Երկաթավորքի կամուրջը
Տեղադրությունը
Կամուրջը (նկ. 1, 2) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երկաթավորք գյուղում՝ Քաշունի գետի վրա (Կարապետյան 2009, 132): Խորհրդային տարիների վարչական բաժանմամբ՝ կամուրջը գտնվում էր Ղուբաթլուի շրջանի Դամրչիլար (գյուղի հայկական անվան թարգմանությունը) գյուղի վարչական սահմաններում (Կարապետյան 1999, 192-194): Ինչպես և ամբողջ շրջանը, գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի։
նկ. 3 Կամրջի շինարարական արձանագրությունը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը միաթռիչք է (նկ. 4), կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով: Կամրջի լայնությունը 3,10 մետր է, կամարի թռիչքը՝ 9,15 մետր, իսկ բարձրությունը գետի մակարդակից՝ 5,50 մետր (Կարապետյան 2009, 132):
նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս. Զ. Ըռքոյանի։
Պատմական ակնարկ
Համաձայն կամրջի վրայի արաբերեն շինարարական արձանագրության, որն արված է երկու առանձին քարերի վրա (նկ. 3), կամուրջը կառուցվել է 1912-1913 թվականներին: Արձանագրության արաբերեն ընթերցումները տրվում են ըստ Րաֆֆի Քորթոշյանի, ով նաև արձանագրությունների առաջին ընթերցողն է: Ընթերցվում է կառուցող վարպետներից մեկի՝ Միքայելի անունը. «…սրա մեջ մասնակցել է ընտրանի…, որոնցից է Միքայելը…»: Որպես կամրջի պատվիրատու հիշատակվում է Սամայի որդի Մահ-Պետը. «Կառուցվել է Սամայի որդի Մահ-Պետի բարերարությամբ…, Աստված լավությամբ վարձատրի, թվին 1331 (1912-1913)» (Կարապետյան, 2009, 132): Նախքան արաբերեն արձանագրությունների ընթերցումը կամուրջը մոտավոր կերպով թվագրվել է 17-18-րդ դարերով (Կարապետյան 1999, 192):
նկ. 4 Կամրջի չափագրությունը, լուս. ՀՃՈՒ հիմնադրամի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Կամուրջը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, այն նորոգվել է 1990 թվականին պատմական կառուցվածքին անհարիր ցեմենտ-բետոնով (Կարապետյան 1999, 194):
Գրականություն
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
- Կարապետյան 2009 - Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Ղուբաթլուի շրջան
Արցախ