդապետ Իգնատիոսը (նկ․ 2): Եկեղեցու հյուսիսային պատի արևելյան մույթի վրա պահպանված եռատող արձանագրությունն էլ` «Շինօղ եւ վարպետ եկեղեցւոյս ուստա/ Սարգիսն յիշեցէք ի Ք[րիստո]ս», հաղորդում է, որ ճարտարապետը Սարգիսն է (ԴՀՎ 5, 97)։ Սիմեոնը կառուցել է եկեղեցին ու սկիզբ դրել այն կատաղի վեճերին ու հակառակության, որ շարունակվել է իր հաջորդ՝ Ներսես կաթողիկոսի օրոք (Կարապետյան 1985, 229)։ Սիմեոնի և Գանձասարի Երեմիա կաթողիկոսի (1676-1700 թթ․) միջև ծագած անհաշտ պայքարը հարթելու միտումով հանդես է եկել էջմիածնի Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը (1691-1705 թթ․)։ Ինքնակոչ Սիմեոն կաթողիկոսը պարտավորվել է, որ իր տոհմից այլևս ոչ ոք չպետք է կաթողիկոս դառնա։ Սակայն 1705 թվականին, հակառակ Սիմեոնի խոստման ու ստորագրության, նրան հաջորդած՝ իր ազգական Ներսեսը (գահակալել է մինչև 1736 թվականը) ավելի սրել է հակամարտությունը Գանձասարի Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանցի հետ: Երկու տարի անց՝ 1707 թվականին, դարձյալ երկու կաթողիկոսները կանչվել են էջմիածին և Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցին (1706-1714 թթ․), հանգամանորեն քննելով հարցը, նզովել է Ներսեսին և օրինական կաթողիկոս հայտարարել Եսայուն (Լեո 1973, 116)։ Սակայն Եսայի կաթողիկոսր, ճիշտ ըմբռնելով ձգձգվող թշնամությունից հայոց ընդհանուր գործին հասցվող վնասները, հաշտվել է Ներսեսի հետ, որից հետո Երից մանկանց վանքում կաթողիկոս է հռչակվել Ներսեսի քրոջ որդի Իսրայելը (1728-1763 թթ.), այնուհետև՝ Սիմեոնի եղբորորդի՝ Սիմեոն փոքր կաթողիկոսը, որը ևս Խոտորաշենցի էր և գահակալել է մինչև 1819 թվականը (Րաֆֆի 1964, 229)։

Առավել հին թվակիր խաչքարերի առկայությունր վանքի պատերի մեջ եկեղեցու կառուցումից առաջ տեղում գերեզմանոցի, գուցե և եկեղեցու կամ մատուռի գոյության ապացույց է (Կարապետյան 1985, 230)։ Հյուսիսարևելյան ավանդատան հյուսիսային պատի խորշի մեջ տեղադրված խաչքարի վրա կա հետևյալ արձանագրությունը․ «Թ[վ] ։ՌԻ։ (1571 թ.). Մ[եժ]լ[ու]մ»։ Փոքր եկեղեցու հարավարևելյան ավանդատան հարավային խորշի մեջ կարդում ենք «Ս[ուր]բ խաչս Շ[ա]հ/ու/մին/, Մելքո[ւ]մին/: Թվ. ։ՌԿԻԹ։ (1620 թ.)» (ԴՀՎ 5, 98)։

Հայտնի է նաև, որ 1854 թվականին վանքն արդեն չուներ ոչ մի կալվածք և համարյա ամայի էր (Լեո 1985, 126)։

