Թաղավարդի Բերդահոնջ ամրոցը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից մոտ 2,5 կմ հարավ-արևելք, չորս կողմից առանձնացված մի ձվաձև լեռան վրա։ 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Պատմական ակնարկ

Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ որևէ պատմական տեղեկություն հայտնի չէ։ Տարածքում պատահական գտածոները վերաբերում են 8-13-րդ դարերին։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Ժայռազանգվածը շրջափակված է 4-9 մետր բարձրության կրկնապարիսպներով և զբաղեցնում է մոտավորապես 2370 մ2 տարածք (նկ. 1-3)։ Կոպտատաշ քարերով կառուցված պարիսպներն ունեցել են աշտարակներ, որոնք ամբողջությամբ չեն պահպանվել։ Ամրոցի միակ մուտքը հյուսիս-արևելյան կողմից է, որտեղից անցում է կատարվում նախ պարսպի առաջին շարք, որից հետո՝ միջնաբերդ։ Պահպանվում են նաև այլ շինությունների հետքեր և ամրոցապատերի առանձին հատվածներ, ինչպես նաև շուրջ 5 մետր խորությամբ ջրամբարը։ Ջրամբարի և այն սնուցող աղբյուրների մասին վկայում է նաև Մ. Բարխուդարյանցը  (Բարխուտարեանց 1895, 135)։

նկ. 1 Ընդհանուր տեսարան ամրոցից, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

նկ․ 3 Ընդհանուր տեսարան ամրոցից, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

նկ․ 2 Ընդհանուր տեսարան ամրոցից, լուս․ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Նախքակն պատերազմը հուշարձանը կիսավեր վիճակում էր գտնվում, բացակայում էին պատերի և աշտարակների որոշ հատվածներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թաղավարդ գյուղի շրջակայքում թեժ մարտեր են ընթացել, իսկ գյուղի մեծ մասն այժմ գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես և դրանից հետո հուշարձանի վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները շատ սակավ են։ Արդեն կիսաքանդ ամրոցի մասին տեղեկություններ են պահպանվել միայն Մ. Բարխուդարյանցի աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 134-135)։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Թաղավարդի Բերդահոնջ ամրոցը
Թաղավարդի Բերդահոնջ ամրոցը
Թաղավարդի Բերդահոնջ ամրոցը
Արցախ