Թաղոտի աղբյուրը

Տեղադրությունը

Գտնվում է Հադրութի շրջանի Թաղոտ գյուղի կենտրոնում (նկ. 1)։

Նկ. 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էլեկտրոնային շտեմարանի։

Պատմական ակնարկ

Աղբյուրը կառուցվել է 1738 թվականին, Սյունյաց աշխարհի Աղվերծ գյուղից սերող և 1719-ին Թաղոտում հաստատված խոջա Ղազարի նախաձեռնությամբ, իր, ինչպես նաև  իր մոր՝ Մարեանի և իրենց ննջեցյալ ազգականների հիշատակին, ինչի մասին և վկայում է շինարարական արձանագրությունը (նկ․ 2). «Այս է աղբուրս ղափանեցի/ եւ Աղվէրծու խօճայ Ղազարի/ն, որ եկ ի Դզաղ՝ Թաղօտ գեղն, Ռ/ՃԿԸ (1719) էր։ Շինեցի յիշատակ ննջ/եցելոց իմոց ազգականաց Ղազ/արին, մայր իւր՝ Մարեանին, սոքայ/ են աշխատաւորքն, թվ(ի)ն ՌՃՁԷ (1738)» (Աբրահամյան 2021, 60)։

նկ. 2 Աղբյուրի արձանագրությունը, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Թաղակապ շինություն է, կառուցված է կրաքարով և կրաշաղախով։ Կամարը, պատերի անկյունաքարերը սրբատաշ են։ Նավը բացակայում է։ Ունի 2 մետր լայնություն, 2․1 մետր բարձրություն։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Աղբյուրը  վաղուց խափանված էր և չէր օգտագործվում, ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Աբրահամյան 2021 – Աբրահամյան Է․, Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները, Վարձք, թիվ 15, Երևան։

2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Թաղոտի աղբյուրը
Թաղոտի աղբյուրը
Հադրութի շրջանի Թաղոտ գյուղ
Արցախ