«Ըղեն Նահատակ» վանքը

Տեղադրությունը

Վանքը գտնվում է Կարմիր գյուղից (Դռնավազ) 3 կմ հյուսիս-արևմուտք, բլրակի վրա (նկ. 1):

2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:

Նկ. 1 Վանքի ընդհանուր տեսքը, լուս․ Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Վանքը հայտնի է նաև «Խաչին տակ» անվամբ։ Կառուցման վերաբերյալ ստույգ տվյալներ հայտնի չեն։ Այսօր պահպանվել է եկեղեցին, հյուրատունը, գերեզմանոցը:

Ըստ տարածված ավանդազրույցներից մեկի, վանքն Ըղեն նահատակ անունը ստացել է տեղում թշնամինների կողմից հղի կնոջը սպանելուց հետո, այն է՝ հղեն կամ ըղեն նահատակ: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն էլ, Լենկ Թեմուրի դեմ մարտերում շատերի հետ նահատակվել է և նաև գյուղի աղան (տանուտերը), որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի վրա, նրա հիշատակին կառուցել եկեղեցի և այն անվանել Ըղեն նահատակ՝ աղան նահատակ: Եկեղեցուց արևմուտք՝  մուտքի դիմաց 1861 թվականին ուխտավորների համար կառուցվել է հյուրատուն (ՀԱՍԵ Արցախի թեմ, Աղին Նահատակ, նկ. 2):

Նկ. 2 Հյուրատունը, լուս. Ա. Գրիգորյանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին միանավ փոքր չափերի սրահ է (6.8 x 5.3 x 5.8 մետր)՝ կառուցված  կոպտատաշ կրաքարե խորանարդներով և սպիտակ թերթաքարե երկարավուն ու տափակ սալերով՝ կրաշաղախի հիմքի վրա: Պատերին ամրություն տալու նպատակով կանոնավոր խորանարդներով շարվածքը տեղ-տեղ ընդմիջարկվում է տափակ սալերի թեք շարքով: Մուտքը կառուցված է սև ավազաքարե սրբատաշ քարերով (նկ. 3):

Նկ. 3 Եկեղեցու մուտքը ներսից, լուս․ Ա. Գրիգորյանի։

Թաղը հենվում է հարավային և հյուսիսային պատերի վրա արված հորիզոնական պահունակաշարի վրա (նկ. 4): Պահունակը, թաղը և գմբեթարդը իրականացված են համակ սրբատաշ սալերով (նկ. 5): Թաղի և գմբեթարդի նման դասական իրականացումը թույլ է տալիս եկեղեցու նախնական կառույցը վերագրել 12-13-րդ դարերին: Դատելով արևմտյան պատի մեջ ընդելուզված խաչքարերով, այն հետագայում վերանորոգումների է ենթարկվել:

Նկ. 4 Եկեղեցու թաղի հյուսիսային հատվածը, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Եկեղեցու գմբեթարդը, լուս. Ա. Գրիգորյանի։

Եկեղեցուն արևմուտքից կից, հարավային մուտք ունեցող հյուրասրահը, իրենից մի յուրօրինակ «պատկերասրահ է ներկայացնում՝ խաչքարերի, խաչանշան կոթողների և տապանաքարերի համատարած օգտագործումով: Ընդ որում, խաչքարերի մեջ կարելի է առանձնացնել ինչպես 9-10 րդ դարերի (նկ. 6), այնպես էլ 12-13-րդ դարերի և 16-17-րդ դարերի խաչքարեր, 16-17-րդ դարերի տապանաքարեր: Առանձնակի հիշատակելի են հյուսնի պատկերաքանդակով (նկ. 7) և զինված հեծյալի ու խնջույքի տեսարանով (նկ. 8) 12-13-րդ դարի երկու խաչքարերը, մոր և երեխաների քանդակով և հերկի տեսարանով տապանաքարերը (նկ. 9, 10):

Եկեղեցուց մոտ 100 մետր հեռավորության վրա տարածվում է գերեզմանոցը՝ խաչքարերով և տապանաքարերով:

Նկ. 6 Խաչքար, 9-10-րդ դարեր, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 7 Խաչքար, 12-13-րդ դարեր, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 8 Խաչքար, 12-13-րդ դարեր, լուս. Ա. Գրիգորյանի:

Նկ. 9 Տապանաքարային պատկերաքանդակ, 16-17-րդ դարեր, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 10 Տապանաքարային պատկերաքանդակ, 16-17-րդ դարեր, լուս. Հ. Պետրոսյանի:

Եկեղեցուց քիչ հեռու ժամանակին գտնվել է որմնափակ խաչքար: Վերջինիս արձանագրությունն էր. «Թվ [ին]։ ՇԻ։ (1071). Կամաւ ամենակալին Աստուծոյ ես .... Գրիգոր ...Աստուծոյ միաբան եղբարքս ... զխաչս իշխանութեան .... հայրապետութեան Օհանէսի, տէր Ներսէսի... աղաւթեցէք»։ (Բարխուտարեանց 1895, 131; ԴՀՎ 1982, 146)։

Մատենագրական քննություն

Եկեղեցուն առաջինն անդրադարձել է Մակար Եպիսկոպոս Բարխուտարեանցը։  (Բարխուտարեանց, 1895, 131)։ 1982 թվականին հրատարակված «Դիվան հայ վիմագրության» 5-րդ հատորում անդրադարձ է կատարվում արձանագիր խաչքարերին, սակայն այստեղ ներակայացված են Բարխուտարյանցի ընթերցումները, հավանաբար կազմողները տեղում չեն աշխատել։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Հուշարձանը արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով չի տուժել։ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո հուշարձանի վիճակի մասին որևէ բան հայտնի չէ։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
  2. ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության,պրակ 5, Արցախ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1982։
  3. ՀԱՍԵ Արցախի թեմ, Աղին Նահատակ - https://artsakhdiocese.am/churches/gortsox/khonarhvats-kisaver-himnaver/askerani-shrjan/aghin-nahatak-kam-khachin-tak
«Ըղեն Նահատակ» վանքը
«Ըղեն Նահատակ» վանքը
Կարմիր գյուղ
Արցախ