Նկ․ 2 Եկեղեցու հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրությունը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Երից մանկանց վանքը բաղկացած է եկեղեցուց, սեղանատնից, աշխարհիկ շենքերից, որոնցից մեկը, որ պաշտպանված է անկյունային կլոր աշտարակով, հավանաբար վեհարանն է (Հարությունյան 1992, 398) ու գերեզմանոցից (նկ. 3): Տարածքը հարավարևմտյան և հյուսիսարևմտյան կողմերից շրջապատված է պարսպապատերով, որոնց հիմքերն են պահպանվել։ Հարավարևմտյան կողմից համալիրին սահմանակից է Թրղի գետակի խոր ձորը։ Համալիրում կենտրոնական դիրք ունի եկեղեցին. սեղանատունը տեղադրված է եկեղեցուց հյուսիս-արևելք մոտ 15,0 մետր հեռավորությամբ, իսկ վեհարանը համարյա կից է եկեղեցու հարավարևելյան անկյանը, ցածրադիր տեղում, այնպես, որ դրա հողածածկ կտուրը կազմում է եկեղեցու հարավակողմյան բակի շարունակությունը դեպի ձորեզր:

Նկ. 3 Վանքի գլխավոր հատակագիծը, չափագրությունը՝ Ս. Կարապետյանի:

Վանական համալիրի տարածքում պահպանված բազմաթիվ բնակելի սենյակները, վանականների կացարանները, դահլիճներն՝ իրենց բուխարիներով, խոսում են Երից մանկանց վանքի միաբանության զգալի թվակազմի մասին։

Հատակագծային և ծավալատարածական հորինվածքով վանքի եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է։ Աղոթասրահի կենտրոնում, տեղադրությամբ փոքր ինչ ավելի մոտ արևմտյան պատին, գտնվում են չորս գմբեթակիր մույթեր, (որոնցից արևմտյան զույգը կտրվածքում խաչաձև է, իսկ արևելյան շարքի զույգը՝ քառակուսի), որոնց վրա «հանգչում»  է վեհաշուք գմբեթը։ Աղոթասրահն ավարտվում է ավագ խորանով, որի կիսաշրջանաձև պատում ամփոփված են 7 խորշեր։ Դրանցից ձախակողմյանն աչքի է ընկնում շքեղ հարդարանքով. ետնապատը հարդարված է ավելի վաղ խաչքարերի վերօգտագործմամբ, եզրագոտին ունի ժամանակի եկեղեցիների շքամուտքը հիշեցնող շքեղ շթաքարերին նմանվող քանդակներ (նկ. 4): Նման եզրագոտի ունի և մկրտության ավազանը: Խորանի երկու կողմերում հատակագծում ուղղանկյունաձև և կրկնահարկ ավանդատներ են։ Երկրորդ հարկի ավանդատնից տանող քարե աստիճաններով նեղ դուռը բացվում է խորանի մեջ, սակայն հատակին չի հասնում, իսկ մնացած մասի համար օգտագործվել են կախովի սանդուղքներ: Ուշ միջնադարի եկեղեցիներում երկրորդ հարկի ավանդատների նման լուծում ունեցող եկեղեցիների հանդիպում ենք Արցախի այլ վայրերում ևս. Ծակուռիի Ծաղկավանք  (Kirakosyan 2023, 111-112), Պտկեսբերքի Սուրբ Գևորգ և այլն (Կարապետյան 1985, 120):

Խորանի կենտրոնում պահպանվել է վեմ քարը։ Հյուսիսային պատի մեջ ներսից, իր ավանդական տեղում է մկրտարանը: Սրահը եղել է սալահատակված, ամբողջությամբ պահպանվել է արևելյան կեսը:

Եկեղեցու գմբեթը բարձրանում է չորս քառակուսի և խաչաձև հատույթով սյուների և դրանք միմյանց օղակող կամարների վրա: Կամարներն էլ ունեն շեշտված սլաքաձևություն (նկ․ 5): Գմբեթի թմբուկն ու համապատասխանաբար վեղարը ութանիստ են։ Թմբուկի պատերին կան մեկական լուսամուտներ, որոնք եկեղեցու աղոթասրահի համար լուսառատություն են ապահովում։ Թմբուկի պատերը հարդարված են դեկորատիվ կամարներով։ Վեղարի խնձորակի ծայրին ամրացված խաչն իր տեղում պահպանված է։

Եկեղեցու աղոթասրահի ընդարձակությունն ու վեհությունը ընդգծվում է դեպի վեր սլացող սյուների շքեղությամբ, աղեղնաձև խաչվող կամարների թեքությամբ, թմբուկի խոշոր լուսամուտներից ներս թափանցող արևի ճառագայթների խորհրդավորությամբ (նկ. 6), բեմաճակատի ընդարձակ երկաթագիր վիմագրով, տասնյակ մեծ ու փոքր խաչքարերի, պատուհանների առկայությամբ:

Նկ․ 4 Եկեղեցու խորանը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 5 Եկեղեցու ծածկի համակարգը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 6 Եկեղեցու գմբեթը՝ ներսից դիտված, լուս․ Հ. Պետրոսյանի:

Սրբատաշ քարերով են շարված եկեղեցու ճակտոնները (բացառությամբ արևմտյանի), որոնք հարդարված են քանդակազարդ ռելիեֆ խաչքարերով։ Ճարտարապետական հարդարանքով հարուստ է հարավային ճակատը, որտեղ կամարակապ շքամուտքն է և երեսակալված լուսամուտը (նկ․ 7)։ Բացի նշվածներից սրբատաշ քարերն օգտագործված են կոնստրուկտիվ տեսակետից պատասխանատու տեղերում՝ անկյուններում, մույթերում, դրանք միացնող կամարներում, խորանում, գմբեթարդում, առագաստներում, թմբուկում։

Երից մանկանց վանքն ունի հորինվածքային առանձնահատկություններ։ Եկեղեցու գմբեթը գտնվում է ոչ կենտրոնական հատվածում՝ այլ տեղաշարժված է դեպի արևմուտք (նկ․ 3): Սակայն այս՝ ոչ այնքան ավանդական լուծումը չի նկատվում, որովհետև ճարտարապետը եկեղեցու միակ մուտքը բացել է հարավային կողմից և ներս մտնելիս տպավորություն է ստեղծվում, թե գմբեթը գտնվում է աղոթասրահի կենտրոնում: Բացի այդ, գմբեթի ութ կամարների և եկեղեցու վերին ճակատային հատվածի սովորականից բարձրադիր հորինվածքը վերասլացություն է հաղորդում կառույցին և առաջին տպավորությամբ թվում է, թե գմբեթը եկեղեցու հիմնային պատերի հետ համեմատած ավելի փոքր է: Այս հնարքի և վանքի բարձրադիր տեղանքի ընտրման շնորհիվ, Երից մանկանց համալիրը երևում է Ջրաբերդ ամրոցից: Եթե հիշենք, թե ինչ նպատակով էր կառուցվել վանքը՝ Աղվանից կաթողիկոսությունը թուլացնելու և Գանձասարի վանական համալիրը գերազանցելու համար, ապա միանգամայն պարզ է դառնում, թե ինչու էր այդքան կարևոր վանքի բարձրադիր տեղանքն ու վեր ձգվող հորինվածքը, որին ձգտել են հասնել կառուցողները: Ճարտարապետը ձգտել է նաև եկեղեցին արտաքուստ նմանեցնել Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն:

Նկ. 7 Եկեղեցու ճակատը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Երից մանկանց վանքի սեղանատունը պարզ շինություն է՝ բաղկացած ճաշասրահից և դրան կցված նախասրահից ու խոհանոցից։ Ճաշասրահի երեք պատերում խորշեր կան, իսկ ձորահայաց պատում՝ կամարակապ երեք լուսամուտներ։ Ճաշադահլիճը թաղածածկ է, թաղակիր երկու կամարների վրա։ Պատերի մեջ կան պատրհաններ և բուխարիներ (նկ․ 8)։

Վեհարանին վերագրվող կառույցը բաղկացած է դեպի բակը բացվող թաղակապ սրահից, որի ներսում դռները տանում են դեպի սրահի երկու կողմերում դասավորված բնակելի սենյակներ (նկ․ 3)։ Սրանք պատերում ունեն պատրհաններ և բուխարիներ, ինչպես որ կան սեղանատանը։ Սենյակների հաջորդ խումբը գտնվում է եկեղեցու հարավային պատի մակարդակից ցած և բաղկացած է իրար հաջորդող երկու ուղղանկյուն դահլիճներից։ Երկրորդ՝ ամբողջովին հողի մեջ թաղված սրահի ձախ կողմում տեղադրված է շրջանաձև հատակագծով մեծ դահլիճը՝ վեհարանը։ Վերջինս իր տեսակի մեջ եզակի կառույց է։ Այս սրահի միակ լուսամուտից երևում է Ջրաբերդը և Թրղի գետի գեղատեսիլ հովիտը։

Նկ. 8 Վանքի սեղանատունը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Վանքում պահպանված արձանագրությաններից մեկն էլ վկայում է, որ այստեղ եղել են նաև դպրատուն, բնակելի այլ սենյակներ, որոնք նկուղներ են ունեցել՝ ծառայելով որպես պահեստներ և թաքստոցներ: Սրանք փլված են։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Երից մանկանց վանքը որպես վանք-ամրոց մեծ դեր է խաղացել 18-րդ դարի սկզբին Արցախում ծավալված ազատագրական պայքարում:

Առաջին Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսին Ադրբեջանի կողմից Գյուլիստանի գրավումից հետո տեղի շուրջ 14 հազար հայ բնակչությունը ոտքով ճանապարհվել է դեպի Մարտակերտի շրջան։ Այդ խմբից մոտ 2-3 հազարը անտառներով անցնելու ժամանակ հասել է Երից մանկանց վանք և ապաստան գտել վանքի տարածքում՝ մինչև օգնական խմբերի ժամանումը:

Վանքի շինությունները մեզ են հասել բավական խաթարված վիճակում։ Աշխարհիկ կառույցների մի մասն ավերված է, կամ՝ փլատակների վերածված։

Արցախյան առաջին պատերազմից հետո Երից մանկանց վանքում սկսվել էին մասնակի վերականգնման աշխատանքները։ Ընթացքի մեջ էր եկեղեցու տանիքի սալերի նորոգման և ճակատների ամրացման գործընթացը (նկ․ 9)։ Դրանք ընդհատվել են երկրորդ արցախյան պատերազմի իրադարձություններով պայմանավորված։ Ադրբեջանին սահմանամերձ լինելու հանգամանքը խոչընդոտում է վանքի համալիր հետազոտությամբ զբաղվելու գործին՝ չնայած որ համալիրը խիստ վտանգված վիճակում է և կանխարգելիչ ամրացումների, հետագա ուսումնասիրության և վերականգնման աշխատանքների հրատապություն ունի։

Նկ․ 9 Եկեղեցու վերանորոգման ընթացքըը, լուս․ ըստ ArmGo. AM կայքի։

Գրականության ցանկ

  1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս․ Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։
  2. Լեո 1985 - Լեո, Իմ հիշատակարանը. Թարթառ և Մռավ, Լեո, Երկեր, հ. 8, էջ 97-140, «Սովետական գրող» հրատ., Երևան։
  3. Լեո 1973 - Լեո, Հայոց պատմություն, Լեո, Երկերի ժողովածու, հ․ 3, գիրք 2-րդ, «Հայաստան» հրատ., Երևան։
  4. Կարապետյան 1985 - Կարապետյան Ս․, XVII դարի երկու վանական համալիր Արցախում, ՊԲՀ, թիվ 1, Երևան։
  5. Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ․, Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան։
  6. Հարությունյան 1992 - Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, 2004, «Լույս» հրատ․, Երևան:
  7. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
  8. Րաֆֆի 1964 - Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ․10, Երևան։
  9. Lyuba Kirakosyan 2023 - Kirakosyan L. “Albanization” of Artsakh Monuments as One of the Manifestations of Anti-Armenian Discourse in Azerbaijan։ The Example of Tsaghkavank, Lectures Croisées des Discours Hiatus entre Réalités Sociopolitiques, Récits de Mémoire et Approches Interprétatives Yerevan State University, Department of Translation Studies, Translation Studies: Theory and Practice, International Scientific Journal, Special Issue 1, Yerevan, 108-116.
Երից մանկանց վանքը
Երից մանկանց վանքը
Մարտակերտի շրջան
Արցախ